Դաջվածք (կտածում (հայերեն կուտ՝ սպի բառից), անգլ.՝ tattoo), մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։

Մարմնի հետ կապված մանիպուլիացիաներն իրենց մեջ մեծ տեղեկատվություն էին պարունակում և հոգեբանական կարևոր նշանակություն ունեին ավանդական հասարակությունների ներկայացուցիչների առօրյա կենսընթացում։ Դաջվածքը մարդու մարմնի մանիպուլացման եղանակներից մեկն է, որը ներառում է սպիների, կտրվածքների և պատկերազարդելու միջոցներ։ Դաջվածքի մշակույթը, ինչպես ցույց են տվել ազգագրական հետազոտությունները, հատուկ են աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներին։ Ի սկզբանե մարդաբանները, փորձելով բացատրել դաջվածքի մշակույթի ծագման հիմքերը, առաջնային նշանակություն էին տալիս պատկերների դեկորատիվ էությանը[1]։

Մաորի ցեղի առաջնորդ, 1784 թվական

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը` այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Ինչպես նշում է Հենրիխ Վուտտկեն, դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակ, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։ Դաջվածքը ժամանակի ընթացքում էական փոփոխությունների և վերաիմաստավորման է ենթարկվել։ Ցեղային միություններում տարածված դաջվածքների բնորոշ հատկանիշները տարրական նշանների՝ գծերի, կետերի, աստղերի, շրջանների առկայությունն էր, ինչը բացատրվում էր պրիմիտիվ միջոցների առկայությամբ, որոնք հնարավորություն չէին տալիս բարդ զարդանախշեր կիրառել։ Նման դաջվածքները սերտ կապված էին ավանդույթների հետ և արտահայտում էին շրջապատի արժեքային համակարգը։ Վարպետը իրավունք չուներ պատկերում որևէ բան ավելացնել կամ պակասեցնել, քանի որ այն ի սկզբանե հաստատված էր ցեղի առասպելաբանության մեջ։ Ներկայումս դաջվածք անող մասնագետն ազատ է դաջվածքի ընտրության թեմատիկայում և սյուժեում, բացառությամբ այն դեպքերի, երբ դաջվածքը կատարվում է հանցագործների մարմնին։ Պատկերային մոտիվներն այդ դեպքում համընդհանուր ստանդարտ տարբերակներ են[2]։

Ստուգաբանություն խմբագրել

Օքսֆորդ անգլերեն բառարանը տալիս է դաջվածքի (տատուի) ստուգաբանությունը. «18-րդ դարում tattaow, tattow, պոլինեզերեն tatau.թաիթիերեն tatu»: Առաջին անգամ տատու բառը մեջբերել է Ջոզեֆ Բենքսը իր լրագրում (բնագետ, 1743 թվական, փետրվարի 24-1820 թվական հունիսի 19). «Ես հիմա կասեմ, թե ինչպես էին նրանք իրենք իրենց նշում. բոլորը նշված են համաձայն իրենց հումորի կամ հակումների»։ Առաջին անգամ այս բառը Եվրոպա է բերվել հետախույզ Ջեյմս Կուկի կողմից, որը վերադարձել էր 1771 թվականին Թահիթի և Նոր Զեյլանդիա կատարած իր ճանապարհորդությունից։ Ճանապարհորդության մասին իր գրվածքներում նա մատնանշում է մի գործողության մասին, որը կոչում էին «tattaw»։ Մինչ այս պահը այն նկարագրվում էր որպես սպի, նկար կամ բիծ[3]։ Տատուի սիրահարներն այն կարող են համարել «թանաք», «նմուշներ», «մարմնի արվեստ», «տատու արվեստ», «աշխատանք», իսկ տատու ստեղծողներին` որպես «տատու վարպետներ», «տատու անողներ» կամ «տատուիստներ», իսկ այն վայրերը, որտեղ արվում է տատուն, «տատու խանութներ», «տատու ստուդիաներ», «տատու սրահներ»։

Դաջվածքի տեսակներ խմբագրել

Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիան տարբերում է 5 տեսակի տատուներ[4]՝ Տրավմատիկ տատուներ (բնական տատուներ), առաջանում են վնասվածքների հետևանքով, Սիրողական տատուներ/պրոֆեսիոնալ տատուներ, երկուսն էլ ստեղծվում են ավանդական մեթոդներով և ժամանակակից տատու ապարատներով, Կոսմետիկ տատուներ (ժամանակավոր տատուներ) և բժշկական տատուներ։

Տրավմատիկ դաջվածքներ խմբագրել

Ըստ Ջորջ Օրուելի` հանքափորների մոտ կարող են առաջանալ բնութագրական դաջվածքներ՝ վերքերում մնացած քարածխի փոշու պատճառով[5]։ Նույնը կարող է առաջանալ նաև այնպիսի նյութերի դեպքում, ինչպիսին է վառոդը։ Ամալգամ տատուն առաջանում է այն դեպքում, երբ ամալգամ մասնիկները տարածվում են բերանի նուրբ հյուսվածքներում։

Սիրողական կամ պրոֆեսիոնալ դաջվածքներ խմբագրել

Որոշ տատուներ բնորոշում են ծիսակատարություններ, կարգավիճակի կամ կոչման նշաններ, կրոնական կամ հոգևոր նվիրվածության սիմվոլներ, քաջությունը խորհրդանշող դեկորացիաներ, սեքսուալ գրավչության և պտղաբերության նշաններ, սիրո գրավական, պատժամիջոց, ամուլետներ և թալիսմաններ, հովանավորության և որպես վտարանդիների, ստրուկների և դատապարտյալների նշաններ։ Դաջվածքների նշանակությունը տարբեր է լինում՝ կախված վայրից և մշակույթից։ Դաջվածքը կարող է արտահայտել տվյալ անձի վերաբերմունքն իր կողակցի, հարազատի կամ իր հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ[6]։

 
Դաջվածքի ավանդական գործիքներ

Հիմա մարդիկ դաջվածքները ցանկանում են գեղարվեստական, կոսմետիկ, կրոնական, սենտիմենտալ/հիշարժան նպատակներով, ինչպես նաև նշելու իրենց պատկանելիությունը որևէ հանցագործ կամ մասնավոր էթնիկ խմբի։

