Ֆիլոգենեզ և օնտոգենեզ փիլիսոփայություն

Ֆիլոգենեզ և օնտոգենեզ (հուն. phylon - ցեղ, տոհմ, on, ontos - գոյ, genesis - ծագում), կենսագենետիկական օրենք կամ բիոգենեզ (հուն. bios — կյանք, genesis — ծագում), տերմիններ, որոնք ներմուծել է Է. Հեկկելը (1866 թ.) նշանակելու համար օրգանիզմների պատմական, սեռային (ֆիլոգենեզ) և անհատական (օնտոգենեզ) զարգացումը։

Ֆիլոգենեզ և օնտոգենեզ խմբագրել

Կենդանի բնության զարգացման պրոցեսում ֆիլոգենեզը և օնտոգենեզը անխզելիորեն կապված և փոխադարձաբար պայմանավորված են։ Օնտոգենեզը պատմական զարգացման արդյունք է, այսինքն ֆիլոգենեզի արդյունք, մյուս կողմից ֆիլոգենեզը տեղի է ունենում անհատական փոփոխությունների հողի վրա, այսինքն օնտոգենեզի հողի վրա՝ կենսագենետիկական օրենք։ Այս փոխներգործության մեջ արտացոլվում է մասի (անձի) և ամբողջի (սեռ), առանձինի և ընդհանուրի միասնությունը, զարգացման պարուրաձև պրոցեսի դիալեկտիկան, զարգացում, որի յուրաքանչյուր էտապում վերառված ձևով վերարատադրվում են նախորդ էտապներում տեղի ունեցած որակական թռիչքները։ Ֆիլոգենեզի և օնտոգենեզի միասնության գաղափարն առաջ է քաշվել Դարվինի կողմից, մշակվել է Է. Հեկկելի, Միչուրինի և ուրիշների կողմից[1]։

Կենսագենետիկական օրենք խմբագրել

«Կենսագենետիկական օրենք» տերմինը ձևակերպել է Մյուլլերը 1864 թվականին, այնուհետև ներմուծել է Է. Հեկկելը 1866 թվականին, չնայած այդ օրենքի դրսևորումները նկատվել են ավելի վաղ (գերմանացի բնափիլիսոփա Օկեն, ռուս կենսաբան Ռուլին և ուրիշներ)։ «Օնտոգենեզը ֆիլոգենեզի եզրակացությունն է»։ Այսպիսի ձևակերպում տվեց Հեկկելը։ Ֆիլոգենեզի և օնտոգենեզի հարաբերակցության խնդրի հիմնավոր հետազոտությունը կատարել է Դարվինը։ Կենսագենետիկական օրենքի մեթոդաբանական նշանակությունն այն է, որ այն հուսալի հենարան է ծառայում զարգացման տեսության համար (Ֆ. Էնգելս)[2]։

Կենսագենետիկական օրենքը հանդիսացավ պարզից դեպի բարդը որակական զարգացման բնագիտական հաստատումը, էվոլյուցիոն տեսության հաստատումը։ Բոլդուին, Սթենլի Հոլլը, Ֆրոյդը և ուրիշներ փորձեր են արել կենսագենետիկական օրենքի նշանակությունը տարածելու անհատի հոգեկան զարգացման բնագավառի վրա։ Բայց դա հասարակական երևույթները կենսաբանական օրենքների գործողությամբ բացատրելու մեխանիստական փորձերի դրսևորումներից մեկն էր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ., էջ 456։
  2. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ., էջ 67։