Դաստակերտ (ագարակ)

ագարակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաստակերտ (այլ կիրառումներ)

Դաստակերտ, մասնատիրական տնտեսություն հին և միջնադարյան Հայաստանում։ Սկզբնապես ունեցել է «ձեռքով ստեղծված» (ձեռակերտ) իմաստը։ Դաստակերտ են կոչվել թագավորների կամ իշխանների հիմնած քաղաքները, գյուղերը, ավանները, այգիները ևն։ Դաստակերտները որպես տնտ․ միավոր պատկանել են թագավորներին, նախարարներին, ազատներին, քաղաքներին, գյուղերին, բերդերին, տաճարներին ևն։ Թագավորական Դաստակերտների միջին մասում բնակվել են մշակները, որոնք ունեցել են իրենց հողաբաժինը, «երդը», պատկանել են դաստակերտին։ Նրանց բնակավայրերի շուրջը եղել են պարտեզներ, այգիներ, վարելադաշտեր։ Դաստակերտի բարձրադիր մասում է կառուցվել թագավորի կամ նախարարի ապարանքը։ Դաստակերտները ըստ տարածքի ունեցել են տարբեր տնտ․ նշանակություն։ Մեկում կարող էր գերակշռել հացաբույսերի մշակությունը, մյուսում՝ այգեգործությունը, անասնապահությունը ևն։ Հայ մատենագրության մեջ Դաստակերտ բառը երբեմն օգտագործվել է նաև փոխաբերական իմաստով (օրինակ, Հայաստանը կոչվել է Դաստակերտ)։ Ձգտելով տալ առավել սպառիչ բացատրություն «Դաստակերտ» տերմինի բոլոր առումներին՝ Ա․ Փերիխանյանը այն սահմանում է որպես իրավազոր հռչակված տիրույթ կամ անձ (Периханян А․ Г․, Сасанидский судебник, 1973, с․ 458–59)։

Գրականություն

խմբագրել
  • Հակոբյան Ս․ Ե․, Հայ գյուղացիության պատմություն, հ․ 1, Ե․, 1957, Էջ 238–46։
  • Саркисян Г․ X․, О двух значениях термина дастакерт в ранних армянских источниках, в сб․։ Эллинистический Ближний Восток, Византия и Иран, М․, 1967․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 296