Եգիպտացորենի կողրերի նիգրոսպորոզ

Եգիպտացորենի կողրերի նիգրոսպորոզ, սնկային հիվանդություն։ Հարուցիչը Nigrospora oryzae (հազվադեպ՝ N. sphaerica) անկատար սունկն է։ Նկատվում է կողրերի վրա՝ հատիկի կաթնային հասունացման սկզբից մինչև լրիվ հասունացումը։ Ուժեղ ախտահարման դեպքում կողրերը և հատիկները թերզարգացած են և թեթևաքաշ, ճեղքվում են երկարությամբ (բուն կոթառի հետ մեկ տեղ)։ Հատիկների հիմքի մասում և կոթառի հյուսվածքներում, հատկապես ստորին մասում առկա են սպորների բազմաթիվ սև կույտեր։ Կողրերը վարակվում են հասունացման շրջանում։ Պայքարի միջոցառումները. հատիկի ժամանակին բերքահավաք, սերմերի տրամաչափում և կենտրոնացված վարակազերծում, ցանքի լավագույն ժամկետներում դաշտերից բուսական մնացորդների հեռացում, աշնանավար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։