Դաջվածքներ նույնականացման նպատակով խմբագրել

Մարդկանց վրա դաջվածքներ են անում նաև իրենց կամքին հակառակ։ Ամենահայտնի նշանը նացիստական կենտրոնացված ճամբարի նշանն է Հոլոքոստի ժամանակ։ Նրանք այս միջոցը կիրառում էին տարբերակելու համար բանտարկյալների մարմինները։ Դաջվածքները օրինակ Չինաստանում արվում էին բանտարկյալների կամ ստրուկների երեսներին՝ որպես պատժամիջոց։ Հռոմեական կայսրության ժամանակ զինվորները օրենքով տատուներ էին կրում, որպեսզի հնարավոր չլիներ դասալքությունը։ Գլադիատորների և ստրուկների դաջվածքները միանման էին։ Դաջվածքները երբեմն օգտագործվում են դատաբժշկական նպատակներով՝ ճանաչելու վառված, նեխած կամ խեղված մարմինները։ Քանի որ դաջվածքի պիգմենտը շատ խորն է մաշկի տակ, այն հեշտ չէ մաքրել կամ ոչնչացնել, եթե նույնիսկ մաշկը վառվում է։

Դաջվածքներ անում են նաև կենդանիների մարմինների վրա՝ դեկորատիվ նպատակներով։

Կոսմետիկ դաջվածքներ խմբագրել

Կոսմետիկ վիրահատության ոլորտում շարունակվում է կոսմետիկ դաջվածքներ ցանկացողների քանակի աճը։ Կոսմետիկ դաջվածք ասելով հասկանում ենք մշտական դիմահարդարում։ Կոսմետիկ դաջվածքների միջոցով հաստացվում են ունքերը, մեծացվում շուրթերը, ընդգծվում են աչքերը և այլն։

Բժշկական նպատակներով արվող դաջվածքներ խմբագրել

Բժշկական դաջվածքներն օգտագործվում են վստահ լինելու համար, որ գործիքները ճիշտ են տեղադրված ճառագայթաբուժության կրկնակի կիրառման համար։ Նմանատիպ դաջվածքները նաև ինֆորմացիա են տալիս այն կրողի մասին (արյան խումբ, առողջական վիճակ և այլն)։ Բժշկական նպատակներով դաջվածքներ հավանաբար արվել են հին ժամանակներում։ 1898 թվականին Դանիել Ֆուքեն (բժիշկ) հոդված է գրել Հին Եգիպտոսում բժշկական դաջվածքների փորձարկումների վերաբերյալ։ Նա նկարագրել է կին մումիաների վրա եղած դաջվածքները, որոնք, ըստ նրա, արված էին բուժիչ կամ բուժական նպատակներով։

Պատմություն խմբագրել

Դաջվածք անում էին դեռևս հին ժամանակներում, տարբեր մշակույթի ներկայացուցիչները։ Այուները՝ Ճապոնիայի տեղաբնիկները, ըստ ավանդույթի` դաջում էին իրենց երեսները։ Հիմա նույնպես գոյություն ունեն ցեղեր, որոնք դաջվածքներ են անում իրենց երեսների վրա։ Դաջվածք անելը շատ տարածված էր Հարավային Չինաստանի, Պոլինեզիայի, Աֆրիկայի, Բորնեոյի, Կամբոջայի, Եվրոպայի, Ճապոնիայի, Մենտավիան Կղզիների, Մեսոամերիկյան, Նոր Զեյլանդիայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի, Ֆիլիպինների, երկաթյա դարաշրջանի Բրիտանիայի և Թայվանի որոշ էթնիկ խմբերում։

Դաջվածքի արդիականացումը գալիս է 1700-ականներին Ջեյմս Կուկի կատարած ճանապարհորդությունից։ Կուկի գիտական ղեկավար և արշավախմբի բուսաբան Սըր Ջոզեֆ Բենքսը Անգլիա է վերադառնում դաջվածք արած։ Նա անգլիական բարձր խավի ներակայացուցիչ էր համարվում։ Կուկի նավակազմի շատ անդամներ նույնպես վերադարձան Անգլիա դաջվածքներով, որը ավանդույթ դարձավ և շուտով պետք է զուգորդվեր նավագնացների հետ։ Նրանք վերարտադրեցին դաջվածքի գործընթացը, և այն լայն տարածում գտավ։ Քանի որ շատ դաջվածքների հիմքում ընկած էին պոլինեզիան և ճապոնական դաջվածքների օրինակներ, դաջվածքների սիրողական վարպետները[7] մեծ պահանջարկ ունեին այն քաղաքներում, որտեղ նավամատույցներ կային։ Դաջվածքի առաջին փաստագրված մասնագետը Մարտին Հիլդեբրանդտն է ԱՄՆ-ում, ով ներգաղթել էր Բոստոն Գերմանիայից 1846 թվականին։ 1861-1865 թվականներին նա դաջվածքներ էր անում Ամերիկյան Քաղաքացիական Պատերազմին[8] մասնակցող երկու կողմի զինվորներին։ Բրիտանիայում դաջվածքի առաջին պրոֆեսիոնալ մասնագետը հաստատվել է 1870-ականներին։

 
Ճապոնական Յակուձա հանցավոր խմբավորման անդամներ

1970-ականներից ի վեր դաջվածքները Արևմտյան նորաձևությունում գրավեցին հիմնական տեղ։ Դաջվածքները տարածվեցին բոլոր խավի ներկայացուցիչների, երկու սեռերի, տարբեր տարիքային շրջանակներում։ 2010 թվականին ավստրալիացի մինչև 30 տարեկան ներկայացուցիչների 25%-ը դաջվածք ուներ[9]։

Դաջվածքի մշակույթը և նրա զարգացումը խմբագրել

20-րդ դարի եվրոպացի հեղինակները, որոնք փորձում էին ուսումնասիրել ավանդական հանրույթների դաջվածքի մշակույթը, դրան վերագրեցին տեղեկատվական, մոգական, կրոնական հատկանիշներ։ Ուրիշներին դուր գալը կամ վախեցնելը միակ պատճառը չէր, որ անասելի ցավի և նույնիսկ տառապանքի միջոցով կիրառում էին դաջվածքի պատկերման տարբեր եղանականեր։ Նրանցից յուրաքանչյուրն այդ եղանակով փորձում էր արտահայտել իր անհատականությունը, ցույց տալ իր էթնիկական պատկանելիությունը։ Ըստ մարդաբանների՝ դաջվածքի մշակույթի տարածվածությունը և նրա կարևոր դերակատարությունն ավանդական մշակույթներում ունի մի քանի պատճառներ.

