Ագրոքիմիական քարտեզագրամներ

Ագրոքիմիական քարտեզագրամներ

Ագրոքիմիական քարտեզագրամներ, քարտեզ, որի վրա տարբեր գույներով և ուրվագծմամբ ցույց է տրված հողի սննդային նյութերով (սովորաբար՝ ֆոսֆորով, կալիումով, հազվադեպ՝ ազոտով և միկրոտարրերով) ապահովվածությունը, ինչպես նաև թթվայնությունը։

Նկարագրություն խմբագրել

Ագրոքիմիական քարտեզագրամի կազմման համար իրականացվում է հողի ագրոքիմիական հետազոտություն։ Տարածքը հողի, ռելիեֆի, նախկինում օգտագործված պարարտանյութերի համասեռության սկզբունքով մասնատում են տեղամասերի (2–5 հա)։ Յուրաքանչյուր տեղամասից վերցնում են հողի մի քանի նմուշ, որոնց խառնումից ստանում են մոտ 1 կգ հողազանգված։ Որոշում են դրանում ֆոսֆորի, կալիումի, ազոտի պարունակությունը և թթվայնությունը։ Քարտեզի վրա սննդային նյութերի միանման պարունակությամբ կամ թթվայնությամբ մոտ տեղամասերը ներկում են նույն գույնով և միմյանցից սահմանազատում ուրվագծով։ Սովորաբար կազմվում են մի քանի ագրոքիմիական քարտեզագրամ, որոնցից մեկով արտահայտվում է հողի ապահովվածությունը ֆոսֆորով (ֆոսֆորային պարարտանյութերի պահանջի քարտեզագրամ), երկրորդով՝ կալիումով (կալիումային պարարտանյութերի պահանջի քարտեզագրամ), երրորդով՝ թթվայնությունը և հողերի աղակալումը (կրայնացման կամ գիպսացման պահանջի քարտեզագրամ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։