ԳՈՒՍ (Գիտեմ-Ուզում եմ սովորել-Սովորել եմ)
ԳՈՒՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ) (անգլ.՝ KWL table or KWL chart), աղյուսակը երեք սյունակներից բաղկացած մի աղյուսակ է, որը կարող է դառնալ աշակերտի ուղեցույցը կարդալու ընթացքում։ Այն կազմում է կառուցողական ուսուցման մեթոդի մի մասը, որի կիրառման ժամանակ սովորողները հեռանում են դասավանդման և ուսուցման ավանդական մեթոդներից։ Այս մեթոդաբանության մեջ աշակերտներին տրվում է տարածք սովորելու համար` ձևավորելու իրենց սեփական հասկացողության ոճը։ ԳՈՒՍ աղյուսակը մշակվել է այս մեթոդաբանության մեջ և հանդիսանում է ուսումնական ընթերցման ռազմավարության ձև[1]։ Աղյուսակը կարելի է գծել մեծ թղթի վրա, գրատախտակին կամ ցուցադրել ցուցապաստառի վրա։
Կիրառումը
խմբագրելԳՈՒՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ), աղյուսակը ստեղծվել է Դոննա Օգլի (անգլ.՝ Donna Ogle) կողմից 1986 թվականին[2]։ ԳՈՒՍ աղյուսակը կարող է օգտագործվել ցանկացած առարկայի ուսուցման ժամանակ ամբողջական կամ փոքր խմբերով։ Կիրառումը ներառում է հետևյալ քայլերը.
- Ուսումնական առարկայի ընտրված հատվածի գլխավոր թեման գրե՛ք ԳՈՒՍ աղյուսակի վերևում։ Աշակերտներին հարցրե՛ք, թե ինչ գիտեն դասի թեմայի մասին, և նրանց ասածները գրի առեք աղյուսակի առաջին` «Գ-ի՞նչ գիտենք արդեն» սյունակում։
- Աշակերտներին հարցրե՛ք, թե թեմայի հետ կապված ինչ հարցեր ունեն և գրանցե՛ք դրանք աղյուսակի երկրորդ` «Ու-ի՞նչ ենք ուզում իմանալ» սյունակում։
- Աշակերտներին օգնե՛ք դասակարգելու իրենց գիտելիքներն ու հարցերը և մի առանձին ցուցակ կազմեք, անվանե՛ք այն « Տեղեկատվության ինչ տեսակներից ենք ակնակլում օգտվել»։
- Աշակերտներին առաջարկե՛ք կարդալ պատմությունը կամ ընտրված հատվածը և գտնել այն տեղեկությունները, որոնք պատասխանում են իրենց նախնական հարցերին կամ լրացնում են դրանք` ընդլայնելով թեմայի մասին պատկերացումները։
- Երբ աշակերտները վերջացնեն կարդալը, նրանց ուշադրությունը հրավիրեք երրորդ սյունակի վրա` «Ս-ի՞նչ ենք սովորել»։ Առաջարկեք թվարկել թեմային վերաբերող նոր տեղեկություններ, որոնք հայտնաբերել են կարդալու ընթացքում, և գրի՛ առեք դրանք երրորդ սյունակում։
Ահա թե ինչ տեսք ունի ԳՈՒՍ (Գիտեմ-Ուզում եմ Սովորել-Սովորել եմ) աղյուսակը.
Գ
Գիտեմ |
Ու
Ուզում եմ իմանալ |
Ս
Սովորել եմ |
---|---|---|
Գրե՛ք այն տեղեկատվությունը, որ սովորողներն արդեն գիտեն այս սյունակում։ | Գրե՛ք այն տեղեկատվությունը, որ սովորողներն ուզում են սովորել այս սյունակում։ | Ամփոփե՛ք և գրե՛ք այն տեղեկատվությունը, որ աշակերտները սովորել են դասի կամ թեմայի վերջում այս սյունակում։ |
Նպատակներ
խմբագրելՈւսուցիչը կարող է ունենալ շատ տարբեր նպատակներ ԳՈՒՍ աղյուսակը դասարանում օգտագործելու ժամանակ։ Առաջինը` ԳՈՒՍ աղյուսակը ակտիվացնում է սովորողների նախնական գիտելիքները ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ։ Գիտեմ սյունակը լրացնելիս աշակերտները մտածում են տվյալ թեմայի մասին ունեցած իրենց նախնական գիտելիքների մասին։ Հաջորդը` ԳՈՒՍ աղյուսակը սահմանում է տվյալ դասի նպատակը և աշակերտները կարող են իրենց սեփական ներդրումն ունենալ թեմայի քննարկման մեջ` ասելով, թե ինչ են ուզում իմանալ։ Բացի այդ աշակերտներին տրվում է հստակ նպատակ թեմայի մեջ ներգրավվելու և մասնակցելու համար։ ԳՈՒՍ աղյուսակը մի գործիք է, որը կարելի է օգտագործել ուսուցման գործընթացը վարելու, ինչպես նաև աշակերտների սովորելու գործընթացը վերահսկելու նպատակով[3]։ ԳՈՒՍ աղյուսակներն օգտագործվում են հիմնականում տարրական ուսուցիչների կողմից, որոնք դասավանդում են տարբեր առարկաներ։ Նման աղյուսակներն օգտագործվում են նաև տարրական մակարդակի պատմական բովանդակություն ունեցող թեմաներ դասավանդելիս[4]։
Ոսումնասիրության գործիք
խմբագրելԳՈՒՍ աղյուսակը կարող է օգտագործվել որպես անհատական, խմբային կամ ամբողջ դասարանի համար նախատեսված ուսումնասիրության գործիք։ Այն մի միջոց է, որի օգնությամբ տեղեկատվությունը տեղափոխվում է տեսողական դաշտ։ Աշակերտները նաև հետևում են, թե իրենք ինչ գիտեն կամ ինչ են ուզում սովորել տվյալ թեմայի վերաբերյալ[4]։
Պահանջվող նյութեր
