Արծրուն Մարգարյանի սպանություն

Արծրուն Մարգարյանի սպանություն, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանությունը), որը տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 8-ին Նոր Հաճնի մերձակայքում։

Մահափորձ խմբագրել

1998 հունվարի 21-ին անհայտ անձինք կրակել էին Մարգարյանի ոտքերին, սակայն դեպքին հանրության արձագանքը այնքան էլ լուրջ չէր և շատերն այն համարում էին մահափորձի իմիտացիա և ինքնավնասում[1]։

Սպանություն խմբագրել

1999 թվականի փետրվարի 9-ին կեսօրին հայտնի դարձավ, որ Նոր Հաճնի ճանապարհի խաչմերուկին հարող ամայի տարածքում գտնվել է Արծրուն Մարգարյանի դին՝ հրազենային վիրավորվամբ։

Արծրուն Մարգարյանը փետրվարի 8-ի երեկոյան երկու թիկնապահների հետ գնացել էր Նոր Հաճն, թիկնապահներից մեկի «ժիգուլի» մակնիշի պետական համարանիշով մեքենայով։ Նա հորաքրոջ տանը մասնակցել է խնջույքի, վերադարձի ճանապարհին մեքենան կայանել են բնական կարիքները հոգալու նպատակով, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը։ Նրա վրա հայտնաբերվել է 2 կրակոց, մեկը՝ կրծքավանդակի հատվածում, մյուսը՝ գլխի։ Մարգարյանի դին հայտնաբերվել է մոտ 12 ժամ անց, փետրվարի 9-ի կեսօրին։

Քրեական գործ խմբագրել

Հայաստանի գլխավոր դատախազությունը նույն օրը քրեական գործ է հարուցել սպանության վերաբերյալ։ Սպանության կասկածանքով կալանավորվել են Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյանները։ 5 ամիս բանտում պահելուց հետո նրանց ազատ արձակեցին։ Հետո կալանավորեցին Հրանտ Պապիկյանին, որը ներքին զորքերի բժշկական ծառայության պետն էր։ Նա իրավապահներին հայտնել էր, որ Արծրուն Մարգարյանը հրահանգել էր կրակել իր վրա։ Դատախազությունը շրջանառեց ինքնասպանության վարկածը, որը հաստատեց նաև Հրանտ Պապիկյանը, ինչից հետո վերջինս ազատ արձակվեց։

Արձագանք խմբագրել

Վազգեն Սարգսյանը և պաշտպանության նախարարության հրամանատարները դատախազության կողմից ինքնասպանության վարկածի շրջանառելու հաջորդ օրը հավաքվեցին պաշտպանության նախարարության Աշտարակի խճուղու վրա գտնվող հին շենքում՝ փաստացի վերջնագիր ներկայացնելով իրավապահներին։

Ինքնասպանության վարկածն անընդունելի էր նաև հանրության համար, քանզի, ըստ նրանց, երկու մահացու կրակոցներով խոցված մարդը չի կարող ինքնասպան համարվել։ Քննարկվում էր քաղաքական շարժառիթներով սպանության վարկածը։ Արծրուն Մարգարյանը և նրա սպանությունից երկու ամիս առաջ իր տան մուտքի մոտ սպանված ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերները և զինակիցներ էին։ Վազգեն Սարգսյանի մտերիմները սեփական հետաքննություն են անցկացրել և համոզված են, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ գործը չբացահայտվի։ Այդ ժամանակ դաշնակցական թերթերը փորձեցին Արծրուն Մարգարյանի սպանությունն օգտագործել Վանո Սիրադեղյանի դեմ, որը հակասաություններ ուներ Վազգեն Սարգսյանի հետ։ Արծրուն Մարգարյանի գործով հարցաքննվել էին Արմեն Տեր-Սահակյանը, որը հայտնի էր որպես Վանո Սիրադեղյանի ստեղծած «բանդայի պարագլուխ»[2] և ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը։ Հարությունյանը 2000 թվականի հունվարի 20-ի ցուցմունքում հայտնել է.

  Վազգենը Վանոյին դեմ է արել փակուղու, և նա՝ Վանոն, ասել էր, որ Բուդոյի (Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյան) ավտոմեքենայից տեղյակ է (գնդակոծություն և սպանության փորձ), իբր Արմեն Տեր-Սահակյանի տղերքն են ինքնագլուխ գործել, իսկ մնացած դեպքերից տեղյակ չէ։
- Վահան Հարությունյան, 2000թ, հունվարի 20
 

Վահան Հարությունյանը նաև հայտնել է, որ Արծրուն Մարգարյանի ոտքերին կրակելուց հետո Արմեն Տեր-Սահակյանի թիմակիցները մշտապես իրեն հրավիրել են խնջույքի, իսկ ինքը միշտ հրաժարվել է գնալ՝ տարբեր պատճառաբանություններով։ Մի դեպքում նա հայտնել է, որ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման է գնում, իսկ նրան հրավիրողը վրդովվել և ասել է, որ հին տղերքով հավաքվել են և շուտով Վազգենի հարցերն էլ կլուծեն։ Վահան Հարությունյանը կապ է հաստատել հիվանդանոցում գտնվող Արծրուն Մարգարյանի հետ և այդ մասին հայտնել նրան։ Վերջինս ասել է. «Ոչ մի տեղ չգնաս, քեզ սպանելու են։ Մյուս օրերից մեկում ինձ ընդունեց Վազգեն Սարգսյանը։ Նա նույնպես արդեն տեղյակ էր և ասաց. «Նրանք երևի քեզ էին քաշում իրենց մոտ, որ սպանեին, որովհետև Վանոյի փրկությունը նաև դրանում է»»[3]։

Սյունիքի նախկին փոխմարզպետ և Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ Դավիթ Մաթևոսյանը, որն առաջինն էր տեղյակ պահել ՆԳ նախարարությանը Մարգարյանի անհետացման մասին և ներկա էր եղել դեպքի վայրի զննությանը, հայտնել է, թե ինչպես է զննություն կատարող անձն առանց ձեռնոցների, մահացած Մարգարյանի ձեռքից վերցրել ատրճանակը։

  «Երկու կրակոցի հետք կար մարմնին։ Մի վերքից երևում էր, որ փամփուշտն առջևից էր մտել, կրծքավանդակից ու երիկամից դուրս էր եկել, երկրորդը ծոծրակից էր մտել և դուրս էր եկել աչքից։ Երկու կրակոցներն էլ մահացու էին»։
- Դավիթ Մաթևոսյան
 

Կենսագրություն խմբագրել

Արծրուն Մարգարյանը ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան առաջին պատերազմին։ Մասնակցել է Բերձորի և Քարվաճառի ազատագրման և Մեղրիի շրջանի պաշտպանության գործողություններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիմոնյան, Սյուզան (2017 թ․ փետրվարի 11). «Սպանությունից 18 տարի անց». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  2. LLC, Helix Consulting. «Ցմահ դատապարտյալներից երեքը հացադուլ են հայտարարել, նրանց թվում է՝ զինված բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանը». www.pastinfo.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Ինքնասպանություն» երկու կրակոցով՝ գլխի և սրտի շրջաններում. հայրենի իրավապահների զավեշտը

Արտաքին հղումներ խմբագրել