Դիֆրակցիան (լատիներեն՝ diffractus — բեկված, կոտրված) ուղղագիծ տարածումից ալիքների շեղման և այդ շեղումն առաջ բերող խոչընդոտների շրջանցման երևույթ։ Հատուկ է բոլոր ալիքային պրոցեսներին։

Կարմիր լազերային ճառագայթի դիֆրակցիոն պատկեր։ Ստացվել է շրջանաձև անցքի միջով ճառագայթը մի թիթեղից մյուսին ուղղելիս։

Բացատրություն

խմբագրել

Ալիքների դիֆրակցիայի որակական բացատրությունն առաջին մոտավորությամբ տրվում է Հյույգենս-Ֆրենելի սկզբունքով։ Ըստ այդ սկզբունքի, տարածման միջավայրի յուրաքանչյուր կետ, որին հասել է ալիքը, կարելի է համարել նույն փուլով տատանվող երկրորդային ալիքի կետային աղբյուր։ Եթե ալիքի ճանապարհին տեղավորենք փոքր անցքով արգելք (ալիքի երկարության կարգի տրամագծով), ապա այդ անցքի յուրաքանչյուր կետ կդառնա երկրորդային ալիքի աղբյուր։ Եթե անցքի չափերը փոքր են ալիքի երկարությունից, ապա բոլոր կետային աղբյուրները համընկնում են անցքի կենտրոնում գտնվող աղբյուրին։ Այդ աղբյուրի առաքած ալիքի hետ տարածվող մասն ընկնող ալիքի հետ առաջացնում է ինտերֆերենցիա, իսկ արգելքի մյուս կողմում տարածվում է կիսաշրջանաձև ալիքը՝ թափանցելով նաև երկրաչափական ստվերի տիրույթը։ Անցքի չափերի մեծացման հետ մեկտեղ պատկերն աստիճանաբար փոխվում Է։ Ալիքի երկարությունից մեծ չափեր ունեցող անցքից ալիքները դուրս են գալիս առանց շեղվելու ուղղագիծ տարածումից աննշան ճապաղում է դիտվում միայն ալիքի կտրված մասի եզրերում, այսպիսի դեպքերում ալիքները կարելի է պատկերել որպես ճառագայթներ։

Դիֆրակցիան բնութագրելու համար պետք է իմանալ ընկնող ալիքի երկարությունը և արգելքի կամ անցքի չափը։ Եթե հարաբերությունը մեծ է մեկից ալիքի երկարությունը մեծ է անցքի չափից, խախտվում է ալիքների ուղղագիծ տարածումը և ստացվում է դիֆրակցիոն պատկեր։ Դիֆրակցիայի երևույթն ակնառու է ձայնային ալիքների համար՝ 1000 հց հաճախականության դեպքում ձայնային ալիքի երկարությունը հավասար է 33,7 սմ, իս 1000 հց-ի դեպքում՝ 3,37 մ։ Այսպիսով, մեզ շրջապատող առարկաների չափերը, բացառությամբ մեծ տների, ձայնային ալիքի երկարության համեմատ առանձնապես մեծ չեն։ Այդ է պատճառը, որ ձայնը լսում ենք նույնիսկ տարբեր խոչընդոտների առկայության դեպքում (ձայնային ստվերի բացակայություն)։ Երկրի մակերևույթի շուրջը ռադիոալիքների դիֆրակցիայով բացատրվում են ճառագայթող անտենայի ուղղագիծ տեսանելիությունից շատ հեռու ռադիոազդանշանների ընդունումը երկարև միջին ռադիոալիքային տիրույթում։ Ալիքների դիֆրակցիայի հետևանքով հնարավոր չէ խոսափողերի, հայելիների, ճեղքերի, դիաֆրագմաների միջոցով ստանալ շատ նեղ ալիքային փնջեր։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 418