Ասատուր և Կլեոպատրա (Վահան Թոթովենց)

«Ասատուր և Կլեոպատրա», Վահան Թոթովենցի վիպակն է, որը գրվել է 1929 թվականին։

Ասատուր և Կլեոպատրա
Ժանրէպիկական
Ձևվիպակ
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուՀայերեն
ՎիքիդարանԱսատուր և Կլեոպատրա

Սյուժե խմբագրել

Վիպակը պատմվում է առաջին դեմքով։ Հեղինակը Նյու-Յորքի փողոցներից մեկում հանդիպում է իր հին ծանոթին, ում անունը Ասատուր էր, և փաթաթվում է նրան։ Նրանք հին երկրում բնակվում էին հարևանությամբ։ Ասատուրի հայրը հացթուխ էր, իսկ մայրը՝ կար անող։ Երկու ընկերները նստում են մի սրճարանում և զրուցում։ Ասատուրն ասում է, որ ինքը չգիտեր, որ իր ընկերը նույնպես այդ քաղաքում է, հակառակ դեպքում այդքան թշվառություն չէր քաշի։ Ընկերը նրան հրավիրում է վարձու սենյակում միասին ապրելու՝ մինչև Ասատուրի աշխատանք գտնելը։ Նա պատմում է, որ մինչև Ամերիկա գալը եղել է Եգիպտոսում։ Ալեքսանդրիայում պետք է նավ նստեր, որոշեց վարձել մի սենյակ, որպեսզի դրսում չսպասի ու այդ սենյակում մնաց երեք տարի, որովհետև կապեր էր ստեղծվել իր և տանտիրուհու միջև, ում նա Կլեոպատրա էր անվանում, որովհետև եգիպտուհի էր։ Կլեոպատրան ամուսնացած էր մի հույնի հետ, ով վաճառական էր։ Սակայն հետագայում Կլեոպատրայի ամուսինը իմանում է նրանց կապի մասին, Կլեոպատրային բանտարկում տանը։ Այդ հանդիպումից հետո անցել են տարիներ։ Ասատուրը այդպես էլ չկարողացավ աշխատանք գտնել։ Նա գնալով դառնում էր ավելի հոռետես։ Այդ անհաջողությունների պատճառով նա դարձել էր լռակյաց։ Բայց մի քանի օր հետո տուն վերադարձավ եկեղեցական տարազով. դարձել էր քրիստոնեության քարոզիչ։ Նա չէր հավատում քրիստոնեությանը, դրանով զբաղվում էր միայն նրա համար, որ դուրս գա ֆինանսական ծանր վիճակից։ Ու այդպես էլ եղավ։ Նա ընկերոջը վերադարձրեց այն գումարը, որը նրանից պարտքով էր վերցրել և տեղափոխվեց ուրիշ բնակարան։ Մի քանի օրից նա վերադարձավ ընկերոջ տուն և ասաց, որ ցանկանում է վերադառնալ Եգիպտոս, որովհետև կարոտել է Կլեոպատրային։ Այդ կնոջը չտեսնելու դեպքում անգամ, նույն քաղաքում նրա հետ ապրելը մեծ երջանկություն էր համարում։ Մի ամիս հետո Ասատուրը նորից վերադարձավ իր ընկերոջ մոտ և ասաց, որ գնում է Եգիպտոս։ Նրան եկեղեցին ուղարկում է Երուսաղեմ, իսկ ինքը որոշել է գնալ Եգիպտոս, որից հետո կվերադառնա և կպատմի մարդկանց, որ եղել է Երուսաղեմում։ Մի քանի օր հետո հեղինակը գնում է եկեղեցի և հավատացյալներից իմանում, որ Ասատուրը գնացել է Երուսաղեմ։ Այդ եկեղեցին և քրիստոնյաները Ասատուրի հետ կապված մեծ հույսեր ունեին։ Երեք ամիս հետո հեղինակը Ասատուրից ստանում է մի նամակ, որ Եգիպտոսում է, դժվարություններով, բայց ամեն օր տեսնում է Կլեոպատրային։ Իսկ ութ ամիս հետո նա տեսավ Ասատուրին, ով արդեն Ամերիկա էր վերադարձել։ Նա ասաց, որ չէր ցանկանում բաժանվել Կլեոպատրայից և հեռանալ Եգիպտոսից, իսկ Կլեոպատրան ոչ մի պայմանով չէր ցանկացել բաժանվել իր ամուսնուց։ Կիրակի էր։ Ասատուրը եկեղեցում էր հավաքել հավատացյալներին և պատմում էր Երուսաղեմում իր «տեսածների» մասին։ Նրա ընկերը թողեց և դուրս եկավ եկեղեցուց, որովհետև չէր ցանկանում լսել ընկերոջ սուտը։

Կերպարներ խմբագրել

  • Ասատուր
  • Կլեոպատրա
  • հեղինակ

Գաղափարական վերլուծություն խմբագրել

«Ասատուր և Կլեոպատրա» վիպակի գլխավոր հերոսը՝ Ասատուրը, առողջ, ուժեղ և պողպատե մկաններով մարդ էր, ով կործանվում է, խրվում կյանքի ճահիճները։ Ասատուրը տենչում էր դեպի գեղեցիկը, գեղեցիկ կինը, որին հասնելու համար նա կյանքի ամենահետին և կեղտոտ ուղիներն է ընտրում։ Հենց այդ ուղիներն էլ Ասատուրին տանում են կործանման[1]։

Ամերիկան Թոթովենցի ստեղծագրծության մեջ խմբագրել

Ամերիկան Թոթովենցի ստեղծագործությունների մեջ արտացոլվել է երկու ձևով, որոնք բաժանվել են երկու կարևոր շրջափուլերի՝ սփյուռքահայ (1920-1923թթ.) և խորհրդահայ (1924թ. հետո)։ Երկրորդ շրջափուլում Թոթովենցի գեղարվեստական օբյեկտիվի մեջ ամերիկացին է, ով ազգությամբ հայ է, իտալացի, հույն, ֆրանսիացի և այլն («Ասատուր և Կլեոպատրա», «Գերտրուդ», «Իզաբելլա Սերրանո» և այլն)։ Սակայն շրջափուլային այսպիսի բաժանման հիմքում ոչ թե թեմատիկ, այլ տարածաժամանակային պայմանավորվածությունն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական թերթ, N 30, 1956թ., էջ 2։
  2. Թոթովենց, Վահան (1988). Երկեր, հատոր 1. Սովետական գրող. էջ 12-13.