Բացասման օրենք
Բացասման օրենք, (հայտնի է նաև` Բացասման բացասումի օրենք[1]), բացասումը շարժման ու զարգացման ամենաէական կողմն է[1]։
Հին որակից նոր որակին անցումը ենթադրում է հին որակի բացասումը։ Բացասման անխուսափելությունը ամեն մի շարժման ու զարգացման էությունն է, որովհետև այն զարգացման պայման է և իրականացնում է հին և նոր որակների միջև գոյություն ունեցող անհրաժեշտ կապերը[1]։
Այդ կապերը կոչվում են բացասման կապեր։ Զարգացման մեջ բացասման կապերը որոշում են զարգացման ուղղվածությունը, իրականացնում հին որակի քայքայման ու կործանման ընթացքը, դրա հաղթահարումը։ Բացասման կապերի միջոցով տեղի է ունենոէւմ հին որակի առողջ, էական և դրական ու կենսունակ տարրերի ու հատկությունների մասնակի պահպանումն ու ժառանգորդումը, դրանց փոխակերպումը և նորի ձևավորումն ու առաջացումը։ Բացասման կապերը ապահովում են հին որակի անցումը «իր ուրիշին», կարծես «վերադառնում են» նախորդ որակը` չհանգելով դրան։ Բացասման կապերը հաստատում են հնի էությունը, որով էլ ենթադրվում է ժառանգորդում զարգացման մեջ։ Առանց հին հին որակի մեջ եղած դրականի, կենսունակի և էականի ժառանգորդման, անհնար է որևէ առարկայի ու համակարգի զարգացումը[1]։
Բացասման կապերի էությունը և գործառնության մեխանիզմը ճամաչելու համար փիլիսոփայությունը մշակել է «բացասում» կատեգորիան, որն արտացոլում է բացասման կապերը և զարգացման ընթացքում նրա տարբեր օղակների և փուլերի կապը, անցումները մի փուլից մյուսը[1]։
Զարգացման փիլիսոփայական գիտական տեսության մեջ «բացասման» կատեգորիայի միջոցով «ժխտում» և «ոչ» բառերի իմաստները ստացել են այլ, դրական բովանդակություն, քանի որ հնի ժխտումն ու բացասումը ենթադրում է նաև նրա հետագա պահպանումն ու «վերադարձը»` դեպի ելման կետը։ Բացասումը ներառում է երեք միմյանց հետ օրգանապես միահյուսված կողմեր ու պահեր[1]։
Բացասման առաջին կողմը կամ պահը հին որակի կործանման, վերացման ու հաղթահարման պրոցեսն է, որը իրականության մեջ տեղի է ունենում երկու ձևով` օբյեկտի ֆիզիկական աչնչացման, հետևաբար զարգացման գործընթացի կասեցման ձևով և դիալեկտիկական բացասման ձևով, որի դեպքում վերջինս դիտարկվում է իբրև զարգացման պայման։ Օրինակ, հացահատիկը կարելի է բացասել` այն ուղարկելով ջրաղաց և նրանից ալյուր ստանալ, բայց կարելի է և ցանել. այս դեպքում նույնպես տեղի է ունենում հատիկի կործանում ու ոչնչացում, բայց պահպանվում է նույն որակին վերադառնալու հնարավորությունը[1]։
Բացասման երկրորդ կողմը կամ պահը վերաբերում է միայն դիալեկտիկական բացասմանը` ելակետային նախկին ձևին վերադառնալուն, որովհետև ալյուրից հատիկին չի կարելի վերադառնալ։ Բացասման երկրորդ փուլը օժտված է հին որակի էական հատկանիշների ժառանգորդման, հետևաբար, դրանց պահպանման ունակությամբ։ Զարգացման ընթացքն ավարտվում է երկրորդ փուլում` նոր որակի առաջացմամբ, նոր կապերի ու կառուցվածքի ձևավորմամբ. տվյալ դեպքում` ցողունից հասկի ու հատիկների առաջացումը[1]
Բացասման պրոցեսը բազմաստիճան է։ Առաջին բացասման ընթացքում հինը վերածվում է իր հակադրությանը (օրինակում` հատիկի վերածումը ցողունի)։ Պարզվում է, որ ցողունը իր ներսում նախապատրաստում է իր հետագա բացասումը։ Բացասողը ինքն է բացասվում։ Երկրորդ բացասման ընթացքում վերականգնվում է բացասվողի ելակետային նախկին ձևը և հին որակի էությունը` որակական ու քանակական չափումների առավել բարձր մակարդակով[1]։
Բացասման ընթացքը ուղիղ գիծ չէ, այն չի ընթանում ինչ-որ ուղիղ ճանապարհով։ Եթե բացասումն ունենար մեկ հաստատուն ուղի, ապա բնությունը կլիներ միօրինակ և տաղտկալի։ Բացասման ընթացքը բնութագրվում է անթիվ-անհամար ուղղություններով, ժառանգորդման բազմաձևությամբ, որոնց արդյունքը բնության զարմանահրաշ բազմաձևությունն է[1]։
Բացասման կրկնելիության միջոցով նորը կարծես թե վերադառնում է իր ելակետային ձևին, շարժումը ստանում է շրջապտույտի ձև, կարծես այն գալարվում է զիգզագաձև և վերադառնում է հինը։ Բայց այս «վերադարձը» հնի մեխանիկական կրկնությունը չէ, այլ վերադարձ է հարստացված ու նորացված։ Այդ կատաղի պայքարում հինը ուժեղ է, բայց նորը` հզոր ու վիթխարի, քանզի իր մեջ կրում է ապագայի կենսունակությունը[1]։
Այդ պայքարի օրինաչափություններն ու գործողության մեխանիզմը ընդհանրացված է բացասման օրենքի մեջ, որն արտացոլում է հնի և նորի ժառանգական, առաջադիմական կապը զարգացման պրոցեսում, հնի կործանման և նորի առաջացման ուղղվածության տեսանկյունից։ Այն բացահայտում է բացասման անվերջանալի շղթայում զարգացման անդարձելիությունը, նորի անհաղթահարելիությունն ու կենսունակությունը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 340)։ |