  • Որպես գրավչության միջոցի կիրառում,
  • Որպես պաշտպանական միջոց՝ ուրիշներ մոտ վախ առաջացնելու նպատակով,
  • Որպես հաղորդակցության եղանակ սեփական հանրույթի ներսում և այլ հանրույթների ներկայացուցիչների հետ։

Ըստ Վերենա Կաստի՝ «հոգեկանի գիտակցական և անգիտակցական բովանդակությունը միավորվում է սիմվոլներում»։ Եվ որպես անգիտակցական և գիտակցական բովանդակության արտահայտություն՝ դաջվածքը իր էությամբ հենց սիմվոլ է։ Սիմվոլները կարող են ընդունել տարբեր ձևեր և արտահայտվում են տարբեր եղանականերով։ Դաջվածքը սիմվոլ է, որի նշանակությունն արտահայտվում է նրա կրողի գիտակցական և անգիտակցական շարժառիթներով։ Նշանակությունը, որը տրվում է սիմվոլին, նույնքան նշանակալի է, որքան և արտաքին տեսքը. պատկերն իմաստից և նշանակությունից առանձին հնարավոր չէ դիտարկել[10]։

Դաջվածքը ոչ միայն ընդգծում էր սոցիումի լիարժեք անդամի կարգավիճակ ձեռք բերելու նշանակությունը, այլ նաև վիզուալացնում էր այն։ Դաջվածքը հնարավորություն էր տալիս ծրագրավորել այն ամենը, ինչ տվյալ հասարակությունն անհրաժեշտ էր համարում անհատի նույնականացման համար։ Դաջվածքն իր էությամբ ելնում է սրբազան նշանակությունից։ Արխայիկ մարդու կյանքն անպայման ուներ նաև իր հոգևոր բաղկացուցիչը։ Մարդու երկրային կյանքը բացահայտում էր նրա փոխհարաբերությունը հոգևոր աշխարհի հետ։ Հետևաբար դաջվածքը, որը վիզուալացնում էր տոհմացեղային և սոցիալական պատկանելիությունը, անմասն չէր նաև ոգիների աշխարհից։ Ոգիների հետ հաղորդակցությունն էր ընկած դաջվածքի հիմքում։ Մարմնի սրբազան նշանների միջոցով մարդն իր ոգին կապում էր իր կյանքի հետ։ Դաջվածքը հանդես էր գալիս որպես հավատարմության հավաստիք, որի միջոցով մարդու մարմինը կապվում էր հոգու հետ[11]։

Դաջվածքի կիրառումը հնում երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Առաջին հերթին այն հանդիսանում էր որպես «այցեքարտ», երբ դաջվածքը պատմում էր մարդու մասին ամեն ինչ, նրա տոհմական պատկանելիությունը և նույնիսկ կենսագրությունը։ Եվ երկրորդ՝ դաջվածքը կիրառվում էր որպես դրոշմ, որով խարազանում էին հանցագործներին և ստրուկներին։ Ամեն դեպքում դաջվածքը որոշակի տեղեկատվություն էր հաղորդում մարդու կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Դաջվածքը, ըստ շատ ժողովուրդների պատկերացումների, իր մեջ կրում էր տիեզերական և մոգական բնույթ։ Մարդիկ հավատում էին, որ մարմնի վրա պատկերի գոյությունը կպաշտպանի իրենց չար ոգիներից, հակառակորդի զենքից։ Ռազմիկի համար դաջվածքի հիմնական մասը մարմնի վրա կոնքն էր։ Դրանք ամբողջությամբ պատվում էին մոգական նշաններով և մանտրաներով (պաշտպանական խոսքեր)։ Այն նաև գրավչության միջոց էր հակառակ սեռին դուր գալու համար։ Տղամարդը հպարտանում էր իր դաջվածքներով։ Այսօր, սակայն, դաջվածքն իր մոգական խորհրդաբանությունը կորցրել է։ Այսօր շատերը դաջվածքը դիտարկում են վերապրուկ, որը վկայում է մարդու մարգինալ մշակույթի պատկանելիությունը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաջվածքի մշակույթը մեծ տարածում ստացավ նաև ԱՄՆ-ում, որտեղ էլ ի հայտ եկան դաջվածքի համար նախատեսված էլեկտրական սարքերը։ Հենց այդ ժամանակից սկսած դաջվածքը դարձավ ոչ միայն արվեստի ուղղություն, այլև բիզնեսի առաջատար ճյուղերից մեկը։ Հետագայում դաջվածքի միտումները մի քանի անգամ անկում ամպրեցին։ 20-րդ դարի 60-ական թթ. դաջվածքները մեծ տարածում ունեին ռոք-երգիչների շրջանում, որին հաջորդում էին երիտասարդների մեծ զանգվածներ, որոնք կրկնօրինակում էին իրենց կուռքերին։ Դաջվածքի առկայությունը խորհրդանշում էր որոշակի շրջանակների պատկանելություն։ Հետագայում այն դարձավ նորաձևության առաջատար ուղղություններից մեկը. դաջվածքները զարդարում էին հայտնի մոդելների, մարզիկների, երգիչների մարմինները։

 
Լաքի Դայմոնդ Ռիչ, Նոր Զելանդիայի քաղաքացի

Ռուսաստանում դաջվածքի առկայությունը երկար տարիներ խորհրդանշում էր հանցավոր աշխարհին պատկանելիությունը։ Նրանց շրջանում դաջվածքի հիմնական շարժառիթներն էին.

  • Որոշակի միջավայրի մեջ մտնելու խորհրդանիշ,
  • Որոշ դատապարտվածների շրջանում սեփական ինքնահաստատաման համար,
  • Ցանկություն՝ ցույց տալու սեփական նշանակության կարևորությունը, գերակայությունը ուրիշների նկատմամբ,
  • Առավել հայտնի քրեական հանցագործների նմանակում,
  • Որոշակի հիշողություններ բանտի ու հանցավոր ընկերների մասին,
  • Բանտի ռոմանտիկա։

Այսօր դաջվածքի մշակույթը գեղարվեստական նշանակություն ունի։ Նույնիսկ գոյություն ունեն մասնագիտացված թանգարաններ, ցուցադրություններ, որոնք նվիրված են դաջվածքի տարբեր ոճերին և ազգային առանձնահատկություներին։ Անընդհատ բացվում են նոր կենտրոններ, մշակվում են դաջվածքի նոր տեխնիկական ձևեր։ Դաջվածքի պատկերումը ստեղծագործական գործընթաց է, ինչը պահանջում է գեղարվեստական ճաշակի, հմտության և երևակայության առկայություն։

Ինչ վերաբերում է դաջվածքների գենդերային ասպեկտներին պետք է ասել, որ դրանք էապես տարբերվում են իրենց ոճով։ Տղամարդիկ նախընտրում են սեփական մասկուլինությունն ընդգծող դաջվածքները, որոնք երբեմն ագրեսիվ տեսք ունեն։ Դրանք առանձնանում են իրենց մեծ չափերով և ընդգրկում են մարմնի մեծ հատվածներ։ Կանայք նախընտրում են նուրբ ծաղիկներ, թռչուններ, թիթեռներ և կենդանիներ։ Կանացի դաջվածքներն առավել պահպանողական են, քան տղամարդկանցը, որոնք ակտիվ հետևում են նորաձևության միտումներին[12]։

Հոգեբանական նշանակություն խմբագրել

Ըստ ամերիկացի հոգեբան Կարեն Մահովերի՝ այս ոլորտը որոշակի միտումների և օրինաչափությունների ամբողջություն է ներկայացնում։ Ըստ նրա՝ կախված այն բանից, թե պատկերը մարմնի որ հատվածում է, ինչ նշանակություն ունի այն մարդու համար, կարելի է գնահատել հասարակության մեջ նրա վտանգավոր լինելու ստիճանը[13]։ Նախքան որևէ դաջվածք պատկերելը՝ անհրաժեշտ է, առաջին հերթին, հասկանալ նրա իմաստաբանությունը։ Սիմվոլների բառարանի հեղինակ Կերլոտ Խուան Էդուարդոն ներկայացրել է պատկերների սիմվոլիկական իմաստաբանությունը.

