Հոգեկան, (հին հունարեն՝ ψυχή - «շունչ», «հոգի») փոխկապակցված հոգեկան երևույթների համակարգ, որոնք ունեն որոշակի կառուցվածք, ձև և բովանդակություն, որոնք ակտիվորեն (գործոն կերպով) արտացոլում են օբյեկտիվ (առարկայական) իրականությունը, ստեղծում դրա պատկերը և վերահսկում ու կարգավորում անհատի վարքն ու գործունեությունը։

Հոգեկանն ի հայտ է գալիս էվոլյուցիոն (բնաշրջական) զարգացման որոշակի մակարդակի վրա։ Մարդուն բնորոշ է հոգեկանի բարձրագույն ձևը՝ գիտակցությունը։ Համաձայն մատերիալիստական (նյութապաշտական) տեսակետի՝ հոգեկանը բարձրագույն կենդանի նյութի ինքնազարգացման և ինքնաճանաչման հատկությունն է։ Ըստ իդեալիստական աշխարհայացքի՝ աշխարհում գոյություն ունեն երկու սկիզբ՝ նյութական և իդեալական։ Դրանք անկախ են միմյանցից, հավերժ և զարգանում են ըստ իրենց կանոնների։ Իր զարգացման բոլոր փուլերում իդեալականը նույնացվում է հոգեկանի հետ[1]։

Հոգեկանի կառուցվածքի մեջ են մտնում հոգեկան երևույթները՝ իմացական (հոգեկան) գործընթացները, հոգեկան վիճակները և հոգեկան հատկությունները։ Հոգեկանը կատարում է երեք հիմնական գործառույթ՝ ճանաչողական, վերահսկող և դրդող։ Այս գործառքւյթները ապահովում են գոյության ամենատարբեր պայմաններում կենդանի օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը և վարքը։

Հոգեկանի առաջացման մասին պատկերացումներ խմբագրել

Գոյություն ունեն հոգեկանի առաջացման վերաբերյալ մի քանի հիմնական տեսակետներ[2]

