Ադամանդե փոշի, օդերևութաբանական երևույթ՝ մանր սառցե բյուրեղներից կազմված ցածր վերերկրյա ամպի տեսքով։ Ադամանդե փոշին սովորաբար ձևավորվում է պարզ կամ գրեթե պարզ երկնքի ժամանակ, այդ պատճառով այն հաճախ անվանում են նաև «պարզ երկնքի տեղումներ»։ Առավել հաճախ այս երևույթը նկատվում է Անտարկտիկայում և Արկտիկայում, բայց կարող է դիտվել նաև զրոյից ցածր ջերմաստիճանով ցանկացած տեղ։ Բևեռային շրջաններում ադամանդե փոշին կարող է նկատվել մի քանի օր անընդմեջ։

Sun halo optical phenomenon edit.jpg
Ադամանդե փոշի (Ֆինլանդիա, Ինարի համայնք)

Ադամանդե փոշին մառախուղ է հիշեցնում, սակայն, ի տարբերության նրա, կազմված է ոչ թե հեղուկ ջրից, այլ անմիջապես սառույցից։ Բացի այդ, ի տարբերություն մառախուղի, այն միայն հազվադեպ և միայն աննշան է իջեցնում տեսանելիությունը։ Ադամանդե փոշու շերտի խորությունը կարող է տատանվել 20-ից մինչև 300 մետր։ Սառույցի բյուրեղները առաջանում են ջերմաստիճանի ինվերսիայի դեպքում, երբ երկրի մակերևույթի վրա տաք օդը խաառնվում է սառը օդի հետ[1]։ Քանի որ տաք օդը սովորաբար պարունակում է ավելի շատ ջրային գոլորշի, քան սառը օդը, որպես կանոն, այդպիսի միախառնումը բերում է մակերևույթին մոտ ջրային գոլորշու տեղափոխություն, ինչի արդյունքում երկրամերձ օդի հարաբերական խոնավությունը մեծանում է։ Եթե մակերևույթին մոտ հարաբերական խոնավության մեծացումը բավականին մեծ է, ապա կարող են առաջանալ սառույցի բյուրեղիկներ։ Սառույցի բյուրեղների ձևավորման համար անհրաժեշտ է, որ ջերմաստիճանը ցածր լինի զրո աստիճանից, չնայած սովորաբար դրանք գոյանում են առավել ցածր ջերմաստիճաններում։ Առաջացած բյուրեղները սովորաբար վեցանկյունաձև են[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Glossary of Meteorology (June 2000)։ «Diamond Dust»։ American Meteorological Society։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-03-ին։ Վերցված է 2010-01-21 
  2. Kenneth G. Libbrecht (2001)։ «Morphogenesis on Ice: The Physics of Snow Crystals»։ Engineering & Science (California Institute of Technology) (1): 12։ Վերցված է 2001-01-21