  • Աստղի պատկերը խորհրդանշում է հոգին, այն ասոցացվում է լույսի, խավարից ելնող լույսի հետ։ Հինգ թևանի աստղի պատկերը կապված է հիերոգլիֆների հետ և խորհրդանշում է սկզբի գաղափարը։
  • Դանակը կապված է վրեժխնդրության, մահվան և զոհի գաղափարների հետ։
  • Ճապոնական կամ չինական հիերոգլիֆները խորհրդանշում են կամ ուժ, կամ էլ կրակ։
  • Արծիվը խորհրդանշում է հպարտություն։
  • Բուն մթության և մահվան սիմվոլն է։
  • Գայլը ուժի խորհրդանիշն է։
  • Ձուկը պտղաբերության նշան է։
  • Լոտոսը մաքրության, պտղաբերության, առողջության խորհրդանիշն է։
  • Վարդը սիրո, բարեհոգության սիմվոլը։

Կարելի է առանձնացնել դաջվածք պատկերելու մի քանի դրդապատճառներ.

  • Ինքնարտահայտման ձգտում, հասակակիցներից, շրջապատից տարբերվելու միտում, ինչը բնորոշ է հատկապես երիտասարդներին։
  • Համոզմունքներ. փորձ ցույց տալու իրենց պատկանելիությունը որևէ ենթամշակույթի, կրոնական կազմակերպության։
  • Սեփական թերարժեքության զգացումի հաղթահարում, երբ փորձ է արվում հաղքահարել թուլության և անպաշտպան լինելու զգացումը։
  • Կոսմետիկական, երբ փորձ է արվում շտկել մարմնի թերությունները, պիգմենտները։
  • Կարգավիճակի արտահայտում. բնորոշ է հատկապես քրեական աշխարհին, երբ յուրաքանչյուր դաջվածք վկայում է քրեական միջավայրում զբաղեցրած դիրքի մասին։

Դաջվածքի մշակույթը տարբեր էթնիկ հանրույթների մոտ խմբագրել

Օվկիանիայի էթնիկ հանրույթներ խմբագրել

Նոր զելանդական մաորի ցեղի մոտ դաջվածքը ոչ միայն պատկեր էր, որը ներկայացնում էր սոցիալական հիերախիայի աստիճանակական բնութը, այլ նաև ուղերձ էր, որը պարունակում էր ամբողջական մի իմաստ։ Դաջվածքները միջոց էին հիշողության մեջ ամրագրելու ցեղի ավանդույթների, պատկերացումների, աշխարհընկալման և փիլիսոփայության ողջ համակարգը։ Դաջվածքը կամ դեմքի պատկերազարդումը հաղորդում է մարդու սոցիալական նշանակությունը, արտահայտում է մարդու արժանապատվությունը։ Մայորի ցեղի մոտ տարածված էր հատկապես դիմակային դաջվածքը՝ մոկոն, ինչը ցույց էր տալիս ցեղային պատկանելիությունը, սոցիալական ստատուսը, անձնական ձեռքբերումները։ Նա, ով դիմակավոր դաջվածք չուներ, ստրուկի կարգավիճակում էր։ Ըստ Նոր զելանդական ցեղերի մտածողության՝ անհրաժեշտություն է, որպեսզի մարդը պատկերազարդի ինքն իրեն, նա, ով մնում է իր բնական վիճակով, ոչնչով չի տարբերվում կենդանուց։ Մարմնական զարդանախշերը հիմնականում տեղեկատվական գործառույթ էին իրականացնում՝ ցուցելով սոցիալական կարգավիճակը։ Աբորիգենների մոտ նա, ով հրաժարվում էր կենդանության օրոք դաջվածք ունենալ, մահից հետո սպասվում էր դաժան պատիժ։ Դաջվածքի պատկերումը սրբազան գործառույթ էր, որով զբաղվում էր քուրմը, որը որպես հիմնական միջոց՝ օգտագործում էր բույսերի փշեր և ձկան ոսկորներ։ Մախոյի ցեղի մոտ տղամարդ-ռազմիկը յուրաքանչյուր հաղթանակից հետո խորհրդանշական դաջվածք էր պատկերում։ Եվ դաջվածքների թվից կարելի էր տեղեկանալ ռազմիկի քաջության և առնականության մասին։

Պոլինեզիայում և Ինդոնեզիայում դաջվածքները սոցիալական մեծ նշանակություն ունեին և կյանքի բոլոր իրադարձությունները՝ սկսած ծննդից, կապված էր դաջվածքի հետ[14]։

Աֆրիկյան ժողովուրդներ խմբագրել

Աֆրիկյան յուրաքանչյուր էթնիկական հանրույթ ունի մարմնի գեղարվեստական հարդարման իր ավանդույթները։ Այս մշակույթի զարգացման համար մեծ ազդեցություն են ունեցել կլիմայական պայմանները, որի շնորհիվ մարդիկ ողջ տարին ցուցադրում են իրենց մարմինները։ Մարմնական հարդարանքը վկայում էր մարդու սոցիալական ստատուսը, արտահայտում էր նրա աշխարհայացքը, ինչպես նաև անցումը կյանքի մի փուլից մյուսը։ Հատկապես մեծ տարածում ունեին կտրվածքների միջոցով դաջվածքները, որոնք արվում էին նաև երեխաներին։ Հատկապես, պատանիների շրջանում արվող նման դաջվածքները կապված էին նվիրագործման ծեսերի հետ։ Կտրվածքների գործընթացը շատ ցավոտ էր և համարվում էր, որ դրանից հետո տղամարդուն առավել հեշտ կլինի հաղթահարել կենսական դժվարությունները։ Աֆրիկյան շատ ցեղերի մոտ դաջվածքի բացակայությունը ոչ ամբողջականության նշան էր։ Առանց դաջվածքների տղամարդը հաջողակ որսորդ չէր դառնա, իսկ կինը չէր կարող ընտանիք կազմել։

