Ապօրինի հարստանալը՝ անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումն է, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով։ Ապօրինի հարստացումը աշխարհի շատ երկրների քրեական օրենսդրությամբ նախատեսվում է որպես քրեորեն պատժելի արարք և լուրջ իրավական գործիք՝ ընդդեմ կոռուպցիայի։

Հայաստանի Ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը

Ապօրինի հարստացման քրեականացումը Հայաստանում խմբագրել

Ապօրինի հարստանալը՝ որպես հանցագործություն, Հայաստանի քրեական օրենսգրքում նախատեսվել է 2016 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանի քրեական օրենսգիրքը լրացվեց 310.1 հոդվածով։ Հոդվածն ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ից և սահմանվում է հետևյալ կերպ՝ Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ։

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»։ Հանցագործության հիմնական-անմիջական օբյեկտը պետական ծառայության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են։ Լրացուցիչ անմիջական օբյեկտ են հանդիսանում պետական ապարատի անխափան, բնականոն գործունեությունը, պետական իշխանության հեղինակությունը, ինչպես նաև անձանց և կազմակերպությունների իրավունքները և օրինական շահերը։

Օբյեկտիվ կողմից ապօրինի հարստացումը դրսևորվում է հաշվետու ժամանակահատվածում պաշտոնատար անձի գույքի ավելացմամբ և (կամ) պարտավորությունների նվազմամբ, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են։ Այսինքն՝ ապօրինի հարստացումն այսպես կոչված «պահուստային» հանցակազմ է և արարքն այս հոդվածով կարող է որակվել այն ժամանակ, երբ անձի արարքում բացակայում են (չեն հիմնավորվում) ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները։ Ապօրինի հարստացման սուբյեկտը հատուկ է՝ այն է՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը։ Սուբյեկտիվ կողմից ապօրինի հարստացումը դրսևորվում է դիտավորությամբ։

Ապօրինի հարստանալը միջազգային - իրավական փաստաթղթերում խմբագրել

Ապօրինի հարստացումը՝ որպես հակակոռուպցիոն գործիք, սահմանվում է մի շարք միջազգային-իրավական ակտերում։ Դրանցից թերևս գլխավորը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան[1] է, որը Հայաստանի կողմից ստորագրվել է 2005 թվականի մայիսի 19–ին, իսկ վավերացվել 2007 թվականի մարտի 8–ին։

Այսպես՝ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ «Իր սահմանադրությունը և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել»։ «Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Աֆրիկական միության կոնվենցիայի (ընդունված` 2003թ.-ին) 4(1)(g) հոդվածը ապօրինի հարստացումը համարում է «կոռուպցիոն գործողություն» և «հանցագործություն», իսկ ապօրինի հարստացման սահմանումը ըստ հոդված 1(1)-ի հետեւյալն է. «Ապօրինի հարստացումը պաշտոնատար կամ ցանկացած այլ անձի ակտիվների նշանակալից ավելացումն է, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել»։ Նույնաբովանդակ իրավական դրույթ է ամրագրված նաև 1996 թվականի մարտի 29–ին ընդունված «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» միջամերիկյան կոնվենցիայի 9–րդ հոդվածում, որը նույնպես քրեականացնում է ապօրինի հարստացումը։ Այդ կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ավելի քանի երկու տասնյակ պետություններ[2]։

Հղումներ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  2. ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱ՝ Ի ԴԵՄՍ «ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, Երևան 2016 թ. Հունիս http://armla.am/wp-content/uploads/2018/01/%D4%B1%D5%BA%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4_%D5%88%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%BB%D5%80%D4%B1.pdf