Քրեական ենթամշակույթ (լատին․՝ criminalis` քրեական, լատին․՝ sub` ենթակա, լատին․՝ cultura` մշակույթ, վարքագիծ) կամ հանցավոր ենթամշակույթ, բարոյահոգեբանական արժեքներ, որոնք կարգավորում են հանցավոր համայնքների կենցաղը և հանցավոր գործունեությունը[1]։ Այս ինստիտուտի առկայությունը խթանում է հանցավոր հանրույթի համախմբվածությանը, սոլիդարությանը, հանցավոր վարվեցողության խրախուսմանը և նոր սերունդների շնորհիվ քրեական արժեհամակարգային կանոնների շարունակականության ապահովումը։ Քրեական ենթամշակույթը հիմնված է որոշակի ավանդույթների, կանոնների, նորմերի և ծեսերի վրա, որոնց կենսագործումը հակասում է իրավական պետության և օրինապահ հասարակության ելակետային սկզբունքներին՝ խարխլելով դրանց հիմքերը։ Այսօրինակ անհամատեղելիությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ենթամշակույթը արդարացնում և խրախուսում է հանցավոր ապրելակերպը, ինչպես նաև հասարակական վտանգավորության արարքների իրականացումը, ինչը քրեաբանորեն կարող է դիտարկվել որպես հանցագործության դետերմինանտ։

Խորհրդային կալանավայրային միջավայրում ձևավորված օրենքով գողերի և «Ա․Ու․Ե․» շարժման խորհրդանիշը՝ ութանկյուն աստղը։

Քրեական ենթամշակույթը կրող անձանց որպես կանոն բնորոշ է այնպիսի յուրահատուկ հատկանիշներ, ինչպիսիք են արդարամտությունը, ազնվությունը, գործողությունների բացառիկ ազատությունը, սեփական յուրաքանչյուր խոսքի և ընտանիքի անդամների գործողությունների համար պատասխանատվությունը։ Այսպիսի հատկանիշներն էլ գործնականում ապահովում են նոր անդամների ներգրավվումը հանցավոր ենթամշակույթի շուրջ, ինչպես նաև պայմանավորում անհատի դերը, հեղինակությունը և առանձնաշնորհյալ կարգավիճակը հանցավոր միջավայրում։ Միևնույն ժամանակ, քրեական ենթամշակույթը զգալի վնաս է հասցնում պետության հիմքերին՝ հասարակության առանձնացված հատվածի համար ստեղծելով վարքագծի նոր կանոններ, որոնք առերևույթ չեն համընկնում (ինչպես նաև հակասում են) պետության նախատեսած համապարտադիր իրավանորմերին՝ օրենքներին (հասարակության կամքին)։ Քրեական ենթամշակույթի կրող անձանց հատկանիշներից են լեզվական ձևախեղումը (ժարգոնային խոսք), մարմնի տարբեր մասերին դաջվածքների առկայությունը (գողական օրենքը նախատեսում է դրանցից յուրաքանչյուրի առանձին նշանակությունը), ժեստային հաղորդակցությունը և այլն[2]։

Քրեական ենթամշակույթը փոքրամասնությունների մշակույթ է, որն առաջացել է այն պատճառով, որ հասարակությունը մերժում է հանցագործներին՝ նրանց փակելով կալանավայրերում։ Վերջիններս էլ իրենց հերթին ձգտում են ձևավորել նոր շերտավորում՝ «հասարակություն հասարակության մեջ», որտեղ կգերիշխեն իրենց իսկ նախատեսած ավանդույթները, իսկ կանոններն էլ կարտահայտեն իրենց իսկ հանցավոր ձգտումներն ու գաղափարական արժեքները։ ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականից ի վեր գործուն կերպով օրենսդրական լծակների կիրառելիությամբ իրականացնում է քրեական ենթամշակույթի դեմ պայքար[3]։

Հետազոտությունների պատմություն խմբագրել

Քրեական ենթամշակույթի դերի և նշանակության մասին կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, ինչպես քրեական աշխարհի ներկայացուցիչների, այնպես էլ հասարակ քաղաքացիական հանրույթի անդամների կողմից, որոնց արդյունքում գրվել են տպավորիչ թվով գիտական հոդվածներ և աշխատություններ։ Քրեական ենթամշակույթի բովանդակային կողմի առաջին հետազոտողներից մեկը եղել է Ֆեոդոր Դոստոևսկին։ Վերջինս իր «Գրառումներ մեռյալ տնից» վիպակում նկարագրում է 19-րդ դարում Սիբիրի երկրամասում պահվող կալանավորների կենցաղի մասին։ Գրողը գեղարվեստականորեն ներկայացնում է Օմսկի տաժանավայրում անցկացրած չորս տարիների ընթացքում իր տեսածն ու զգացածը։ Քրեական ենթամշակույթը նկարագրել է նաև Անտոն Չեխովը՝ «Սախալին կղզին» գրքի շրջանակներում։

