Դարաշրջան, Էպոխա, ժամանակաշրջան, որն ունի միայն իրեն ներհատուկ էական գծեր։ Դարաշրջանի համար հատկանշական են դարակազմիկ իրադարձություններ ու երևույթներ, բնության մեջ, հասարակական կյանքում, գիտության, արվեստի և այլ բնագավառներում տեղի ունեցող որոշակի պրոցեսներ։ Դարաշրջանը արտահայտում է հասարակական կյանքի զարգացման որակապես նոր աստիճան և, սովորաբար, սկսվում դարագլուխ կազմող անցքերով ու երևույթներով։ Օրինակ, կապիտալիզմի դարաշրջանը սկսվում է բուրժուական հեղափոխություններով։ Հոկտեմբերյան հեղափոխությունը բացեց մարդկության զարգացման նոր դարաշրջան։ Ամեն մի դարաշրջանում առաջադրվել են զարգացման կոնկրետ պահանջներ, որոնց լուծմամբ հնարավոր է դարձել հասարակության առաջընթացը։ Դարաշրջաններում տեղի ունեցող երևույթները օրինաչափ են և պատճառակցված։ Դարաշրջանների միջև գոյություն ունի չընդհատվող հաջորդականություն, կենդանի, օրգանական կապ։

Ժամանակաշրջանների բաժանումըԽմբագրել

Յուրաքանչյուր նոր դարաշրջան ժխտում է հին սկզբունքները, հաստատում նորերը։ Ամեն մի երկրում տվյալ դարաշրջան ունի իր ուրույն գծերը, օրինաչափությունները։ Միևնույն դարաշրջանում տարբեր երկրներում ծագում են թեև ժամանակով նույն, բայց տարաբնույթ երևույթներ։ Հիմք ընդունելով մարքս-լենինյան ուսմունքը սոցիալ-տնտեսական ֆորմացիաների մասին, Հայաստանի պատմությունը պարբերացվում է ըստ հետևյալ դարաշրջաների։ Նախնադարյան-համայնական հասարակարգը ընդգրկում է հին քարի դարից մինչև մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբը, ստրկատիրության դարաշրջան՝ մ․ թ․ ա․ 9-րդ դարից - մ․ թ․ 3-րդ դար, վաղ ֆեոդալիզմի դարաշրջան՝ 4-9-րդ դարեր։ 15-18-րդ դարեր ֆեոդալիզմի դեգրադացիայի շրջանն է, 19-րդ դարում Արևելյան Հայաստանում ֆեոդալիզմի քայքայման և կապիտալիզմի ձևավորման Դարաշրջան (Արևմտյան Հայաստանում այս դրությունը հարատևում է ցայսօր), իսկ 1920 թվականից սկսվել է սոցիալիզմի դարաշրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 311