Ամերիկյան ժողովուրդներ խմբագրել

Նախակոլումբոսյան ամերիկյան մշակույթում դաջվածքը կարևորագույն տարրերից էր, ինչը վկայվում է գրավոր աղբյուրներով և հնագիտական պեղումներով։ 15-րդ դարում, երբ իսպանացիները առաջին անգամ ոտք դրեցին ամերիկյան հողի վրա, իրենց հուշերում առաջին հերթին ուշադրություն էին հրավիրում այն բանին, որ վայրենիները ոչ միայն պաշտում էին վտանգավոր աստվածների, այլ նաև իրենց մարմնին կրում էին զանազան պատկերներ։ Պատմական աղբյուրների համաձայն՝ մայաների մոտ տարածված էր կտրվածքային դաջվածքը, հատկապես տղամարդկանց շրջանում։ Դաջվածքները կիրառվում էին ոչ միայն դեկորատիվ և ծիսակական նպատակներով, այլ որպես պատժի միջոց։ Հարավամերիկյան հնդկացիների կենցաղի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դաջվածքը կիրառվում էր որպես զարդարանքի միջոց։ Մասնագետները նման եզրակացության եկան այն ժամանակ, երբ դաջվածքի համանման զարդանախշեր հայտնաբերեցին նաև խեցեղենի վրա[14]։

Ճապոնական դաջվածքի մշակույթ խմբագրել

Ճապոնիան դաջվածքի հայրենիքներից է, որտեղ այս մշակույթը կոչվում է «իրէդձումի»։ Ժամանակի ընթացում դաջվածքը Ճապոնիայում ձեռք է բերել բացասական բնույթ։ Այն սկսեց օգտագործվել հանցագործներին, ինչպես նաև անձեռնամխելիների կաստային առանձնացնելու համար, որոնց գործունեությունը, համաձայն բուդդիստական գաղափարաբանության, համարվում էր պիղծ, անմաքուր։ Մսագործների, գերեզմանափորների նախաբազկին պատկերում էին խաչ կամ գիծ։ Հանցագործների ճակատին պատկերվում էր շան տեսքով հիերոգլիֆ, աջ ձեռքին երկակի մատանի, ձախին՝ շրջան։ Ճապոնիայում ամոթալի դաջվածք կրողը ենթարկվում էր ժողովրդական արտաքսման, ինչը ամենաստորացուցիչ և դաժան պատիժն էր։ Այդ իսկ պատճառով հանցագործներն ամեն կերպ փորձում էին ազատվել դրանից։ Վարպետները մատանիների պատկերի շուրջը առավել բարդ նախշազարդեր էին նկարում՝ փորձելով քողարկել այդ ամոթալի դաջվածքը։ Հենց այդ ժամանակ էլ շատերի կարծիքով, դաջվածքի մշակույթը դարձավ մասսայական երևույթ։ Միջնադարում Ճապոնիայում իրէդձումին արգելված էր ողջ երկրում, քանի որ գոյություն ուներ հասարակության խիստ դասակարգում ըստ շերտերի՝ սամուրայներ, արհեստավորներ և գյուղացիներ։ Յուրաքանչյուր շերտ ուներ իր բնակարանի, հագուստի և սանրվածքի տեսակը։ Ցանկացած խախտում պատժելի էր օրենքով։ Եվ քանի որ դաջվածքները չէին մտնում հաստատված նորմերի շրջանակը, պաշտոնական արգելք համարվեցին։

17-րդ դարի վերջին դաջվածքը մեծ տարածում ուներ ցածր շերտերի շրջանում՝ դերասանների, առևտրականների, աշխատավորների մեջ։ Արգելքի պատճառով մարդիկ ամեն կերպ քողարկում էին դաջվածքները, որի արդյունքում էլ ճապոնական դաջվածքը նոր առանձնահատկություն ձեռք բերեց. դաջվածքը պատկերվում էր մարմնի միայն այն հատվածում, որ չէր երևում հագուստի տակից, իսկ բաց ձեռքերը և ոտքերը, կրծքի միջին հատվածը զուրկ էր դաջվածքից։ Ճապոնական դաջվածքի նոր ալիքը բարձրացավ 18-րդ դարում։ Հենց այդ ժամանակ էլ դաջվածքի մեծ տարածումը հանգեցրեց նրան, որ կառավարությունը հանեց արգելքը։ Սակայն 20-րդ դարում արգելքը նորից մտցրվեց, քանի որ ըստ կառավարության՝ օտարերկրացիներին կզարմացնեն տեղացիների պատկերազարդ մարմինները։ Դա երկրի մասին կարող էր ոչ ճիշտ պատկերացում ստեղծել։ Սակայն, ի հակադրություն սրան, օտարերկրացիները մեծ հետաքրքրություն սկսեցին տածել այդ հնագույն արվեստի նկատմամբ։ Եվ քանի որ արգելքը վերաբերում էր միայն տեղաբնիկ ճապոնացիներին, ապա վարպետները հիմնական գործունեություն ծավալում էին օտարերեկրյա ճանապարհորդների, ծովայինների, առևտրականների հետ։ Չնայած ողջ աշխարհում ճապոնական դաջվածքի մշակույթը մեծ հռչակ էր վայելում, սակայն հենց Ճապոնիայում այն աստիճանաբար անկում ապրեց։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արգելքի ամբողջական հանումը հնարավորություն չտվեց այդ մշակույթի վերականգմանը։ Կորսվեցին հնագույն վարպետների շատ գաղտնիքներ, որոնց փոխարինեցին նոր տեխնոլեգիաներ։ Ինչ վերաբերում է դաջվածքների սյուժեներին, ապա մեծ տարածում ունեին սիրային և կրոնական թեմաներով դաջվածքները, վերջինս տարածված էր բուդդայական վանական համալիրներում։ Մեծ տարածում ունեին բուսական մոտիվները, կենդանինեինց՝ կրիաների, վագրերի, օձերի, վիշապների պատկերները, որոնք իմաստություն, առնականություն, երկարակեցություն, ուժ էին մարմնավորում։ Ճապոնական դաջվածքները առանձնանում էին իրենց չափերով։ Ծագող արևի երկրի բնակիչները նախընտրում էին իրենց մարմնին ունենալ մասշտաբային, սյուժետային, ծավալային դաջվածքներ[15]։