Բացի այդ, երևույթին մանրամասնորեն անդրադարձել են նաև արևմտյան մի շարք սոցիոլոգներ, այդ թվում՝ Ռոբերտ Քինգ Մերտոնը։ Ամերիկյան սոցիոլոգիական հանդեսում 1938-ին Ռոբերտ Մերտոնը հրապարակում է իր թեմատիկ հոդվածը՝ «Հասարակության կառուցվածքն ու անոմիան» վերնագրով։ Այս հոդվածում ամերիկացի մտածողը առաջ է քաշել այն միքտը, որ հանցավորության հիմնական պատճառը արժեհամակարգային հակասությունն է, որի արդյունքում հասարակության մի ստվար զանգվածին չի հաջողվում սեփական կամքը բարձրացնել օրենքի մակարդակի։ Որպես կանոն, այդպիսի անձինք սկսում են իրականացնել հանցագործություններ՝ իրենց նպատակներին հասնելու մղմամբ։ Կրիմինոլոգիայի ռահվիրաներից մեկը՝ շվեդ սոցիոլոգ Թորսթեն Սելլինը, 1938 թվականին հրապարակում է իր հերթական գիտական հոդվածը՝ «Մշակույթների և հանցագործությունների բախումը» վերտառությամբ։ Այս գրվածքի շրջանակներում վերջինս ուսումնասիրում է տարբեր համայնքների մշակութային արժեքների միջև առկա հակասությունները։ Այս ամենի հիմքի վրա էլ 1955 թվականին անգլիացի Սթենլի Քոհենը գիտություն է ներմուծում ենթամշակույթների գաղափարը։ Վերջինս պնդում է, որ իր կողմից հանցավոր համայնքների մշակութային ավանդույթների ուսումնասիրության ընթացքում պարզ է դառնում, որ դրանք կարող են իրենց հերթին ձևավորել փոքր մշակույթներ։ Այս երևույթն ավելի ուշ դասակարգվում է որպես ենթամշակույթ։

Քրեական ենթամշակույթի զարթոնքի փուլերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածն է, որի ընթացքում այն ներթափանցում է հասարակության գրեթե բոլոր խմբերի կենցաղ։

Քրեական իրավունքում խմբագրել

Հայաստան խմբագրել

  Սույն հոդվածը կամ ենթաբաժինը բովանդակված է Հայաստանի ներպետական օրենսդրության համապատասխանությամբ։

Քրեական ենթամշակույթը հիմնականում տարածված է հետխորհրդային հասարակություններում, այդ թվում և՝ Հայաստանում։ 2019 թվականից ի վեր ՀՀ արդարադատության նախարարությունը գործուն կերպով պայքար իրականացնում է քրեական միջավայրի, ենթամշակույթի և, այսպես կոչված, «օրենքով գողերի» դեմ, որը արտահայտվում է Ազգային ժողովի կողմից ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի ընդունմամբ (որով, փաստացիորեն, քրեականացվում է քրեական ենթամշակույթը)։ Փոփոխությունների նախագծով՝ հանցավոր ենթամշակույթի քրեականացման օրենսդրական արտահայտությունը նշմարվում է 223.1-րդ, 223.2-րդ և 223.3-րդ հոդվածներով։ Ըստ Հայաստանի քրեական օրենսգրքի՝ քրեական միջավայր է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն, որոնք հակասում են կամ չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին, և որի նպատակն է սպառնալու, հարկադրելու, բռնության, հանցագործությունների կատարման կամ հանցագործությունների կատարմանը հովանավորելու, հանցավոր արարքների կատարմանն այլ անձանց ներգրավելու կամ այլ անօրինական գործողությունների միջոցով լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) կամ ստանալ անօրինական օգուտ կամ այլ առավելություն։

Վերոնշյալ օրենքի 4-րդ մասով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն՝ համարվում է հեղինակություն և քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական միջավայրի հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում է ապօրինի դրամահավաքություններ (այդ թվում նաև մոլեխաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական միջավայրի միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ։

Քրեական ենթամշակույթի մակարդակներ խմբագրել

Առանձնացվում են քրեական ենթամշակույթի հետևյալ մակարդակները․

  1. Քրեական ենթամշակույթի հասարակական մակարդակը բնութագրվում է հասարակության շրջանում հանցավորության դիրքի դոմինանտությամբ։ Այսօրինակ պարագայում ենթամշակութային արժեհամակարգը ներթափանցում է կառավարման օրենսդիր օղակ, քաղաքականություն, տնտեսական ոլորտ, կրթական համակարգ՝ էական դերակատարություն ունենալով սերնդի դաստիարակության գործում։
  2. Քրեական ենթամշակույթի խմբային մակարդակը կարող է լինել բավականին տարաբնույթ՝ պայմանավորված հանցավոր կազմակերպության բնույթով, ինչպես նաև նրա մասնակիցների միջև առկա հարաբերությունների բովանդակությամբ։
  3. Քրեական ենթամշակույթի անձնային մակարդակը հիմնականում ձևավորվում է հանցագործության կատարման, հանցավոր արարքի իրականացմանը մասնակցելու, կալանավայրում մնալու գործընթացների ընթացքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յ․Կ․ Ալեքսանդրով Ակնարկներ քրեական ենթամշակույթի վերաբերյալ. — Մոսկվա: «Պռավո չելովեկա» հրատարակչություն, 2001. — 152 с. — ISBN 5-7712-0181-2
  2. Գլուխ 15. Բանտային դատապարտյալների ենթամշակույթը // Յ․Ա․ Դմիտրիև, Կազակ Բ․Բ․ «Բանտային հոգեբանություն»՝ դասագիրք Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության ուսումնական հաստատությունների համար. — Դոնի Ռոստով: «Ֆենիկս» հրատարակչություն, 2007. — 682 с. — (Բարձրագույն կրթություն). — ISBN 978-5-222-12254-9
  3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրեգսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենք - e-draft.am». www.e-draft.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.