խմբագրելՊահանջվող նյութերը կարող են տարբերվել կախված թե ինչ տիպի գործունեություն է ուսուցիչը մտադիր իրականացնել դասարանում։ Եթե ուսուցիչը բաժանում է դասարանը խմբերի ըստ հատուկ թեմայի, ապա յուրաքանչյուր խմբին կարող է տալ մեկական ԳՈՒՍ աղյուսակ։ Իսկ եթե ուսուցիչը ցանկանում է, որ յուրաքանչյուր երեխա տրված թեմայի վերաբերյալ իր կարծիքն արտահայտի, ապա ԳՈՒՍ աղյուսակը կարող է տալ անհատական աշակերտներին առանձին թղթերով։
Հատուկ ուսուցում
խմբագրելԳՈՒՍ աղյուսակները կարելի է օգտագործել բոլոր աշակերտների հետ, բայց կան հատուկ խմբի պատկանող աշակերտներ, որոնց հետ ավելի արդյունավետ կարելի է աշխատել։ Այդ խմբին են պատկանում տեսողական սովորողները, ավելի փոքր սովորողները կամ անգլերենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրողները։ Տեղեկատվությունն այս դեպքում ներկայացվում է ավելի տեսանելի, երբեմն էլ բառերի փոխարեն կարելի օգտագործել նկարներ` աղյուսակում գաղափարներն արտահայտելու համար[5]։
Գնահատում
խմբագրելԳՈՒՍ աղյուսակը օգտագործվում է դասարանի ձևավորող գնահատում իրականացնելու համար։ Այն թույլ է տալիս ուսուցչին պարզել աշակերտների նախնական գիտելիքները կոնկրետ որևէ թեմայի վերաբերյալ[6]։
ԳՈՒՍ աղյուսակը կարելի է օգտագործել նոր թեմա սկսելիս կամ թեման ամփոփելիս, որպեսզի ուսուցիչը կարողանա պարզել, թե աշակերտները որքանով են յուրացրել անցած թեման։
ԳՈՒՍ աղյուսակի միջոցով ուսուցիչը կարող է զննել առանձին աշակերտներին կան ամբողջ դասարանին` հասկանալու նրանց մտածելակերպն ու սովորելու կարողությունները։
Առավելություններ
խմբագրել- ԳՈՒՍ-ը ուսուցիչներին թույլ է տալիս պատկերացում կազմել աշակերտների` տվյալ թեմայի վերաբերյալ ունեցած նախնական գիտելիքների մասին։
- Աշակերտների համար որոշակի համակարգ է ապահովվում, որի շրջանակներում նրանք կարողանում են կարդացվելիք նյութի մասին ենթադրություններ անել։
- Զարգանում են աշակերտների ինքնահարցման, ինքնավերլուծության հմտությունները, նրանք սովորում են ավելի ակտիվորեն կարդալ` թեմային առնչվող իրենց հարցերին պատասխանները գտնելու համար։
- Աշակերտներին ուղղություն է տրվում, թե ինչպես նպատակային կերպով դասակարգել արդեն ունեցած և նոր տեղեկատվությունը։
- Ի հայտ են գալիս սովորողների` թեմայի մասին ունեցած սխալ պատկերացումները, թերըմբռնումները, որոնք շտկվում են դասի ընթացքում։
Աղբյուրներ
խմբագրել- Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ, ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր 2008թ
- McKenna, M. (3) Help for struggling readers: strategies for grades 3-8. New York: The Guilford Press.
- Valmont, W. (2006). Technology for literacy teaching and learning. New York: Houghton Mifflin Company.
- Allington, R. and Cunningham, P. (2004). Classrooms that work. Boston: Allyn and Bacon.
- Padak, N. and Rasinski, T. (2004). Effective reading strategies: teaching children who find reading difficult. New Jersey: Pearson Education, Inc.
- Buehl, D. (2006). Classroom strategies for interactive learning. Delaware: International Reading Association.
- Jones, R. (2007). "Readingquest strategies Արխիվացված 2008-07-31 Wayback Machine"
- Conner, J. (2006). "Instructional reading strategy: KWL Արխիվացված 2009-09-19 Wayback Machine"
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "NEA - K-W-L (Know, Want to Know, Learned)" Արխիվացված 2017-07-24 Wayback Machine. NEA. Retrieved 5 February 2016.
- ↑ Ogle, D.M. (1986). K-W-L: A teaching model that develops active reading of expository text. Reading Teacher, 39, 564–570
- ↑ KWL table/ chart. (2009). Retrieved October 26, 2012, from http://www.study-habits.com/kwl-table-chart Արխիվացված 2017-01-13 Wayback Machine
- ↑ 4,0 4,1 «Applying KWL Guides to Sources with Elementary Students». Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ McDermott, M. J. (2012). Using graphic organizers in preschool. Teaching Young Children, 5(5), 29–31.
- ↑ Struble, J. (2007). Using graphic organizers as formative assessment. Science Scope, 30(5), 69-71.