Գիտական ոճ, գործառական ոճերից մեկը, որին հատուկ է հարաբերական միօրինակությունը։ Ունի կիրառության տարբեր ոլորտներ։ Այս ոճով են գրված ուսումնասիրությունները, մենագրությունները, գիտական հոդվածները, դասագրքերը և այլն։ Այն կարող է դրսևորվել նաև բանավոր, բայց հիմնականում հանդես է գալիս գրավոր խոսքում։ Գիտական ոճով գրված շարադրանքներում կարևոր են խոսքի ճշտությունն ու ճշգրտությունը, տրամաբանականությունը, պատճառահետևանքային կապը, որը հաճախ դրսևորվում է լեզվական տարբեր միջոցների գործածությամբ։ Գիտական ոճով գրվածքներում լինում են կանոններ, սահմանումներ և բանաձևեր։ Այստեղ, ինչպես և գործառական մյուս ոճերում մեծաթիվ են գործածական բառերը, սակայն գիտական ոճին բնորոշ հիմնական շերտը ձևավորում են տերմինները կամ մասնագիտական բառերը։

Տերմինը հիմնականում մենիմաստ է և չունի հուզարտահայտչական երանգավորում։ Այն կարող է արտահայտվել ինչպես մեկ բառով, այնպես էլ բառակապակցությամբ։

Գիտական ոճը տարբերվում է նաև իր քերականական որոշ առանձնահատկություններով։ Այստեղ կիրառական մեծ հաճախականություն ունեն վերացական իմաստ արտահայտող գոյականները, բայի դիմավոր ձևերից առավել գործածական են սահմանական եղանակի ներկա ժամանակի բայաձևերը, բացակայում են ձայնարկությունները։ Շարահյուսական կառույցներում գերակշռում են բարդ ստորադասական նախադասությունները՝ պատճառի, նպատակի, պայմանի երկրորդական նախադասություններով, որոնց շնորհիվ ևս ապահովվում է գիտական շարադրանքի տրամաբանական, պատճառահետևանքային կապը։ Գիտական ոճի ընդհանրական բնույթն ապահովվում է նաև քերականական միջոցներով։ Դրանցից են հատկապես միակազմ դիմավոր ընդհանրական նախադասությունները, որոնց արտահայտած գործողությունը վերագրվում է ընդհանուրին։ Հուզարտահայտչական երանգավորումից զուրկ լինելը գիտական ոճի հիմնական առանձնահատկությունն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ. Կ. Եզ­եկ­յան «Հայոց լեզվի ոճագիտություն», Երևան, 2003