  • Անթրոպոպսիխիզմ.(Դեկարտ). հոգեկան բնորոշ է միայն մարդուն։ Միայն մարդու մոտ հոգեկանի առկայության ընդունումն, առաջին հայացքից, թվում է անտրամաբանական։ Այս տեսակետը առավել խստորեն պաշտպանում էր Դեկարտը, ով կենդանիներին բնորոշում էր՝ որպես քիմիական մեքենաներ, որոնք չեն կարող ունենալ զգայություններ, հույզեր, ապրումներ՝ ի տարբերություն մարդկանց, որոնք ունեն նաև գիտակցություն։ Անթրոպոպսիխիզմի գաղափարախոսության մեջ երբեմն նույնացվում է հոգու և գիտակցության պատկերացումները, իսկ երբեմն էլ՝ առանձացվում են՝ դասակարգելով կենդանական և մարդկային տեսակների։ Արդյունքում, այդպիսի տարբերակման հաշվին՝ նորից տալիս են երկու տեսակի՝ որակապես տարբեր հոգեկանի ձևեր՝ կենդանական՝ առանց գիտակցության, և մարդկային՝ գիտակցությամբ։
  • Պանպսիխիզմ (ֆրանսիական մատերիալիստներ). բնության համընդհանուր ոգեղենություն. ողջ բնությանը, ողջ աշխարհին բնորոշ է հոգեկանը (այդ թվում նաև քարերին)։ Այս տեսակետը նշանակությում է հոգու վեևագրում ամբողջ մատերիային, ընդ որում, դա նշանակում է, որ այս տեսակետի շրջանակներում անհրաժեշտ է առանձնացնել ողջ մատերիայի համար ընդհանուր հատկանիշներ՝ ինքնազարգացման, ակտիվ փոխազդելու, որոշակի գործողություններ կատարելու ունակություններ։ Այս տեսակետի պաշտպանողները նշված առանձնահատկություններով ու գծերով բնորոշում են «ընդհանուր հոգին»։ «Ընդհանուր հոգին» ունի գոյության տարբեր ձևեր մատերիայի տարբեր ձևերում։ Առաջին մտավորականներից Դեմոկրիտեսն էր, որը կարծում էր, որ հոգին նյութական է և տարբեր է բնության տարբեր օբյեկտների մոտ։ Հաջորդը Սոկրատեսն առաջարկեց «ունիվերսալ բանականության» մասին գաղափար, ըստ որի՝ հոգին առաջացրել է ողջ բնությունը և արտահայտվում է բնության տարբեր ձևերում։
  • Բիոպսիխիզմ(ֆիտոպսիխիզմ). հոգեկանը կենդանի բնության հատկանիշ է (բնորոշ է նաև բույսերին)։ Այս տեսակետը հիմնված է կենդանի և անկենդան մատերիայի որակական տարբերության վրա, ըստ որի՝ հոգեկանը կենդանի մատերիայի չափանիշ է համարվում նյութափոխանակությունը։ Ի տարբերություն անկենդան մատերիայի՝ կենդանի օրգանիզմն ունի միջավայրից անհրաժեշտ բաղադրիչներ վերցնելու պահանջմունք։ Այս ուղղությունը սկիզբ է առել և ձևավորվել բույսերի ֆիզիոլոգիայի ուսումնասիրությունների հիմնա վրա, որի պատճառով էլ ձեռք է բերել ֆիտոպսիխիզմ (ֆիտոհոգեբանություն) անվանումը։ Վերջինիս կողնմնակիցները շփաստարկում էին նախ նրանով, որ վարքի հիմնական բնութագրիչը շարժումն է, և դա վերագրվում էր հենց բույսերին։ Փորձում էին ապացուցել նաև, որ բույսերն ունեն հույզեր։ Այս ուղղության ներկայացուցիչները գտնում էին, որ բույսերը զգում են իրենց նկատմամբ մարդու դրական կամ բացասական վերաբերմունքը և իհարկե հակազդում են դրան։
  • Անիմալոպսիխիզմ. այս ուղղությունը ներկայում առավել հիմնավորված է այլ գիտությունների կողմից։ Վերջինիս պատկերացումները կապված են զգայության՝ որպես հոգեկանի հիմնական չափանիշի հետ։ Դեռևս Էպիկուրն իր աշխատություններում հոգեկանը դիտարկել է որպես կենդանիներին բնորոշ երևույթ, քանի որ նրանք ունակ են զգայելու։
  • Նեյրոպսիխիզմ (Դարվին). հոգեկանը բնորոշ է միայն նյարդային համակարգ ունեցող օրգանիզմներին։, այն հնյարդային համակարգի գործառույթ է։Այս տեսակետի համաձայն՝ ստացվում է, որ հոգեկան արտացոլման զարգացումը հաջորդում է նյարդային համակարգի զարգացմանը, բայց էվոլյուցիոն տեսանկյունից՝ կենսաբանության, զոոհոգեբանության տվյալները վկայում են հակառակ գործընթացի մասին։ Նախ հայտնվում է սուբյեկտի փոխազդեցությունը միջավայրի հետ, ապա սուբյեկտիվ փորձի նոր բովանդակությունը. ձևավորվում են բարդ գործընթացներ, որը հիմք է հանդիսանում նյարդային համակարգի զարգացման համար։
  • Մոզգոպսիխիզմ.(Կոնստանտին Պլատոնով) հոգեկան ունեն միայն խողովակային նյարդային համակարգ ունեցող օրգանիզմները, որոնք ունեն գլխուղեղ։ (համապատասխանաբար, այն բացակայում է միջատների մոտ, որոնք ունեն հանգուցային նյարդային համակարգ՝ առանց արտահայտված գլխուղեղի)։

Հոգեկանի զարգացման վերաբերյալ նշված տեսակետներն ունեն ավելի շատ պատմական բնույթ։ Կապված են ընդհանուր մեթոդաբանության հետ, հոգեկանի բնորոշման և այն ուսումնասիրելու պատկերացումների հետ։ Ժամանակակից հոգեբանության մեջ առաջատար է համակարգային մոտեցումը, որը թույլ է տալիս բացատրելու բոլոր երևույթների զարգացումը՝ որպես համակարգերի ձևավորում, վերաձևափոխում, ինչն էլ ընթանում է մատերիայի զարգացման կանոններին համապատասխան[3][4]։

Հոգեկանի զարգացումը ֆիլոգոնեզում խմբագրել

Հոգեբանության մեջ ընդունված է հոգեկանի զարգացման փուլերի երկու դասակարգումներ՝ Ալեքսեյ Լեոնտևի և Կուրտ Ֆաբրիի կողմից առաջադրված։ Լեոնտևն առանձնացրել է հոգեկանի էվոլյուցիայի երեք փուլեր.

