Արձանագրագիտություն, օժանդակ պատմական դիսցիպլին, որի նպատակն է հավաքել և ուսումնասիրել ժայռերի, ճարտարապետական հուշարձանների, մետաղե և կավե իրերի վրա եղած արձանագրությունները։ Հին ու միջնադարյան ժողովուրդների գրերով և լեզվով պահպանված արձանագրությունները առատ նյութ են տալիս անցյալի քաղաքական, սոցիալ–տնտեսական և գաղափարական կյանքի վերաբերյալ։ Արձանագրագիտությունը սկիզբ է առել Վերածնության դարաշրջանում։ Հիմնադիրն է իտալացի Կիրիակո Անկոնացին (1391-1452 թվականներին)։ Արձանագրագիտություն իսկական զարգացում է ապրել 19-րդ դարի կեսին, երբ հավաքված նյութերի մեծ ծավալը, բազմալեզու և բազմագիր բնույթն այն ճյուղավորեց ըստ մի քանի մասնավոր բնագավառների՝ գրերի սիստեմների և լեզուների։ Արձանագրագիտությունը հիմնականում զբաղվում է.

Առաջին խնդրի լուծմանը մեծապես նպաստեցին երկլեզվյան և եռալեզվյան արձանագրությունների հայտնաբերումը, ինչպես՝ Դարեհ I-ի Բեհիսթունի արձանագրությունը և Ռոզեթյան քարի արձանագրությունը։ Սրանցում եղած լեզուներից մեկի ծանոթ լինելը և նրանում հատուկ անունների առկայությունը բանալի տվեցին անհայտ լեզվի վերծանման համար։ Երկրորդ խնդիրը լուծվում է մեռած լեզվի հիման վրա առաջացած կենդանի լեզվի աստիճանական զարգացման ուսումնասիրությամբ։ Եգիպտական հիերոգլիֆ (վերծանել է ֆրանս․ լեզվաբան Ֆրանսուա Շամպոլիոնը), սեպագիր, սեմական, հնդկական և այլ արձանագրությունները սկսեցին հրատարակվել 19-րդ դարերում, իսկ հունարենը և լատիներենը ավելի վաղ՝ 17-րդ դարում։ Հայաստանում ուսումնասիրվում են հին (ուրարտերեն, հունարեն, լատիներեն ևն) և միջնադարյան արձանագրությունները։ Հայ արձանագրագիտություն սկզբնավորվում է 19-րդ դարում։ Հայաստանում արձանագրությունների հավաքման և ուսումնասիրման գործին առաջին անգամ ձեռնամուխ է եղել Ներսես Աշտարակեցին։ Մինչև 19-րդ դարի կեսը լույս են տեսել Մ․ Բժշկյանի, Հ․ Շահխաթունյանցի, Ս․ Ջալալյանցի արձանագրագիտական աշխատությունները, որոնց հետագայում հետևեցին ավելի ընդարձակ ուսումնասիրություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 85