Բողոքի ցույցեր Վանում (2024)

Բողոքի ցույցեր Վանում, բողոքի ցույցեր Թուրքիայի Վանի մարզի Վան քաղաքում, որը որպես հանրահավաք սկսվել է 2024 թվականի ապրիլի 2-ի ցերեկը, իսկ գիշերը վերածվել անկարգությունների, երբ վերանայման է դրվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որով Վանի քաղաքապետ էր ընտրվել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանը[1][2][5][4]։ Ապրիլի 3-ին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացնում է որոշում և Վանի ընտրված քուրդ քաղաքապետին ճանաչում է որպես օրինական քաղաքապետ[3]։

Բողոքի ցույցեր Վանում
ԱմսաթիվԱպրիլի 2, 2024 (2024-04-02)-Ապրիլի 3, 2024 (2024-04-03)
ՎայրՎան, Վանի մարզ, Թուրքիա Թուրքիա
ՊատճառԹուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերանայում[1]։ Վանի մարզի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանի մանդատը, քանի որ նրան մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ[1]։ Արդյունքում, Վան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնը ստանձնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվաշը, ով ձայների քանակով զբաղեցնում էր երկրորդ տեղը[1]։
Նպատակքրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանին Վանի քաղաքապետ ընտրվելու հաստատում
Մեթոդբողոքի ցույցեր, բախումներ, քաշքշոց[2]
ԱրդյունքԹուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում և ընտրված Աբդուլլահ Զեյդանին ճանաչում է որպես օրինական քաղաքապետ[3]
Հակամարտող կողմեր

Թուրքիա Թուրքիայի կառավարություն

  • Վանի մարզպետարան[4]
  • Թուրքիայի ոստիկանություն[2]

Նախապատմություն

խմբագրել

2024 թվականի մարտի 29-ին, աշխատանքային ժամի ավարտից 5 րոպե, իսկ քվեարկության մեկնարկից մեկուկես օր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությանը նամակով տեղեկացնում է, որ առարկություններ ունի Աբդուլլահ Զեյդանի թեկնածության դեմ, այնուհետև դատարանը որոշում է կայացնում, որ նա չի կարող մասնակցել ընտրություններին[2]։ Զեյդանը 2016 թվականի նոյեմբերին ձերբակալվել էր ահաբեկչության մեղադրանքով և մինչև 2023 թվականի հունվարը բանտարկված էր եղել[2]։

2024 թվականի մարտի 31–ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Վանի քաղաքապետ է դառնում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանը[1], ով ստացել էր ընտրողների քվեների 55,5%-ը[2]։ Սակայն Վանի մարզի ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին չեղյալ է հայտարարում Զեյդանի մանդատը, քանի որ նրան մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ[1]։ Արդյունքում, Վան քաղաքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով քաղաքապետի պաշտոնը ստանձնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Աբդուլահաթ Արվաշը, ով ստացել էր ընտրողների քվեների 27%-ը և ձայների քանակով զբաղեցնում էր երկրորդ տեղը[1][2][4]։ Վանի ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար 3 օր ժամանակ կա, և քրդամետ կուսակցությունն արդեն գրավոր բողոք է ուղարկել ընտրական բարձրագույն հանձնաժողովին[2]։

Թուրքիայի իշխանությունների պնդմամբ՝ քրդամետ թեկնածուների հաղթնակները չեղարկվել են քարոզարշավի և քվեարկության ընթացքում թույլ տված մի շարք խախտումների պատճառով[2]։ Թուրքիան ճնշում է քրդամետ քաղաքական շարժումները՝ սովորաբար նրանց մեղադրելով քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ[2]։

Լարվածության պայմաններում տեղական իշխանությունները ապրիլի 3-ից մինչև ապրիլի 17-ը Վան քաղաքում և հարակից շրջաններում արգելում են զանգվածային հանրահավաքները[1][5][4]։

Պատմություն

խմբագրել

Չնայած ցույցեր անցկացնելու արգելքին՝ 2024 թվականի ապրիլի 2-ին Վանի մարզի բնակիչները դուրս են եկել փողոց՝ հանրահավաք անելու, որպեսզի չչեղարկվի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունից ընտրված նոր քաղաքապետ Աբդուլլահ Զեյդանի մանդատը[1]։ Հանրահավաքը երեկոյան վերածվում է անկարգությունների, բախումներ և քաշքշոց է տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև[2]։ Տասնյակ մարդիկ բախումների մեջ են մտնում ոստիկանների հետ, ավտոմատներով կրակում փողոցներում, անվադողեր են հրկիզում և մոլոտովի կոկտեյլներ նետում իրավապահների վրա[5]։ Ի պատասխան՝ ոստիկանական ուժերը կիրառում են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ[2], ապա մահակներով ծեծի ենթարկում ցուցարարներին և կալանավորում նրանց[5]։ Երեկոյան բախումներ են տեղի ունենում նաև Ստամբուլում և քրդաբնակ մի շարք այլ շրջաններում[2]։

«Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Թունջեր Բաքըրհանը Անկարայում հայտարարում է, որ Վանի բնակիչները ընտրություններում ցուցադրել են իրենց կամքը ու այն կատարելուց և հաշվի առնելուց բացի այլ տարբերակ չկա[2]։ Աբդուլլահ Զեյդանը հայտարարել է, որ օրինական ճանապարհով պայքարելու է քաղաքացիների տված քվեին տեր կանգնելու համար[6]։

Քուրդստանի բանվորական կուսակցությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները բնակիչներին կոչ են անում դուրս գալ փողոց[5]։

Ապրիլի 3-ին Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում և Վանի ընտրված քուրդ քաղաքապետին ճանաչում է որպես օրինական քաղաքապետ[3]։

Արձագանք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Զանգվածային ցույցեր Վանում. քրդամետ կուսակցության կողմնակիցները դուրս են եկել փողոց». arm.sputniknews.ru. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 «Վանում բախումներ են տեղի ունեցել՝ իշխանությունը չի ընդունում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը». azatutyun.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Թուրքական իշխանությունները հետքայլ արեցին. Վանը ընտրված քուրդ քաղաքապետը կպաշտոնավարի». news.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները». news.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Թուրքիայի մի քանի քաղաքներ տուժել են բողոքի ալիքի և կրակոցների հետևանքով». news.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Վանում 55 տոկոսով քաղաքապետ ընտրված թեկնածուի փոխարեն քաղաքապետ են ճանաչել 27 տոկոս հավաքած Էրդողանի կուսակցին». news.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.