  1. Տարրական՝ սենսոր հոգեկան,
  2. Պերցեպտիվ հոգեկան,
  3. Ինտելեկտ[5][6][7][8]։

Ֆաբրին իր հետազոտությունների հիմնա վրա միավորել է հոգեկանի զարգացման երկրորդ և երրորդ փուլերը։

Հոգեկանի զարգացման ստորին մակարդակ խմբագրել

Հոգեկանի զարգացման ստորին մակարդակում գտնվում են պարզագույն կառուցվածք ունեցող կենդանիները (միաբջիջները), ինչպես նաև այնպիսի օրգանիզմներ, որոնք գտնվում են բույսերի և կենդանիների միջև (շոշափուկային օրգանիզմներ) և որոշ բազմաբջիջ կենդանիներ։ Պարզագույնների շարժումները տարբերվում են բազմազանությամբ, ընդ որում, այս առումով նրանց մոտ առկա են լոկոմոցիայի հնարավորություններ, որոնք բացակայում են բազմաբջիջ կենդանիների մոտ։ Օրինակ՝ ամեոբաների շարժման յուրահատուկ ձևը՝ մարմնի մի կողմից մյուսը պլազմայի լցման միջոցով։

Պարզագույն օրգանիզմների մեծ մասը շարժվում է էֆեկտորային հատուկ օրգանների միջոցով (մտրակներ, թարթիչներ, կեղծ ոտիկներ)։ Էֆեկտորներն իրենցից ներկայացնում են պլազմային հավելուկներ, որոնք իրականացնում են տատանողական, պտտական շարժումներ։ Մտրակների միջոցով կենդանու մարմնն (էվգլենա) իրականացնում է պարուրաձև, առաջընթացային շարժումներ։ Առավել բարդ էֆեկտորային համակարգ են համարվում թարթիչները, որոնք մեծ մասամբ ծածկում են ինֆուզորիայի մարմինը։

Մտրակներն ու թարթիչները շարժման են բերվում միոֆիբրիլների կծկման միջոցով, որոնք ձևավորում են մանրաթելիկներ, միոնեմներ, որոնք համապատասխանում են բազմաբջիջ կենդանիների մկաններին։ Շատ միաբջիջների մոտ նրանք համարվում են շարժման հիմնական ապարատը։ Հետաքրքիր է, որ, որպես կանոն, միոնեմները հոմոգեն կառուցվածք ունեն, ինչը համապատասխանում է բազմաբջիջ կենդանիների հարթ մկանային համակարգին, սակայն երբեմն հանդիպում են լայնակի տեղադրված միոնեմներ, որոնք համապատասխանում են բարձրակարգ կենդանիների միջաձիգ զոլավոր մկանային համակարգին։ Բոլոր ձգվող մանրաթելերը ծառայում են առանձին էֆեկտորների արագ շարժմանը։

Միոնեմներ չունեցող միաբջիջների մոտ (ամեոբաներ, արմատոտանիներ), կծկողական շարժումներն իրականացվում են ցիտոպլազմայում։ Օրինակ՝ ամեոբայի մոտ ցիտոպլազմայի արտաքին շերտում՝ էկտոպլազմայում, տեղի են ունենում կծկողական գործընթացներ։

Այս կերպ, մինչև հատուկ էֆեկտորներ ի հայտ գալը՝ կենդանու տեղաշարժը տարածության մեջ իրականացվել է կծկման միջոցով։ Հենց կծկողական ֆունկցիան է ապահովել կենդանիների շարժողական ակտիվության բազմազանությունը ֆիլոգենեզի բոլոր փուլերում[9]։

