Բազումք (տիեզերական հետազոտությունների լաբորատորիա)

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա, հայկական տիեզերական հետազոտություններով զբաղվող կազմակերպություն, որը հիմնվել է Երևանում, Հայաստանում, 2020 թվականի վերջին։ 2023 թվականից Գիտական նորարարության և կրթության կենտրոնի հետ համատեղ մասնաշենք են հիմնել Կոտայքի մարզի Զովունի գյուղում, որը նախատեսված է փոքր ձևաչափի արբանյակների թեստային նմուշների հավաքման, ինտեգրման և փորձարկման հետ կապված աշխատանքների համար։ Լաբորատորիան հագեցված է այդ աշխատանքների համար անհրաժեշտ հատուկ պայմաններով։ Նոր մասնաշենքը բացվել է երկու հիմնադրամներին տրվող մասնավոր հատկացումների շնորհիվ[1]։

Պատմություն խմբագրել

«Բազումք»-ը ստեղծվել է 2020 թվականին։ Այն հիմնադրել են գլխավոր տնօրեն աստղագետ Ավետիք Գրիգորյանը, Վաչիկ Խաչատրյանը, Տիգրան Շահվերդյանը և խորհրդի անդամ ինչպես նաև տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։ Մինչ այդ Ավետիք Գրիգորյանը 1988 թվականին հիմնադրել և ղեկավարել է «AYAS» տիեզերագիտական ակումբը, որը հետագայում դարձել է տիեզերագիտական ընկերություն և որը գործում է առ այսօր[2]։

Զուգահեռաբար աշխատել են նաեւ Հայաստանի համար տիեզերական ռազմավարության փաստաթղթի նախնական տարբերակի մշակման վրա։

2021 թվականին իրականացրել են երկու բարեհաջող թռիչք դեպի ստրատոսֆերա, որի ընթացքում ընկերությունն իր կողմից մշակած հետազոտական սարքը օդապարիկով արձակեց ստրատոսֆերա՝ մինչև 30 կմ բարձրություն՝ բերելով մթնոլորտային պայմանների և թռիչքին վերաբերող բոլոր գրանցված տվյալներն ու նկարահանված տեսանյութերը[3][4]

Առաքելություն խմբագրել

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար[5]։

2023 թվականից Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE) հետ մեկտեղ աշխատում են մի ծրագրի վրա, որի նպատակն է Հայաստանում և հայ մասնագետների կողմից ստեղծված արբանյակի դուրսբերումը երկրաշուրջ ուղեծիր։ Նախատեսվում է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռի միջոցով տիեզերք ուղարկել «Hayasat-1» անվանումը ստացած արբանյակը, որը CubeSat ձևաչափի է, և որը տվյալներ կուղարկի ուղեծրից։ Արբանյակի հետ կապը՝ տվյալների ստացումը և հրահանգների ուղարկումը նախատեսվում է իրականացնել «Բազումք» լաբորատորիայի տարածքից[6]։

Համագործակցություն խմբագրել

2023 թվականին «Arrow» հայ-հնդկական համաժողովի ընթացքում համագործակցություն է ձևավորվել «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հնդկաստանի Հայդարաբադի «Skyroot Aerospace»-ի միջև, որը նախատեսում է համագործակցություն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բոլոր ուղղություններով՝ սպառողական տեխնիկայից մինչև օդատիեզերական պատկերների մշակումներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան նոր մասնաշենք ունի». NEWS.am TECH - Ինովացիա եւ գիտություն. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  2. «Bazoomq». Bazoomq (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  3. «Bazoomq-ը ճանապարհ է «հարթում» դեպի տիեզերք». iTel.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  4. «Երևան-Ստրատոսֆերա» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Բացվել է Bazoomq-ի եւ CSIE-ի տիեզերական հետազոտությունների նոր լաբորատորիան». iTel.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  6. ««Բազումք» լաբորատորիան և CSIE-ը ստեղծում են հայկական արտադրության առաջին արբանյակը, որը դուրս կբերվի մերձերկրյա ուղեծիր». NEWS.am TECH - Ինովացիա եւ գիտություն. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «Նախարարի առաջին տեղակալն առցանց մասնակցել է «Arrow» հայ-հնդկական համաժողով 2023»-ին». Ministry of High Tech Industry of Armenia. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.