Գրավիմետրիա (լատին․՝ gravis - ծանր և մետրիա), գիտություն Երկրի գրավիտացիոն դաշտը բնութագրող մեծությունների չափումների, այդ մեծությունները, Երկրի ձևը, նրա ներքին, ընդհանուր և վերին մասերի երկրաբանական կառուցվածքն ուսումնասիրելու համար օգտագործման մասին։ Երկրի գրավիտացիոն դաշտն արտահայտվում է ծանրության ուժով, որը Երկրի ձգողության և կենտրոնախույս ուժերի գումարն Է։ Վերջինս առաջ է գալիս իր առանցքի շուրջը Երկրի պտտման հետևանքով և փոքրացնում ծանրության ուժը հատկապես հասարակածի վրա։ Ծանրության ուժի փոքրացումը բևեռներից դեպի հասարակած պայմանավորված է նաև երկրագնդի սեղմումով։ Այդ պատճառների հետևանքով ծանրության ուժը հասարակածում 0,5%-ով փոքր է, քան բևեռներում։ Ծանրության ուժի արժեքի մեծությունը Երկրի մակերևույթի վրա կախված է Երկրի ձևից և նրա ներսում խտության բաշխումից։ Տարաբերական եղանակով ծանրության ուժի արագացումը որոշվում է ճոճանակավոր սարքերով և գրավիմետրերով, որի համար անհրաժեշտ է իմանալ գոնե մեկ վայրի բացարձակ արժեքը։ Ծանրության ուժի արագացման բացարձակ մեծությունը որոշված է Պոտսդամում (1906), Վաշինգտոնում (1936), Լենինգրադում (1957) և այլ վայրերում։ Տարբեր խնդիրների լուծման համար հարմար է գրավիտացիոն դաշտը դիտել բաղկացած երկու մասից՝ հիմնական (նորմալ), որը փոփոխման է ենթարկվում տեղի լայնության փոփոխության պարզ օրենքով, և անոմալ, ոչ մեծ՝ արժեքով, բայց բարդ՝ իր աեղաբաշխմամբ, պայմանավորված Երկրի վերին շերտերի անհամասեռություններով։ Նորմալ գրավիտացիոն դաշտը համապատասխանում է իդեալականացրած պարզ և ներքին կառուցվածք ունեցող Երկրի մոդելին։ Գրավիմետրիան տալիս է արժեքավոր տեղեկություններ Երկրի ձևի, նրա մանթիայի կառուցվածքի մասին, օգնում է օգտակար հանածոների (նավթի, գազի, երկաթի, քրոմիտի և այլն) հանքավայրերի որոնման և հետախուզման աշխատանքներին։ Երկրի գրավիտացիոն դաշտի մանրամասն ուսումնասիրություններն անհրաժեշտ են նաև արևեստական արբանյակների ուղեծրերի հաշվարկների համար։ Որոշվում է նաև հակադարձ խնդիրը՝ արհեստական արբանյակների շարժման խոտորումների դիտողությունների հիման վրա հաշվում են գրավիտացիոն դաշտի բաղադրիչները։ Երկրի ձևը, ներքին կառուցվածքը ուսումնասիրելու ժամանակ համալիր օգտագործվում են արհեստական արբանյակների և գրավիմետրական դիտողությունների արդյունքները, ինչպես նաև գեոդեզիական տվյալները։

Երկրի ալիքայնությունը արբանյակային գրավիմետրայի հիման վրա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 204