Կինեզներ խմբագրել

Պարզագույն օրգանիզմների լոկոմոցիան իրականացվում է կինեզների՝ բնազդային տարրական շարժումների միջոցով։ Կինեզները լինում են երկու տեսակի. օրթոկինեզ՝ առաջընթացային շարժումներ՝ արագության փոփոխությամբ և կլինոկինեզ՝ ուղղության փոփոխություն։ Եթե, օրինակ՝ ինչ-որ տարածքում առկա է ջերմության աճ կամ անկում, ապա հողաթափիկի շարժումները կլինեն այնքան ավելի արագ, որքան նա հեռու կգտնվի օպտիմալ ջերմաստիճանի տեղից։ Հետևաբար, այստեղ, վարքային (լոկոմոտորային) ակտի ինտեսիվությունը պայմանավորված է արտաքին գրգռիչի տարածական կառուցվածքով։

Կլինոկինեզի ընթացքում ուղղության փոփոխությունը նպատակաուղղված չէ, կրում է փորձի և սխալի բնույթ, որի ընթացքում կենդանին ի վերջո հայտնվում է առավել բարենպաստ տարածքում։ Այս փոփոխության ինտեսիվությունը կախված է կենդանու վրա ազդող բացասական գրգռիչի ուժից։ Ազդեցության ուժի թուլացմամբ՝ թուլանում է նաև կլինոկինեզը։

Այսպիսով, պարզագույն բնազդային շարժումները՝ կինեզները, որոշվում են արտաքին կենսակարևոր գործոնների ինտենսիվությամբ։ Ցիտոպլազմայում տեղի ունեցող ներքին գործընթացների դերը նրանում է, որ վարքային ակտին հաջորդում է առաջնային դրդումը[10]

Կողմնորոշում. տաքսիսներ խմբագրել

Միաբջիջ օրգանիզմերի և հոգեկան զարգացման տվյալ մակարդակում գտնվող այլ ցածրակարգ անողնաշարավորների կողմնորոշման տարրերն են պարզագույն տաքսիսները։ Օրթոկինեզներում կողմնորոշիչ բաղադրիչը օրթոտաքսիսն է, որը դրսևորվում է արագության փոփոխությամբ՝ առանց արտաքին գրգռիչի նկատմամբ ուղղության փոփոխության։ Կլինոկինեզներում այդ բաղադրիչը կլինոտաքսիսն է, որը դրսևորվում է որոշակի անկյամբ շարժման ուղղության փոփոխությամբ։

Տաքսիսները գենետիկորեն ամրագրված տարածական կողմնորոշման մեխանիզմներ են՝ բարենպաստ գրգռիչի ուղղությամբ կամ վնասակար գրգռիչից հեռու։ Օրինակ՝ բացասական թերմոտաքսիսները միաբջիջների մոտ արտահայտվում են նրանում, որ նրանք լողում են ավելի շատ բարձր ջերմաստիճան ունեցող տարածքից, քան ցածր։ Օրթոկինեզի դեպքում բացասական օրթոթերմոտաքսիսն ապահովում է անբարենպաստ պայմաններից ուղղաձիգ հեռացում, իսկ կլինոտաքսիսները փոխում են շարժման ուղղությունը։ Վերջիններս դրսևորվում են նաև խոչընդոտների հանդիպման ժամանակ։ Նրանք թեև հանդիպում են առավել զարգացած կենդանիների մոտ, այնուամենայնիվ, դասվում են տաքսիսների պարզագույն խմբին։ Տրոպոտաքսիսներ պարզագույնների մոտ չկան, քանի որ ենթադրում են զգայության օրգանների համաչափ դասավորություն։

Ինչ վերաբերում է տիգմոտաքսիսներին, ապա ինֆուզորիայի մոտ առկա է շոշափական զգայության հատուկ ընկալիչներ՝ մազիկներ՝ մարմնի առջի և հետին մասերում։ Նաև ինֆուզորիայի մոտ արտահայտված է ուղղաձիգ կողմնորոշում՝ դեպի վեր լողալու միտում (բացասկան գեոտաքսիս՝ Երկրի ձգողության ուժի նկատմամբ կողմնորոշում)։

