Ավելյաց
Ավելյաց, Հայկյան տոմարի տասներեքերորդ (լրացուցիչ) ամիսն է, ունեցել է 5 օր հասարակ տարիներին և 6 օր՝ Նահանջ տարիներին։ Սկսվել է օգոստոսի 6-ին և վերջացել օգոստոսի 10-ին։
«Ավելեաց» նշանակում է «լրացուցիչ», «ավելացրած»։ Հայկյան տոմարի ամիսներից յուրաքանչյուրը ունի 30-ական օր, ուստի տարին 365 օր ունենալու փոխարեն, ունենում էր 360 օր։ Տարվա օրերի քանակն ապահովելու համար, պակասող 5 օրերից կազմվել էր հավելյալ ամիս, որը նահանջ տարիներին բաղկացած էր եղել 6 օրից։
Անուններ ունեն նաև ավելյաց ամսի 5 օրերը՝ Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախոր, Ծկրավորի։ Ավելյացի անունները թեևմիայն հայերենում կան, բայց Արտախուր և Ծկրավորի բառերը դեռևս ճշտորեն չեն ստուգաբանված։ Արտախուրը բարդ բառ է, կազմված «արտ» (արտաքին)՝ և «խույր» (ակնեղենով զարդարված թագավորական գլխանոց) բառերից, նշանակում է խույրի արտաքին կողմի զարդերը[1]։
Փառազնոտը կապում են փառ (հնում նշանակել է «զգաստ») կամ «փայլ», «շող» բառերի հետ։ Ծկրավորի օրանվան բնիկ հայկական լինելու մասին է խոսում այն հանգամանքը, որ Վանա լճի շրջանում, Մոկսի և Ռշտունիքի միջև գտնվող Կարկառ գավառում եղել է Ծկրավոր անունով մի գյուղ։ Ղևոնդ Ալիշանը այս բառը նմանեցնում է ասորեստանյան արձանագրություններում վկայված «ծըկուրատ» (զիկուրատ) բառի հետ, որը նշանակում է «բոլորակ», «պարուրաձև դիտանոց»[1]։
Հայագիտության մեջ ընդունված է այն կարծիքը, թե այս անունները մոլորակների հայկական հնագույն անուններն են։ Քանի որ ամսվա օրանունները հազարամյակների հնություն ունեն և գալիս են Հայկ Նահապետի ժամանակից, ուստի դրանց մի մասը իբրև մոլորակների անուններ, խառնվել են և հստակ չեն։ Հստակ ե միայն Լուծը և Ծկրավորին։ Լուծը Փայլածուի հնագույն անունն է, իսկ Ծկրավորին՝ Հրատի։ Մնացածները միաժամանակ մեկ, երկու և ավելի մոլորակների անուն են նշանակել։ Օրինակ՝ Եղջերու Արուսյակն էր կամ Երևակը, Փառազնոտը՝ Լուսնթագը կամ Հրատը, Արտախուրը՝ Լուսնթագը կամ Երևակը[1]։
Հինգ կամ վեց օր պարունակող լրացուցիչ ամիսներ են ունեցել նաև Կենտրոնական Ամերիկայի մի քանի ժողովուրդներ, հին պարսիկները, ղպտիները, աղվաններ և այլք[1]։
Թեև Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո Եվրոպայի ժողովուրդները վաղուց հրաժարվել էին լրացուցիչ ամսվա գործածությունից, բայց ԺԸ դարի վերջերին ավելյաց ամիսը մտավ շրջանառության մեջ[1]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՖրանսիական մեծ հեղափոխության հաղթանակից հետո, 1793 թվականի հոկտեմբերի 25-ին, Ֆրանսիան չեղյալ հայտարարեց Հուլյան տոմարը և անցավ նոր տոմարի, որը պաշտոնապես կոչվում էր «Ֆրանսիական հանրապետության օրացույց»։ Այդ տոմարի մի քանի ամսանունների նշանակությունը շատ է հիշեցնում Հայկյան տոմարի ամսանունների ստուգաբանությունը (մարգաց, հրոտից)։ Հետաքրքիր է նաև, որ Ֆրանսիական օրացույցում ևս ամիսը 30 օր ուներ, տարին՝ 5 օր պարունակող հավելյալ ամիս, ինչպես Հայկյան տոմարում[1]։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԱվելյաց նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամսից ավելացած օրերը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 610)։ |