Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն

Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն, կազմավորվել է 1998 թվականին՝ Հայկական անասնաբուժության ԳՀԻ (1992, կազմավորվել է Դաբաղի ՀամԳՀԻ անդրկովկասյան մասնաճյուղի (1972) և Անասնաբուժության ԳՀԻ (1980) միավորմամբ) և Անասնաբուծության տոհմային գործի ԳԱՄ-ի (1987, կազմավորվել է Հայկական անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ հիման վրա) միավորմամբ։

Խնդիրներ

խմբագրել

Հիմնական խնդիրներն են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծման և կերակրման արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, բարձր մսատու, կաթնատու և հիվանդությունների նկատմամբ դիմացկուն ցեղերի ստեղծումը, դրանց օրգանիզմի կառուցվածքի, նրանում ընթացող բնականոն և ախտաբանական շարժընթացների ուսումնասիրումը, վարակիչ, մակաբուծական և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների ՀՀ ներթափանցումը կանխող միջոցառումների մշակումը։

Բաժիններ

խմբագրել

Ունի տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզերի, թռչունների, վերարտադրության, վիրուսաբանության, մակաբուծաբանության, կենսապատրաստուկների վերահսկման, կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման, հատուկ վտանգավոր հիվանդությունների ուսումնասիրման և բջջային կուլտուրաների բաժիններ։ Ստեղծվել են կովկասյան գորշ տավարի, հայկական մառդեր ճագարի, երևանյան հավերի, հայկական կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղերը, արագածյան ոչխարների ցեղախումբը և բազմաթիվ ներցեղային տիպեր։ Մշակվել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդյունավետ եղանակներ։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։