Հնդկական մշակույթ խմբագրել

Հնդկաստանում հատկապես մեծ տարածում ուներ մարմնի վրա հինայի միջոցով բուսական և աբստրակտ զարդանախշեր պատկերելու արվեստը, որը ժամանակի ընթացում կատարելության է հասել։ Մշակվել են հինայի օգտագործման հիմնական ավանդույթները։ Հինայով մարմնի պատկերումը ինֆորմացիա էր հաղորդում պատերազմի ժամանակ տղամարդու ցուցաբերած արիության մասին կամ էլ ընտանիքում դժբախտության մասին։ Զարդանախշերը ձեռք են բերել մոգական, պաշտպանական և սիրային հատկություններ։ Հինան մեծ կիրառություն ուներ հատկապես կանանց շրջանում։ Զարդանախշերը արվում էին ոտքերին և ձեռքերին, որտեղ ամենաերկարն էր պահպանվում։ Հյուսիսային Հնկաստանում կանայք հինայի միջոցով փորձում էին ընգծել բնական գեղեցկությունը կամ կատարելագործել այն։ Որոշ էթնիկ հանրույթներ կարծում էին, որ դաջվածքը սիրո ատրիբուտ է և գրգռիչ հատկություն ունի։ Հնդկաստանում հինայով մարմնի պատկերումը կապված էր հարսանեկան ծեսի հետ։ Հարսանիքից մի օր առաջ հարսնացուի ավագ ազգականները պատկերազարդում են նրա կոնքերը, ձեռքերը, միաժամանակ հաղորում նաև ընտանեկան կյանքի գաղտնիքները։ Ըստ հետազոտողների՝ այս արվեստը Հնդկաստանում ավելի շատ կանացի է, քան տղամարդկային։ Հնդիկ կանայք չէին խուսափում նորարարություններից և կիրառում էին հինայի պատկերազարդման նոր տեխնիկաներ[16]։

Հայկական դաջվածքային մշակույթ խմբագրել

Հայկական զարդարվեստի կենդանական մոտիվների մի մասը կախված է եղել տոտեմական պատկերացումների հետ։ Բացի այդ` կենդանապատկերները, համարյա ամբողջությամբ, կապված էին նաև ժողովրդական հին պատկերացումների և ընմբռնումների հետ։ Մարդիկ կենդանիների հետ են կապել իրենց գոյությունը, իրենց սերնդի, երկրագործության, անասնապահության զարգացման և բազմացման ակնկալիքները։ Հայկական հին ծեսերում, բանահյուսության մեջ, զարդարվեստում մեծ տարածում ուներ նաև աղվեսապատկերը, որը բարդացված էր բուսական ատրիբուտներով և ներկայացնում էր կենդանա-բուսական զարդեր։ Այլ ժողովուրդների մոտ պահպանված տվյալների շնորհիվ, մասնագետները ցույց են տվել, որ աղվեսը մեծ տեղ է գրավել նրանց տոտեմական համակարգում։

Տոտեմական պատկերացումների մնացուկ են համարվում այնպիսի հավատալիքները, որոնց համաձայն, եթե մարդն իր վրա կրի աղվեսի մորթուց կամ մարմնի մասից որևէ կտոր, նրան փորձանք չի պատահի։ Որպես տոտեմական խորհրդանիշ՝ այն արտահայտվել է հատկապես պտղաբերության տոների ժամանակ՝ որպես աճման և պտղաբերության խորհրդանիշ։ Աղվեսը դիտարկվում էր որպես բարի ուժերի սիմվոլ, որը պայքարում էր չար ուժերի դեմ՝ հանուն գարնան, բերքի և մարդկային բերեկեցիկ կյանքի։ Սակայն պետք է փաստել, որ քրիստոնեությունը, պայքարելով հեթանսական պատկերացումների դեմ, հալածել է աղվեսին՝ համարելով նրան բացասական, չար ուժերի սիմվոլ։ Աղվես տոտեմը կարևոր տեղ և դեր էր զբաղեցնում հարսանիքում։ Նա այդտեղ գործող կարևոր «անձնավորություն» էր, որը, բոլոր տեսակի արգելքների, ծեծերի և տուգանքների միջից անցնելով, որպես բարի սուրհանդակ, հասնում է փեսայի տուն և նրանց ավետում հարսի ու հարսանեկան թափորի ճանապարհ ընկնելը։

Հայ ժողովրդական պատկերացումներում աղվեսը բարի ուժի և հաջողության խորհրդանիշն էր։ Աղվես տոտեմը պատկանել է այն կենդանիների շարքին, որոնց մեջ մարդիկ գնահատել են ամենից առաջ նրա խելքը, խորամանկությունը՝ որպես դրական երևույթ։

Հայկական հին աղբյուրների մեջ արվեստի հետ կապվող փաստերից է նաև աղվեսադրոշմները։ Գոյություն են ունեցել հատուկ կնիքներ, որոնց միջոցով քրիստոնեկան եկեղեցին խարանել է իր գաղափարական հակառակորդների ճակատները։ Միջնադարյան կանոնագրքերում և դատաստանագրքերում նման կնիքները կոչվում էին աղվեսադրոշմներ։ Այդ կնինքների վրա գծագրված ձևն իրենից ներկայացրել է աղվեսի պատկեր։ Ի՞նչն էր պատճառը, որ այդ կնիքները երևան են եկել աղվեսի դրոշմով. դրոշմել մեկի ճակատին աղվեսի պատկեր, նշանակում է նրան համարել աղվես։ Բայց, երբ տվյալ անձնավորությունը ներկայանում է որպես գաղափարական հակառակորդ, պիտի համապատասխան գաղափար էլ ունենար աղվեսի կնիքը։ Աղվեսը հեթանոսական պաշտամունքների հետ կապված և տոտեմական ծագում ունեցող կենդանի էր։ Ուստի աղվեսադրոշմը դիտվում էր որպես հակաքրիստոնեական հեթանոսական նշան։ Ուշագրավ է այն փաստը, որը հաղորդում է Գրիգոր Մագիստրոսը թոնդրակեցիների կապակցությամբ. պարզվում է, որ եկեղեցին որպես պատիժ թոնդրակյանների ճակատին խարանել է տվել հենց աղվեսադրոշմ։

Հայտնի է, որ հնում ընդունված էր տոտեմ կենդանու նմանությամբ խարան դնել տոհմի անդամների մարմնի վրա։ Այս սովորույթը որպես մնացուկ հետագայում անցել է նաև քրիստոնեության մեջ։ Ավեղադրոշմն էլ այդպիսի ծագում ուներ։ Թեև միջնադարյան հոգևոր մեկնիչների բացատրությամբ աղվեսը համարվում էր կեղծավոր, խաբեբա, սատանային հավասարազոր տիպ, բայց նա, ըստ իր վաղեմի նշանակության, այդպիսին չէր։ Մասնավորապես առակների մեծ մասում աղվեսը երևան է գալիս որպես սիրելի, համակրելի հերոս, որի բերանով հաճախ խոսում է ժողովուրդը։ Աղվեսը ներկայանում է որպես քրիստոնեության և ֆեոդալական կարգերի թշնամի, արտահայտում ճնշվածների և աշխատավորների շահերը։ Հետագայում միայն աղվեսի մասին պատկերացումները սոցիալական հողի վրա աստիճանաբար սկսեցին վերաիմաստավորվել[17]։

