«Ադամամութին», Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարի նովելներից է։ «Մեր թաղը» նովելաշարը Նար-Դոսի այն քիչ գործերից է, որ հեղինակը հավանել է, և պատճառը կոնկրետի և ընդհանուրի հարաբերությամբ տիպական հանգամանքների և բնավորությունների գեղարվեստական ամբողջացումն է։ Նար-Դոսը ընդհանրացրել է թաղի արհեստավորական կյանքին բնորոշ երևույթներ՝ մարդկային ճակատագրերի վրա թողած իրենց ազդեցություններով[1]։

Ադամամութին
Ժանրէպիկական
Ձևպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1898
Նար-Դոս

Սյուժե խմբագրել

Պատմվածքը սկսվում է Շուշանի արտաքին տեսքի նկարագրությամբ։ Նա մի պստիկ, լղար կին էր, ով կուչ էր եկել խրճիթի մի անկյունում։ Դա մի մեծ խրճիթ էր, որը երբեմն տանտիրոջ կթան կովերի համար գոմի տեղ էր ծառայում։ Ընտանիքն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ։ Ընտանիքի հայրը՝ Կարապետը, ղասաբների տավարն էր պահում, շաբաթներով տուն չէր գնում, և ընտանիքի ամբողջ հոգսը մնացել էր Շուշանի վրա։ Նա ուներ չորս երեխա և գտնվում էր երկունքի ցավերի մեջ։ Շուտով լույս աշխարհ էր գալու հինգերորորդ երեխան։ Երեխաներց ամենամեծը տղան էր, ում հայրը տվել էր մանրավաճառի մոտ աշակերտ։ Նա ստանում էր շաբաթական 20 կոպեկ, սակայն մի քանի օրից թողեց արհեստն ու փախավ փողոցային տղաների հետ, իսկ հետո հայրը որդուն տեսավ ոստկանի հետ ոստիկանատուն գնալիս. ձերբակալվել էր գողության համար։ Աշնանային մի ցուրտ օր էր։ Երեխաներից երկուսը, որոնցից մեկը երեք, մյուսը չորս տարեկան էր, նստած էին իրար մոտ, Շուշանը տնքում էր ցավից։ Հանկարծ դուռը բացվում է, և ներս է մտնում 7-8 տարեկան մի աղջիկ։ Սոնեն էր, ով հաց էր բերել երեխաների համար։ Նա հացը բերել էր իրենց հարևան մի հարուստ ընտանիքից, ուր հաճախ գնում էին ինքն ու մայրը, մի քանի կենցաղային գործեր կատարում և վաստակում իրենց օրվա ապրուստը։ Երեխաներն արդեն քնել էին, իսկ Շուշանի ցավերն ու տանջանքները դեռ շարունակվում էին։ Մենակ էր, օգնող չուներ։ Երկու երեխաներին էլ ունեցել էր առանց «տատմոր» օգնության, որովհետև աղքատ էր։ Ադամամութին Սոնեն արթնացավ, ու նրան տարօրինակ թվաց այն, որ դեռ լամպը վառվում էր, հետո տեսավ մորը, ով, լաթերի մեջ փաթաթված, տարօրինակ շարժումներ էր անում, և լսվում էր մի այնպիսի ձայն, կարծես կատու էր մլավում։ Երբ ավելի մոտեցավ, տեսավ մոր մոտ մի փոքրիկ երեխայի։ Մայրը կռացել էր երեխայի վրա և խեղդում էր նրան՝ կրկնելով. «Ի՞նչ եմ անում... ի՞նչ եմ անում... քիչ ունե՞մ... քե՞զ ոնց պահեմ... քե՞զ ոնց պահեմ...[2]»: Մանկան ձայնն այլևս չէր լսվում։ Սոնեն հանկարծ ճչաց, ինքն էլ չէր իմանում՝ ուրախանա, որ երեխա է ծնվել, թե սարսափի մոր արարքից։

Կերպարներ խմբագրել

  • Շուշան
  • Կարապետ
  • Սոնե
  • Երեխաներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սաֆարյան, Վազգեն (2022). 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականություն (PDF). Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 189.
  2. Նար-Դոս (1977). Երկեր. Երևան: Սովետական գրող. էջ 95.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ադամամութին (Նար-Դոս)