Դեմք (քերականություն)

Դեմք, բայի, դերանվան (անձնական, որոշ յուրահատկությամբ՝ նման ցուցական), մի շարք լեզուներում (օրինակ, ցուցական)՝ նան գոյականի քերականական կարգ, որով արտահայտվում է գործողության կամ առարկայի հարաբերությունը խոսողի նկատմամբ։ Լեզուներում կա 3-րդ դեմք․։ Բայի առաջին դեմք ցույց է տալիս, որ գործողություն կատարողը խոսողն է (գրում եմ), երկրորդը՝ որ գործողություն կատարողը խոսակիցն է (գրում ես), երրորդը՝ որ գործողություն կատարողը ոչ խոսողն է, ոչ խոսակիցը, այլ մի երրորդ անձ, առարկա (գրում է, ծաղկում է)։ Հայերենում բայի դեմքը ժամանակային համադրական կազմություններում արտահայտվում է վերջավորություններով (գրեմ, գրես, գրի), իսկ վերլուծական կազմություններում՝ օժանդակ բայով (գրում եմ, գրում ես, չեմ գրի)։ Գրաբարում բայի դեմքը առավելապես արտահայտվել է վերջավորություններով։ Սեմական լեզուների բայերի մեջ հնարավոր է դիմային 2 վերջավորություն՝ նշանակելու համար թե՛ գործող սուբյեկտի, թե՛ գործողության օբյեկտի դեմքը։ Դերանուններից դեմքի կարգը հատուկ է մասնավորապես անձնականներին։ Առաջին դեմքին ցույց է տալիս խոսողին (ես, ինքս), երկրորդը՝ խոսակցին (դու, ինքդ), երրորդը՝ երրորդ անձի (նա, ինքը)։ Դիմային հարաբերության յուրահատուկ իմաստ կա նաև ցուցական դերանունների մեջ։ Հայերենի կառուցվածքային յուրահատկություններից է դեմքի կարգի արտահայտումը հոդերի միջոցով (մենք՝ աշակերտներս, դուք՝ աշակերտներդ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 347 CC-BY-SA-icon-80x15.png