Հայկական հեքիաթներում նույնպես կարելի է տեսնել դաջվածքի, դրոշմի արտահայտություններ։ Մասնավորապես դրանցից մեկում, երբ տղան մութ աշխարհում սպանում է ջրագել վիշապին, փրկում թագավոր աղջկան, վերջինս արյունոտ ձեռքով դրոշմ է դնում տղայի մեջքին կամ սրտին։ Նվիրագործում անցնող հերոսը իր վրա նշան է կրում (դրոշմ, կնիք, դաջվածք), մեծ մասամբ նրա մազերն ու մատները ոսկեզօծվում են, այսինքն՝ վկայում են փորձություններին դիմակայման մասին վկայող հաղթանշաններով։ Նա վերածնվում է նոր, ավելի բարձր կարգավիճակում՝ անգիտակցականի հնագույն արքետիպերի թելադրանքով այս փոփոխությունը կրելով ոչ միայն արտաքին-ֆիզիկական, այլև հոգեկան մակարդակում։ Հասակային դասերի հետ են կապված երիտասարդների մարմինների վրա անջնջելի խարաններ դրոշմելը, որը վկայում է տարիքային մի խմբից մյուսին անցած լինելու մասին։ Հեքիաթներում հաճախ այդ նշանները ներկայացվում են դրոշմի կամ դաջվածքի տեսքով՝ խորհրդանշելով հնագույն պատմահասարակական հարաբերություններին բնորոշ (տեղեկատվական, կրոնածիսական, էթնոմշակութային) պատկերացումները։ Հայ ժողովրդական հեքիաթներում նվիրագործող հերոսների մարմնի տարբեր մասերին դաջվածք-դրոշմանշանները ծիսական բնույթ ունեն, «որոնք աստիճանաբար վեր են ածվել հասարակության սոցիալական շերտերը ներկայացնող մարդկանց անձը, սեփականությունն ու իրավունքը հաստատող սիմվոլների՝ կնիքների»[18]։

Գործընթաց խմբագրել

 
Դաջվածքի ստեղծման գործընթաց

Դաջվածքը բուն մաշկի տակ պիգմենտի ներարկումն է։ Առաջին ներարկումից հետո, պիգմենտը ցրվում է ամբողջ հոմոգեն շերտով, հետո էպիդերմիս շերտով և արտաքին դերմիս շերտով։ Վերջիններում օտար մարմնի առկայությունը ակտիվացնում է իմունային համակարգի ֆագոցիտները, որոնք էլ կլանում են պիգմենտի մասնիկները։ Երբ սկսվում է ապաքինման գործընթացը, վնասված էպիդերմիսը չորանում, թափվում է, մինչդեռ խորը մաշկի տակ ձևավորվում է մանր հյուսվածք, որն էլ այնուհետև դառնում է միասնական հյուսվածք՝ կոլագենի աճի շնորհիվ։ Այն վերականգնում է արտաքին դերմիսը, որտեղ պիգմենտը գտնվում է ֆիբրոբլաստների միջև՝ աստիճանաբար կենտրոնանալով դերմիսի ներքևում գտնվող շերտում։ Այն կայուն է մնում այստեղ երկար ժամանակ, սակայն շատ երկար ժամանակ անց այն կարող է ավելի խորը՝ դերմիս անցնել[19]։ Շատ ցեղերի մշակույթներում ավանդաբար դաջվածք էին անում կտրելու միջոցով՝ ձևավորելով մաշկը և արդեն վերքը ներկելով թանաքով, մոխիրով կամ այլ նյութերով։ Իսկ այլ ցեղախմբեր դաջվածք էին անում ձեռքով թանաք քսելով՝ օգտագործելով սրածայր փայտեր կամ կենդանիների ոսկորներ։ Արդի ժամանակներում կիրառվող ամենատարածված մեթոդը դաջվածքի էլեկտրական սարքն է, որը թանաքը մաշկի տակ է ներարկում մեկ ասեղի կամ մի քանի ասեղների միջոցով, որոնք ամրացված են ձողին, որն էլ իր հերթին ամրացված է առանցքային միավորի։ Տվյալ միավորը արագ և իրար ետևից ասեղը մտցնում և հանում է մաշկից, սովորաբար վայրկյանում 80-ից 150 անգամ։ Այս ժամանակակից գործընթացը որպես կանոն սանիտարահիգիենիկ է։ Ասեղը մեկանգամյա օգտագործման պետք է լինի։ Դաջվածքի մասնագետը պետք է լվանա նախ իր ձեռքերը, ինչպես նաև այն մասը, որտեղ պետք է դաջվածքը արվի։ Միշտ պետք է կրի ձեռնոցներ, իսկ վերքը պետք է մաքրվի թաց անձեռոցիկներով։ Սարքը պետք է մանրէազերծվի ամեն անգամ օգտագործելուց հետո և առաջ։

Ասոցիացիաներ խմբագրել

19-րդ դարում Ճապոնիայի Մեյջի կառավարությունը արգելեց դաջվածքներ ունենալը, արգելք, որը տևեց 70 տարի (մինչև 1948 թվականը)[20]։ 2012 թվականի հունիսի 6-ին Օսակայի աշխատող բնակչությանը արգելվեց դաջվածքներ ունենալ, իսկ արդեն եղած դաջվածքները թաքցվեցին զգեստների տակ։ Օսակայի բարոյական օրենսգրքում կանոնակարգեր մտցվեցին` ըստ որոնց բոլոր այն աշխատողները, որոնք դաջվածքներ էին կրում իրենց մարմնի վրա, պետք է մաքրեին դրանք։ Պատճառը կապված էր Յակուձայի կամ ճապոնական կազմակերպված հանցախմբի հետ։ Պատմական Չինաստանում դաջվածքներն ունեն բացասական իմաստ, քանի որ այնտեղ հաճախ հանցագործներն էին դաջվածքներ կրում[21][22]։ Հիմա չինական հասարակության մեջ դաջվածքները համարվում են տաբուներ[23]։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դաջվածքի ժամանակակից մշակութային հասկացողությունը մեծապես փոփոխվել է դեվիանտ սոցիալական խմբերի երկարամյա կարծրատիպերի շնորհիվ 19-20-րդ դարերում։ Մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում դաջվածքները զուգորդվում էին կարծրատիպերի, ֆոլկլորի և ռասիզմի հետ։ 1960-70-ականներին մարդիկ այն ասոցացնում էին այնպիսի հասարակական վտարանդիների հետ, ինչպիսիք են մոտոցիկլավարները և բանտարկյալները[24]։ Այժմ ԱՄՆ-ում շատ հանցագործներ և բանդայի ներկայացուցիչներ տարբերակիչ դաջվածքներ են կրում՝ ցույց տալու իրենց հանցավոր վարքի, դատվածության վերաբերյալ փաստեր[25]։

