Բերքի ծրագրավորում, գիտականորեն հիմնավորված, փոխկապակցված միջոցառումների իրականացում, որի արդյունքում ստացվում է պլանավորված բարձրորակ բերք, ինչպես նաև բարձրանում է հողի բերրիությունը։

Նկարագրություն խմբագրել

Բերքի ծրագրավորումը ագրոնոմիական գիտության ուղղություն է, որը միավորում է բուսաբուծության, երկրագործության, ագրոքիմիայի, հողագիտության, բույսերի ֆիզիոլոգիայի, պաշտպանության, գյուղատնտեսական մեքենաշինության, ֆիզիկայի, կիբեռնետիկայի, գյուղատնտեսագիտության նվաճումները։ Բերքի ծրագրավորումը ենթադրում է բերքի ձևավորման ընթացքում միջավայրի տարբեր գործոնների և դրանց փոխազդեցության դերի ու նշանակության գնահատման նկատմամբ ինտեգրված համակարգի մոտեցում։

Աշխատանքի պլանավորում խմբագրել

Բերքի ծրագրավորման աշխատանքները կատարվում են հատուկ փորձադաշտերում, էկոլոգիական հրապարակներում՝ ֆիտոտրոնների (բույսերի աճեցման կայանքներ), ջրանցաչափերի (լիզիմետր), համակարգչի տեխնիկայի օգտագործմամբ։ Բերքի ծրագրավորման 1-ին փուլում սահմանում են որոշակի հողակլիմայի սահմանափակող գործոնների համալիրը, բերքի մոդելավորման հիմքի վրա հիմնավորում են հնարավոր բերքատվությունը։ 2-րդ փուլում մշակում են համապատասխան ագրոտեխնիկայի միջոցառումների համալիր։ Ընդ որում՝ ընտրվում են արտադրության արդյունավետության կոնկրետ քանակի չափանիշներ (առավելագույն հնարավոր բերքը, տրված բերքի ստացման առավելագույն եկամուտը կամ նվազագույն ծախսը)։ 3-րդ փուլում ապահովում են բերքի ձևավորման ընթացքի օպերատիվ դիտարկումներ,պլանավորված ագրոտեխնիկայի միջոցառումների համակարգում կատարում են անհրաժեշտ ճշգրտումներ` ստեղծված ագրոօդերևութաբանական իրավիճակին համապատասխան։ Ներկայում բերքի ծրագրավորման գործընթացներում լայնորեն կիրառվում են ժամանակակից համակարգիչներ և այլ տեխնոլոգիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։