Դեռահասության ճգնաժամ (հին հունարեն՝ κρίσις բառից - որոշում, բեկումնային կետ), տարիքային ճգնաժամ, որն առաջանում է նախադեռահասությունից պատանեկությանն անցում կատարելու ժամանակ։ Ռուս հոգեբանների պարբերականներում[1] այն տեղի է ունենում 13 տարեկանում, սակայն այն կարող է տարբեր լինել՝ կախված դեռահասության շրջանի տևողությունից[2]։

Ըստ որոշ հայեցակարգերի (Դանիիլ Էլկոնինի և այլոց տեսությունների)՝ գոյություն ունի դեռահասության երկու ճգնաժամ, մեծ՝ կրտսեր դպրոցականից դեպի դեռահասություն, և փոքր՝ կրտսեր դեռահասությունից ավագ դեռահասություն անցում կատարելիս։ Միևնույն ժամանակ այլ հայեցակարգերում նշվում է դեռահասության տարիքում ճգնաժամի անընդհատությունը։

Ճգնաժամի ախտանշաններ խմբագրել

Դեռահասության ճգնաժամի ախտանշաններն են[3]

  • ուսումնական մոտիվացիայի պակաս,
  • մեծահասակ լինելու ձգտում, նոր իրավունքների պնդում,
  • կոնֆլիկտ ծնողների և ուսուցիչների հետ,
  • բողոքական վարքագիծ,
  • անլիարժեքության զգացում,
  • ընկճվածություն,
  • տագնապներ,
  • գերկենտրոնացում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝
  1. «ո՞վ եմ ես»,
  2. «ինչո՞ւ եմ ծնվել»,
  3. «գեղեցի՞կ եմ, թե՞ տգեղ»։

Հասունության զգացում խմբագրել

Դեռահասության ճգնաժամի բնութագրերից մեկը հասունության զգացումն է։

Հասունության տեսակներ
  1. Հասունության արտաքին նշանների ընդօրինակում՝ դեռահասը համեմատում է իրեն մեծահասակների հետ և հասկանում, որ նրանցից ոչնչով չի տարբերվում։ Նա սկսում է պահանջել, որ իրեն փոքր չհամարեն, հավակնում է նույն իրավունքների առկայությանը։ Երեխան ձգտում է նմանվել մեծահասակներին՝ հաճախակի օգտագործելով «մեծահասակների» արտաքին նշանները՝ սպիրտային խմիչքներ, ծխել, առանձնահատուկ բառապաշար, հագուստի նորաձևություն և այլն[4]։
  2. Սոցիալական հասունություն՝ բնութագրվում է մեծահասակների գործերում ներգրավմամբ և նրանց բազմապիսի օգնությամբ։ Հաճախակի նկատվում է այն ընտանիքներում, որտեղ դեռահասը ստիպված է լինում զբաղեցնել չափահասի դիրք։ Մտերիմների մասին հոգ տանելը և նրանց օգնելը դառնում է դեռահասի կյանքի հիմնական արժեքը։
  3. Մտավոր հասունություն` արտահայտվում է ինչ-որ բան իմանալու և կարողանալու ձգտման մեջ։ Այս ձգտումը դեռահասին դրդում է դպրոցական ծրագրից դուրս ինքնազարգացման, ճանաչողական գործունեության։

Դեռահասության ճգնաժամի պատճառներ խմբագրել

Լև Վիգոտսկու կարծիքով՝ դեռահասական տարիքի հիմնական հակասությունն այն է, որ սեռական զարգացումը, սոցիալ-մշակութային զարգացումը և համաօրգանական աճի ավարտը չեն համընկնում։ Մարդկության պատմական և մշակութային զարգացման ընթացքում մանկության շրջանի սահմանները փոքր-ինչ ընդլայնվել են, դրա հետևանքով առաջացել է դեռահասության տարիքը՝ որպես մանկությունից անցում չափահասության։

Լիդիա Բոժովիչը ողջ դեռահասությունը համարում է ճգնաժամային, քանի որ զարգացման այս փուլում երեխան ունենում է այնպիսի պահանջմունքներ, որոնք նա չի կարող բավարարել իր անբավարար սոցիալական հասունության պատճառով։ Այդ պահանջմունքների դեպրիվացիայի աղբյուր կարող են լինել ոչ միայն արտաքին արգելքները, այլև դեռահասի ներքին արգելքները։ Ներքին հակասությունները, ըստ Բոժովիչի, դեռահասության ճգնաժամի հիմնական բնութագրերն են։

Էրիկ Էրիկսոնը սահմանել է դեռահասության ճգնաժամը նույնականացման ճգնաժամի տեսանկյունից։ Ըստ նրա՝ դա այն ժամանակահատվածն է, երբ մարդը փնտրում է աշխարհում իր տեղը, դերն ու կոչումը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Л.С. Выготский Выготский Л. С. Собрание сочинений в 6 т.: Т. 4: Детская психология. — 1984.. — 1984.
  2. Драгунова Т.В. Проблема конфликта в подростковом возрасте. — 2004.
  3. Поливанова К.Н. Психология возрастных кризисов. — 2000.
  4. Обухова Л.Ф. Детская психология. — 1995.
  5. Эриксон Э. Идентичность: юность и кризис. — 1996.

Գրականություն խմբագրել

  • Бурменская Г. В. Хрестоматия по детской психологии: от младенца до подростка. — МПСИ Москва-Воронеж, 2005. — 656 с.
  • Выготский Л. С. — "Собрание сочинений в 6 томах. Том 4. Часть 2. Проблема возраста.
  • Драгунова Т. В. Проблема конфликта в подростковом возрасте, 2004.
  • Обухова Л. Ф. Детская психология. М., 1995.
  • Поливанова К. Н. Психология возрастных кризисов. М., 2000 г.
  • Фролов Ю. И. Психология подростка. Хрестоматия / Сост. Ю. И. Фролов. М., 1997.
  • Эриксон Э. Идентичность: юность и кризис. М., 1996.. — 1996.