Արմավիրի մարզային գրադարան

գրադարան

«Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Արմավիրի մարզի ամենամեծ գրականության պահոց ունեցող գրադարանն է։ Գրադարանն ստեղծվել է մշակութային տեղեկատվական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով։ Գրադարանը գործում է Արմավիրի Սայաթ- Նովա 23 շենքի 1-ին հարկում[1]։

Արմավիրի մարզային գրադարան
Երկիր Հայաստան
Տեսակգրադարան
Այլ տվյալներ
Կայքarmavir.reglib.am(հայ.)

Պատմություն խմբագրել

Գրադարանը հիմնադրվել է 1938 թվականին։ 1931 թվականին, Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրումից հետո, քաղաքում բացվել են բազմաթիվ մշակութային հաստատություններ՝ գրադարաններ, մշակույթի տներ, թանգարաններ։ 1938 թվականին հիմնադրվել է թիվ 1 քաղաքային գրադարանը՝ 200 միավոր գրականությամբ։ Գրադարանի վարիչ է նշանակվել Մարուսյա Միրզոյանը։ Հետագայում, գրադարանը լրացվել է հարուստ գրքային ֆոնդով, որը համալրվել է փոստից ստացված ամենամսյա փոքրիկ գրքային կապոցների միջոցով։

1961 թվականին գրադարանի գրքային հավաքածուն կազմել է մոտավորապես 11000-18000 միավոր տպագիր արտադրանք։ Գրադարանում հավաքվել են քաղաքի մտավորականները՝ գրողներ, ուսուցիչներ, դերասաններ։ Գրադարանում քննարկվել են գրականությանը, արվեստին նվիրված հարցեր և խնդիրներ։ 1975 թվականի հունվարին Հոկտեմբերյանի տարածքի գրադարանները  միավորվել են քաղաքի թիվ 1 գրադարանի գրքային ֆոնդին, ստեղծելով Գրադարանների կենտրոնացված համակարգ, 54 մասնաճյուղ գրադարաններով։ Կենտրոնական համակարգը  կենտրոնացրել է գրքերի համալրումը և գրադարանային մատենագիտական աշխատանքները։

1998 թվականին գրադարանը մասնակցել է «Բաց հասարակություն հիմնադրամի» հայտարարած դրամաշնորհին, որի արդյունքում գրադարանը համալրվել է տեխնիկական սարքավորումներով։ Արդյունքում, ստեղծվել են նաև էլեկտրոնային գրացուցակներ։ 2001 թվականին գրադարանը «Եվրասիա» հիմնադրամի կողմից արժանացել է դրամաշնորհի և իրականացրել «Գրադարանները՝ որպես հանրային հաղորդակցության կենտրոններ» ծրագիրը։ 2001 թվականից գրադարանի տնօրենն Աիդա Ղազարյանն է[2]։

2003 թվականի հունվարի 1-ին, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 5-ի 886-Ն որոշման համաձայն[3], գրադարանը վերակազմակերպվել է «Արմավիրի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի։ 2005 թվականին գրադարանում բացվել է երաժշտագիտական գրականության սպասարկման ենթաբաժինը։

Գրադարանային ֆոնդ և գործունեություն խմբագրել

Գրադարանի գրքային հավաքածուն կազմում է 111412 միավոր։ Գրադարանն զբաղվում է համայնքային գրադարանների տեղեկատվական, մատենագիտական և մասնագիտական խորհրդատվություններ տրամադրման աշխատանքներով։ Գրադարանում գործում են 9 առանձնացված բաժիններ․

  1. Վարչական բաժին,
  2. Գրադարանային հավաքածուի կազմակերպման, պահպանման և օգտագործման բաժին։ Բաժինն իրականացնում է հավաքածուի պահպանման, ստուգման աշխատանքներ, գրադարանի բաժիններին տրամադրում անհրաժեշտ գրականություն, համայնքային գրադարանների հետ աշխատանքների կազմակերպում, գրադարանային սպասարկման կարիքների բավարարում։
  3. Մատենագիտական տեղեկատվության բաժին։ Բաժինն իրականացնում է տեղեկատու-մատենագիտական սպաասարկման ապահովում։
  4. Սպասարկման բաժին, որն ունի իր առանձին գրքային հավաքածուն՝ պարբերաբար համալրվելով բոլոր ճյուղերի վերաբերյալ գրականությամբ։
  5. Ընթերցասրահ, որը կազմակերպում է գրադարանի ներսում ընթերցողների սպասարկումը, պլանավորում ոչ ստացիոնար սպասարկման զարգացման ուղիները։
  6. Մանկական բաժին, որն իրականացնում է սպասարկում՝ ըստ տարիքային խմբերի։
  7. Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին, որի հիմնական խնդիրը գրադարանային հավաքածուների համալրման ապահովումն է։ Համալրումն իրականացվում է հաշվի առնելով ընթերցողների նախասիրություններն ու հետաքրքրությունները, նրանց ներկայացրած պահանջարկն ու գրադարանի մերժումները։
  8. Գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային տեղեկատվության սպասարկման բաժին։ Բաժինը մասնակցում է հայաստանյան գրադարանների էլեկտրոնային համահավաք գրացուցակի ստեղծման աշխատանքներին։
  9. Տնտեսական բաժին։

Գրադարանում անցկացվում են մշակութային  գրական-երաժշտական միջոցառումներ, մեծարման ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, ցուցահանդեսներ։ Կազմակերպվում են հանդիպումներ գրողների, կոմպոզիտորների և մշակութային այլ գործիչների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  2. hushardzantest. «ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.