Սպեկիոզա Կազիբվե

ուգանդացի քաղաքական գործիչ

Սպեկիոզա Կազիբվե (անգլ.՝ Specioza Naigaga Wandira Kazibwe, հուլիսի 1, 1955(1955-07-01)[2], Ուգանդայի պրոտեկտորատ[2]), ուգանդացի վիրաբույժ, քաղաքական գործիչ։ Երկվորյակ դուստրերի պատճառով նրան նաև անվանում են «Ննալոնգո»։ 1994-2003 թվականներին եղել է Ուգանդայի փոխնախագահը։ Նա Աֆրիկայում առաջին կինն էր, որը զբաղեցրել է ինքնիշխան երկրի փոխնախագահի պաշտոնը[3]։ 2013 թվականի օգոստոսին Բան Կի Մունի կողմից նշանակվել է Աֆրիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ[4]։

Սպեկիոզա Կազիբվե
 
Կուսակցություն՝ Ազգային դիմադրության շարժում
Կրթություն՝ Հարվարդի համալսարան, Մակերերեի համալսարան[1], Makerere University School of Medicine? և Mount Saint Mary's College Namagunga?
Մասնագիտություն՝ վիրաբույժ և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Ծննդյան օր հուլիսի 1, 1955(1955-07-01)[2] (68 տարեկան)
Ծննդավայր Ուգանդայի պրոտեկտորատ[2]
Քաղաքացիություն  Ուգանդա[2]

Կենսագրություն խմբագրել

Սպեկիոզա Կազիբվեն ծնվել է 1954 թվականի հուլիսի 1-ին Իգանգա շրջանում։ Սովորել է Լուգազի քաղաքի մոտ գտնվող Կամալա-Ջինջա մայրուղու վրա տեղակայված Կաթոլիկ եկեղեցու հետ փոխկապակցված Նամագունգայի Mount Saint Mary's College-ում։ 1974 թվականին ընդունվել է Մակերերեի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1979 թվականին և ստացել բժշկության և վիրաբուժության բակալավրի աստիճան, այնուհետև՝ բժշկության մագիստրոսի կոչում՝ մասնագիտանալով վիրաբուժության բնագավառում։ 2009 թվականին Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի բնակչության և միջազգային առողջության բաժինը նրան շնորհել է գիտության դոկտոր (SD) պատվավոր աստիճան[5]։

Գործունեություն խմբագրել

Կազիբվեն քաղաքական կարիերան սկսել է որպես Ուգանդայի դեմոկրատական կուսակցության երիտասարդական և կանանց թևի անդամ։ 1987 թվականին Ազգային դիմադրության շարժում կուսակցությունից ընտրվել է գյուղապետ, այնուհետև Կամալայի շրջանի կանանց ներկայացուցիչ, ինչպես նաև դարձել է Մուսևենիի նախընտրական քարոզարշավի խորհրդատվական կոմիտեի նախագահ։

1989 թվականից աշխատել է Յովերի Մուսևենի վարչակազմում, նշանակվել է Արդյունաբերության նախարարի տեղակալ և պաշտոնավարել մինչև 1991 թվականը, 1991-1994 թվականներին եղել է Գենդերային և համայնքային զարգացման նախարար։ Եղել է Սահմանադրական ժողովի անդամ, որը 1994 թվականին կազմել է Ուգանդայի նոր սահմանադրությունը։ 1996 թվականին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր Իգանգա շրջանի Հարավային Կիգուլուի ընտրատարածքից։ 1994-2003 թվականներին եղել է Ուգանդայի փոխնախագահ և Գյուղատնտեսության, կենդանական արդյունաբերության և ձկնաբուծության նախարար։

Կազիբվեն Աֆրիկայում կանանց դերի պաշտպան է։ Համագործակցելով Աֆրիկյան միության կազմակերպության և Աֆրիկայի Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողովի հետ՝ 1998 թվականին հիմնել է Խաղաղության և զարգացման աֆրիկյան կանանց կոմիտեն (AWCPD) և ղեկավարել այն։ Դոկտոր Կազիբվեն նաև եղել է տարբեր ազգային շահագրգիռ խմբերի նախագահ կամ անդամ, այդ թվում՝

  • Շրջակա միջավայրի հարցերով ավագ կանանց խորհրդատվական խումբ
  • Ուգանդայի ձեռներեց կանանց ասոցիացիա
  • Ուգանդայի բժիշկ կանանց ասոցիացիա
  • Ուգանդայի ագրո-էներգետիկ կլոր սեղան (AER/U)

Կազիբվեն նախագահել է ագրո-էներգետիկ Ուգանդա առաջին համաժողովը 1991 թվականի նոյեմբերի 25-ին Կամպալա Շերատոնում, ինչպես նաև մի քանի տարի շարունակ եղել է ագրո-էներգետիկ կլոր սեղանի (AER) պատվավոր կոմիտեի անդամ։ 1998 թվականին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նրան շնորհել է «Ceres Medal»`«սննդամթերքի անվտանգության և աղքատության հաղթահարման գործում ներդրման համար»[5]։

Անձնական կյանք խմբագրել

2002 թվականի ապրիլին Կազիբվեն ամուսնալուծվել է` ասելով, որ հրաժարվում է շարունակել ընտանեկան բռնության զոհ լինել[6]։ Պոլիգամին և կնոջը ծեծելը Ուգանդայում համեմատաբար տարածված են, բայց ամուսնալուծությունը հազվադեպ է։ Կազիբվենի ամուսինն ընդդիմացավ ամուսնալուծությանը՝ վկայակոչելով կաթոլիկ հավատը և ասելով, որ կինը ուշ է տուն վերադառնում՝ առանց հիմնավոր պատճառաբանության, ինչպես նաև աշխատում է մի շարք քաղաքական գործիչների հետ, որոնց ինքը չի համակրում[7]։ Պայմանավորված քաղաքական պարտականությունների կատարման դժվարության և ամուսնալուծության խառնաշփոթով, 2003 թվականի մայիսի 21-ին Կազիբվեն հրաժարվեց կառավարական պաշտոնից` խնդրելով թույլ տալ շարունակել ուսումը՝ Հարվարդի համալսարանում ավարտելով դոկտորականը։ Սպեկիոզա Կազիբվեն ունի չորս երեխա, ներառյալ առաջին ամուսնությունից երկվորյակները և մի քանի որդեգրած երեխաներ[3][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.newvision.co.ug/news/1509892/ugandas-vice-presidents-specioza-kazibwe
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. 3,0 3,1 Scheier, Rachel (2003 թ․ դեկտեմբերի 26). «In Uganda, A Woman Can Be Vice President But Have Few Rights». The Christian Science Monitor. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  4. UNAIDS, . (2013 թ․ օգոստոսի 2). «Speciosa Wandira-Kazibwe Appointed As UN Secretary-General's Special Envoy for HIV/AIDS In Africa». UNAIDS. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  5. 5,0 5,1 SWK, . (2012). «Speciosa Wandira Kazibwe: Detailed Curriculum Vitae» (PDF). Speciosawandira.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին. {{cite web}}: |first= has numeric name (օգնություն)
  6. 6,0 6,1 Flanagan, Jane (2002 թ․ մայիսի 12). «I Was A Battered Wife, Reveals Uganda's Angry Vice President». Daily Telegraph (London). Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  7. Abimanyi, John (2013 թ․ օգոստոսի 6). «Kazibwe: A Legacy Ruined By One Action». Daily Monitor (Kampala). Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.