Պարզագույն օրգանիզմներն արձագանքում են նաև քիմիական գրգռիչներին (քեմոտաքսիս), էլեկտրական գրգռիչներին (գալվանոտաքսիս)։ Որոշ միաբջիջներ, օրինալ՝ էվգլենաներն ունեն ֆոտոռեզեպտորներ, ուստի նրանց մոտ հանդիպում են նաև ֆոտոտաքսիսներ։

Տարրական՝ սենսոր հոգեկանի զարգացման բարձրագույն մակարդակում օրգանիզմների կենսագործունեության բարդացմամբ ի հայտ է գալիս ավելի բարդ տաքսիսային վարքի անհրաժեշտություն, որը թույլ կտա հստակ և տարբերակված զգայել և հակազդել։

Գերմանացի գիտնական Կյունն առանձնացրել է բարձրագույն տաքսիսների հետևյալ կատեգորիաները.

  • Տրոպոտաքսիսներ. շարժումներ՝ պայմանավորված համաչափ տեղադրված ընկալիչների գրգռմամբ։
  • Թելոտաքսիսներ. գրգռման մեկ աղբյուր ընտրություն և ֆիքսում, շարժում դեպի այդ աղբյուրը։
  • Մենոտաքսիսներ. անհամաչափ գրգռման դեպքում համաչափ տեղադրված ընկալիչներում շարժումն իրականացվում է գրգռման աղբյուր անկյամբ։ Նրանք մեծ դեր ունեն տարածության մեջ կենդանու դիրքի պահպանման համար[9]։

Զարգացած հիշողությամբ բարձրակարգ կենդանիների մոտ հանդիպում են մնեմոտաքսիսներ՝ կողմնորոշիչների անհատական մտապահում, որը կարևոր է տարածական վարքի համար։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, տարրական սենսոր հոգեկան ունեցող կենդանիները.

  1. Արձագանքում են առանձին ազդող գրգռիչների, որոնցից կախված է կենդանիների հիմնական կենսաբանական ֆունկացիաների իրագործումը։
  2. Ադապտացիան (հարմարում) նրանց մոտ տեղի է ունենում ուսուցման տարրական մակարդակում։
  3. Արտացոլում են իրականությունը միայն առանձին հատկություններով[11][12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Немов Р.С. Психология: Общие основы психологии, Москва 2003. Книга 1 . (ռուս.)
  2. Развитие психики в филогенезе. Происхождение сознания.[1] Արխիվացված 2016-07-02 Wayback Machine(ստուգված է 07.02.2016.)
  3. Психология человека. [2] (ստուգված է )
  4. Лурия А.Р.Лекции по общей психологии.Эволюционное введение в общую психологию. Лекция 1. Проблема возникновения психики. Допсихическая и психическая жизнь [3] Արխիվացված 2016-07-04 Wayback Machine (ստուգված է 07.02.2016.)
  5. Лекция 6. Проблема возникновения психики, раздражимость и чувствительность.// Леонтьев А.Н. - Лекции по общей психологии » Введение с психологию.[4] Արխիվացված 2015-09-13 Wayback Machine (ստուգված է 07.02.2016.)
  6. Е.Е. Соколова. Возникновение и развитие психики в филогенезе. [5].(ստուգված է 07.02.2016.)
  7. Ю.Б. Гиппенрейтер. Введение в общую психологию. М., 1996. С. 169-197.
  8. Хватов И.А. Концепция происхождения психики А.Н.Леонтьева на современном этапе развития науки. [6] (ստուգված է 07.02.2016.)
  9. 9,0 9,1 ФАБРИ К. Э. Основы зоопсихологии. Учебник для студентов высших учебных заведений, обучающихся по специальностям «Психология», «Биология», «Зоология» и «Физиология». – 3-е изд. – М.: Российское психологическое общество, 1999. –464 с.
  10. Годфруа Жо Что такое психология. В 2-х т. Т. 1: Пер. с франц.-М.: Мир 1992.-496 с.
  11. Вагнер В.А. Биологические основания сравнительной психологии. Т. 1, 2. Спб.; М., 1910-1913.
  12. Вагнер В.А. Психология животных. 2-е изд. М., 1902.
  13. Боровский В.М. Психическая деятельность животных. М.; Л., 1936.

Գրականություն խմբագրել

  • Сорокун П.А. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուս.)