Դերասանների տուն (Նովոսիբիրսկ)
Դերասանների տուն (ռուս.՝ Дом артистов), բնակելի բազմաբնակարանային շենք Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի Կենտրոնական թաղամասում։ Հասցեն՝ Ռոմանովի փողոց, տուն 35։ Կառուցվել է 1930-ական թվականներին։ Շենքի ճարտարապետական ոճը միջանկյալ փուլ է 1920-ական թվականների կոնստրուկտիվիզմի և 1940-1950 թվականների նեոդասականության միջև։ Ճարտարապետներն են Բորիս Գորդեևը, Սերգեյ Տուրգենևը։ Տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է[1]։
Տեսակ | շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոսիբիրսկ |
Հիմնադրված է | 1930 |
Ճարտարապետ | Բորիս Գորդեև և Սերգեյ Տուրգենև |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պատմություն
խմբագրելՏունը կառուցվել է 1930-ական թվականներին և սկզբնական շրջանում նախատեսված էր առավելապես թատերական գործիչների համար[1]։
Նկարագրություն
խմբագրելՏունը ճարտարապետական առումով կապված չէ հարակից շենքերի հետ և որևէ համակառույցի մաս չէ։ Այն զբաղեցնում է անջատ դիրք Ռոմանովի, Ֆրունզեի, Միչուրինի փողոցներով և Կարմիր պողոտայով կազմված թաղամասում[1]։
Հինգհատվածանոց շենքի հատակագիծը մոտ է Լ-աձևին։ Հարավային ճակատը նայում է Ռոմանովի փողոցին, արևելյանը՝ 16-հարկանի շենքին (Ռոմանովի փողոց, 39), արևմտյան ճակատը գտնվում է Ռոմանովի փողոց, 33 շենքի և Կենցաղի տան (Կարմիր պողոտա, 50) դիմաց, հյուսիսային կողային հատվածը նայում է Ազգային գվարդիայի զորքերի Սիբիրյան օկրուգի վարչության շենքին (Ֆրունզեի փողոց, 10)[1]։
Շինության հիմնական ճարտարապետական առանձնահատկությունն է ճակատների զարդափոսավորումը։ Պատերին գտնվում են դեպի ներս խորացող և աստիճանաբար փոքրացող ուղղանկյունաձև խորշեր, որոնք եզրակալում են պատուհանները և ձևավորում են լայն հորիզոնական գոտիներ, որոնք հակադրվում են աստիճանավանդակների վիտրաժային պատուհանների ուղղահայաց ժապավեններին։ Աստիճանավանդակները էրկերների տեսքով դուրս են ցցվում պատի հարթությունից և ճակատներին հաղորդում պլաստիկ արտահայտչականություն և հագեցածություն, ինչը հատկապես նկատելի է արևոտ եղանակին, երբ պատերի մակերեսին հայտնվում են խոր ստվերներ[1]։
Առաջին հարկը կոպտատաշության և գույնի պատճառով հակադրվում է մյուս հարկերին, բացի այդ, այն մյուսներից բաժանվում է գոտի-քիվով[1]։
Տանիքի խոշոր ելուստով քիվը պահում են կրկնակի կալունակները[1]։
Շենքի երկարությունը 56 մետր է, լայնությունը՝ 11 մետր[1]։
Հայտնի բնակիչներ
խմբագրել- Իվան Իվանովիչ Սոլերտինսկի, թատրոնի և երաժշտության խորհրդային հայտնի քննադատ։ Նա 1941-1944 թվականներին ապրել է այս տանը։ Ի հիշատակ նրա՝ շենքի ճակատին փակցված է հուշատախտակ[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ламин В. А. Энциклопедия. Новосибирск. — Новосибирск: Новосибирское книжное издательство, 2003. — С. 272—273. — 1071 с. — ISBN 5-7620-0968-8
- Памятники истории, архитектуры и монументального искусства Новосибирской области.