Մի շարք ուսումնասիրություններ են արվել դաջվածք կրող հասարակության շրջանակներում և դաջվածքի վերաբերյալ հասարակության կարծիքի մասին։ 2006 թվականի հունիսին «Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիայի» ամսագիրը տպագրեց 2004 թվականին անցկացված հեռախոսային հետազոտությունների արդյունքները։ Համաձայն ամսագրի` 18-29 տարեկան ամերիկացիների 36%-ը, 30-40 տարեկանների 24%-ը և 41-51 տարեկանների 15%-ը դաջվածք է ունեցել։ 2006 թվականի սեպտեմբերին «Փյու» հետազոտական կենտրոնը հեռախոսային հետազոտություն անցկացրեց` համաձայն որի 18-25 տարեկան ամերիկացիների 36%-ը, 26-40 տարեկանների 40%-ը և 41-64 տարեկանների 10%-ը դաջվածք է ունեցել։

 
Դաջվածքի մասնագետ

Առողջական ռիսկեր խմբագրել

Առողջական ռիսկերից են համարվում վարակները և ալերգիկ ռեակցիաները։ Դաջվածքի ժամանակակից մասնագետները նվազեցնում են այս ռիսկերը՝ հետևելով համընդհանուր նախազգուշական միջոցների՝ կիրառելով մեկանգամյա օգտագործման ասեղներ և ախտահարելով գործիքները։ 2009 թվականին ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի ոչ մի դեպք չի գրանցվել, որը կառաջանար դաջվածքներից[26]։ Սիրողական դաջվածքների դեպքում վարակի ռիսկը մեծանում է, քանի որ նման պայմաններում շատ հաճախ կիրառվում են ոչ ախտահարված գործիքներ։ Նմանատիպ վարակներից են հեպատիտի բոլոր ձևերը, հերպեսի վարակները, ՄԻԱՎ, կարկամախտ և տուբերկուլյոզ[27]։ Դաջվածքի համար նախատեսված թանաքը ռեակցիա չի առաջացնում։ Սակայն որոշ դեպքեր վավերացվել են, հատկապես գունավոր թանաքի հանդեպ ալերգիկ ռեակցիաներ։ Սա երբեմն կարող է լինել թանաքի բաղադրությունում պարունակվող նիկելի պատճառով, որը կարող է առաջացնել սովորական մետաղական ալերգիա։ Երբեմն դաջվածքի գործընթացում արյունատար անոթների ծակվելու պատճառով կարող են կապտուկներ/հեմատոմա առաջանալ։

Դաջվածքի հեռացում/մաքրում խմբագրել

Չնայած որ դաջվածքները համարվում են երկարաժամկետ, երբեմն հնարավոր է ամբողջությամբ կամ մասնակի հեռացնել դրանք լազերային սարքերի միջոցով։ Սովորաբար, սև կամ որոշ գունավոր թանաքով արված դաջվածքներն ավելի հեշտ կարելի է ամբողջությամբ մաքրել, քան այլ գունային թանաքով արվածները։ Հեռացնելու գործընթացը շատ ավելի ցավոտ է, քան դաջելու գործընթացը։

Ժամանակավոր դաջվածքներ խմբագրել

Ժամանակավոր դաջվածքներ են անվանում մաշկը թանաքով կամ որոշ գունանյութերով ներկելը։ Մեհնդիյով կամ հինայով մաշկը ներկելը հին հնդկական ավանդույթ է։

Արտաքին Հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Медникова М.Б. Неизгладимые знаки: татуировка как исторический источник, М., 2007
  2. Барановский В. Искусство татуировки, М., 2002.
  3. «tattoo». The Hutchinson Unabridged Encyclopedia with Atlas and Weather guide (Credo Reference. Web. ed.). Helicon. 2012 թ․ սեպտեմբերի 17.
  4. «Tattoos, Body Piercings, and Other Skin Adornments». Aad.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  5. George Orwell (1940). «Down the Mine». Inside the Whale.
  6. Johnson, Frankie J. "Tattooing: Mind, Body And Spirit. The Inner Essence Of The Art". Sociological Viewpoints 23. (2007): 45–61. Academic Search Premier. Web. 13 Mar. 2013.
  7. During the Tichborne case, a witness, Lord Bellew, testified he and the missing Roger Tichborne tattooed each other while they were both schoolboys at Stonyhurst College. Tichborne left school in 1848. The Times (London), 2 February 1872, p. 10
  8. Steward, Samuel M. (1990). Bad Boys and Tough Tattoos: A Social History of the Tattoo with Gangs, Sailors, and Street-corner Punks, 1950–1965. Psychology Press. ISBN 978-1560240235. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. Brittany, By (2010 թ․ հոկտեմբերի 31). «I'm inked therefore I am: Why tatts have left a mark on Gen Y». News.com.au. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  10. Андерсон Э. Татуировки как зримые архетипы: знаковые достопримечательности на карте души. [1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.
  11. Татуировка — история, психология, семантика
  12. М.Б. Неизгладимые знаки: татуировка как исторический источник, М., 2007.
  13. «Рычкова Ю.В. Искусство или дань моде». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. 14,0 14,1 Леви-Стросс К. Структурная антропология, М., 2001.
  15. «Татуировки жителей Японии». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  16. «Татуировки народов разных стран». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. ՄՆացականյան Ա., Հայկական զարդարվեստ, Եր., 1955, էջ 269.
  18. Հայրապետյան Թ., Ծիսական մրցության մշակույթը հայկական հրաշապատում հեքիաթներում, էջ 158-159։
  19. Tattoo lasers / Histology, Suzanne Kilmer, eMedicine
  20. Ito, Masami, "Whether covered or brazen, tattoos make a statement", Japan Times, June 8, 2010, p. 3
  21. DeMello, Margo (2007). Encyclopedia of body adornment. Westport: Greenwood Press. էջ 61. ISBN 978-0-313-33695-9.
  22. Dutton, Michael (1998). Streetlife China. Cambridge: Cambridge University Press. էջեր 163 & 180. ISBN 0-521-63141-6.
  23. Dutton, Michael (1998). Streetlife China. Cambridge: Cambridge University Press. էջ 180. ISBN 0-521-63141-6.
  24. Bodies of Inscription: A Cultural History of the Modern Tattoo Community. Margo DeMello. Durham, NC: Duke University Press, 2000. vii + 222 pp., photographs, notes, bibliography, index.
  25. Andrew Lichtenstein, Texas Prison Tattoos, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին-ին
  26. «HIV and Its Transmission». CDC. July 1999.
  27. «Tattoos: Risks and precautions to know first». MayoClinic.com. 2012 թ․ մարտի 20. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 669