Ավիացիոն բժշկագիտություն
Ավիացիոն բժշկագիտություն, բժշկագիտության բաժին, որի նպատակն է օդագնացության անվտանգության բժշկական ապահովումը։
Կազմ
խմբագրելԱվիացիոն բժշկագիտության կազմի մեջ մտնում են՝
- ավիացիոն ֆիզիոլոգիա
- ավիացիոն հիգիենա
- ավիացիոն թունագիտություն
- ավիացիոն հոգեբանություն
- ավիացիոն կենսաքիմիա
- թռչող անձնակազմի բժշկական փորձաքննություն։
Ուսումնասիրման առարկան
խմբագրելՈւսումնասիրման առարկան է.
- օրգանիզմի բացառիկ վիճակները՝ թռիչքային հոգնածությունը և գերհոգնածությունը, քրոնիկական հոգնածությունը, բարձունքային, օդային հիվանդությունները,
- թռչող անձնակազմի գործունեությունը,
- մասնագիտական յուրահատուկ պայմանները։
Խնդիրներ
խմբագրելԽնդիրներն են.
- թռչող անձնակազմի աշխատունակության բարձր մակարդակի, առողջության, «թռիչքային երկարակեցության» ապահովումը,
- օդաչուների աշխատանքի, կենցաղի, սննդի և հանգստի ֆիզիոլոգա-հիգիենային նորմաների, ինչպես նաև օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցառումների մշակումը,
- օդային ծառայության մեջ ընդունվողների բժշկական ընտրությունը, տարբեր վնասակար գործոններից մարդու օրգանիզմը պաշտպանելու միջոցների ապահովումը (ինքնաթիռի հերմետիկ խցիկներ, թթվածնա-շնչառական գործիքներ)։
Ուսումնասիրում է նաև օդային աղետների պատճառները, մշակում թռչող անձնակազմին և ուղևորներին բժշկական օգնություն ցույց տալու կոնկրետ միջոցառումներ։
Մեթոդներ
խմբագրելԱվիացիոն բժշկագիտության տարածված մեթոդներից են.
- զանազան սարքերի օգնությամբ (բարոխցիկներ, ցենտրիֆուգա և այլն) յուրահատուկ պայմանների մոդելավորումը,
- ինքնուրույն կամ հեռավորությունից ղեկավարվող սարքերի օգնությամբ օրգանիզմի գործունեության մասին ինֆորմացիայի ստացումը և մշակումը, *բարձունքային կլիմայավարժեցման օգնությամբ օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության բարձրացումը։
Ավիացիոն բժշկագիտության բազմաթիվ պրոբլեմներ և մեթոդներ սերտորեն առնչվում են տիեզերական բժշկագիտության պրոբլեմների և մեթոդների հետ։
Զարգացում
խմբագրելԱվիացիոն բժշկագիտության զարգացման ժամանակակից բնորոշ գծերն են.
- թռիչքի գիտական կազմակերպումը,
- ավիացիոն տեխնիկայի աճող պահանջներին համապատասխան հատուկ ֆունկցիոնալ ախտորոշման մեթոդների զարգացումը,
- օրգանիզմի և միջավայրի փոխհարաբերության նոր, ընդհանուր օրինաչափությունների որոնումները,
- մաթեմատիկական մեթոդների և կիբեռնետիկայի ներդրումը,
- թռիչքի պայմաններում «մարդ-մեքենա» համակարգի ուսումնասիրումը,
- ստացված արդյունքների ընդհանրացումը։
Ավիացիոն բժշկագիտության միջազգային կազմակերպությունը ավիացիոն և տիեզերական բժշկագիտության ինտերնացիոնալ ակադեմիան է (կենտրոնը՝ Փարիզ)։ ԽՍՀՄ-ում ավիացիոն բժշկագիտության մասնագետներ պատրաստում են բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստուտի ավիացիոն բժշկագիտության ամբիոնը (Մոսկվա) և Ս. Մ. Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիան (Լենինգրադ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 621)։ |