Ընտանեկան բռնություն, նաև օգտագործվում է տնային բռնություն կամ կենցաղային բռնություն եզրույթը, ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ կամ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մեկ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ կատարվող բռնություն, սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում։ Ամուսինների կամ զուգընկերների միջև միակողմանի բռնությունը որակավորվում է որպես տնային կամ ընտանեկան բռնություն, երբ զուգընկերները գտնվում են երկարաժամկետ մտերիմ հարաբերությունների մեջ, որոնց օրինակներ են օրինական կամ քաղաքացիական ամուսնությունը, երկարատև սիրային հարաբերությունները, ընտանեկան կամ ազգակցական կապը և այլն։ Ընտանեկան բռնությունը տարբերվում է բռնության այլ ձևերից, քանի որ բռնությունն իրականացվում է այն անձի կողմից, որին բռնության ենթարկվող անձը սիրում և վստահում է։ Ընտանեկան բռնությունը տևական ուժի և վերահսկողության շղթայի օրինաչափության մաս է, որը ստեղծում է կախվածություն բռնարարից, ինչն էլ բարդացնում է օգնության դիմելու, բարձրաձայնելու կամ բռնարար հարաբերությունները խզելու հնարավորությունը։

Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Ընտանեկան բռնության մասին իրազեկմանը նվիրված մանուշակագույն ժապավեն

Սահմանում խմբագրել

Ընտանեկան բռնությունը քրեական հանցագործություն է։ Այն սահմանվում է որպես ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ զուգընկերոջ հանդեպ կատարվող ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, ավելի հաճախ տղամարդու կողմից կնոջ նկատմամբ կատարվող բռնություն[1]։ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (թիվ 210 կոնվենցիա) 3(բ) հոդվածում ընտանեկան բռնությունը սահմանվում է որպես՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողություններ, որոնք կատարվում են ընտանիքի, ընտանեկան միավորի ներսում՝ նախկին կամ ներկա ամուսինների, զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում կամ բնակվել է տուժողի հետ նույն վայրում[2]։

Ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական բռնությունը (հրելը, կծելը, ծեծելը, կսմթելը, խեղդելը, ապտակելը, քերծվածքներ, այրվածքներ հասցնելը և այլն), հոգեբանական բռնություն (սպառնալը, վախեցնելը, հեգնելը, ծաղրելը, հայհոյելը, նվաստացնելը, արգելքներ և վերահսկողություն կիրառելը), սեռական բռնություն (բռնաբարելը, սեռական ոտնձգություններ կիրառելը, սեռական հարաբերությունների հարկադրելը և այլն)[3], տնտեսական բռնություն (անձին գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք, ֆինանսական միջոցներ) զրկելը նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով։ Շատ հաճախ բռնության գործադրման պատճառ են դառնում հարբեցողությունը, ինչպես նաև հոգեկան խանգարումները։

Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության ենթարկվողների ճնշող մեծամասնությունը կանայք են, ու հենց նրանք են ենթարկվում բռնության ավելի վտանգավոր ձևերին։ Միավորված ազգերի կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների համաձայն՝ աշխարհում ամեն երրորդ կին ենթարկվում է բռնության առնվազն մեկ տեսակի։ Բռնության ենթարկված կանանց մոտ 40%-ը հայտնում է, որ երեխաներն ականատես են լինում բռնությանը, ինչն իր հերթին կարող է բերել երեխայի կողմից բռնարարի կամ բռնության ենթարկվողի վարքագծի կրկնօրինակմանը, ինչպես նաև բազմաթիվ հոգեբանական խնդիրների[4]։ Որոշ երկրներում ընտանեկան բռնությունը համարվում է արդարացված, հատկապես կանանց կողմից փաստացի կամ ենթադրյալ անհավատարմության դեպքում, անգամ թույլատրված է օրենքով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անմիջական կապ կա տվյալ երկրում գենդերային հավասարության ցուցանիշի և ընտանեկան բռնության մակարդակի միջև, այսինքն ավելի ցածր գենդերային հավասարության ցուցանիշ ունեցող երկրներում ավելի մեծ է ընտանեկան բռնության դեպքերի թիվը[5]։ Ընտանեկան բռնության մասին իրազեկությունը, հասարակական ընկալումը, իրավական սահմանումը և քրեական պատժելիությունը տարբերվում են երկրից երկիր, ինչպես նաև տարբերվել են բոլոր ժամանակաշրջաններում։ Գրեթե բոլոր արևմտյան երկրներում ընտանեկան բռնությունը քրեականացված է, ի տարբերություն զարգացող երկրների, որոնցից շատերում ընտանեկան բռնությունը չի պատժվում օրենքով, որոշ երկրներում էլ համարվում է օրինաչափություն։ Օրինակ 2010 թ. Արաբական Էմիրությունների Գերագույն Դատարանը որոշեց, որ ամուսինը իրավունք ունի իր կնոջը և երեխաներին ֆիզիկական ուժով պատժելու, եթե պատժի հետևանքում տեսանելի վնասվածքներ չեն մնում[6]։ Հասարակական ընկալումները ընտանեկան բռնության հանդեպ նույնպես տարբեր են։ Զարգացած երկրներից շատերում ընտանեկան բռնությունը համարվում է անընդունելի բնակչության մեծամասնության կողմից, սակայն երկրագնդի այլ մասերում հասարակական կարծիքները կարող են տարբերվել։ Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարցման՝ 15-49 տարեկան կանայք, որոնք արդարացի են համարում ամուսնու կողմից կնոջ ծեծելը հատուկ հանգամանքներում, կազմում են 90%՝ Հորդանանում, 85.6%՝ Գվինեայում, 85.4%՝ Զամբիայում, 85%՝ Սիերա Լեոնեում, 81.2%՝ Լաոսում, և 81%՝ Եթովպիայում[7]։

Հայաստանում ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացված չէ, սակայն վավերացվել են կանանց նկատմամբ խտրականության վերացմանը վերաբերող միջազգային փաստաթղթեր, ինչպես նաև 2017 թվականին ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը[8]։

Կառավարական մարմինների սահմանումներ խմբագրել

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության Կանանց Հանդեպ Բռնություններով զբաղվող բաժինը սահմանում է ընտանեկան բռնությունը (domestic violence) որպես․ «կամայական հարաբերություններում բռնի վարքագիծ, որն ուղված է մեկ մտերիմ զուգընկերոջ կողմից մյուսի նկատմամբ իշխանության ձեռք բերմանը և ենթարկության հարկադրմանը կամ պահպանմանը»։ Սահմանումը նաև ավելացնում է, որ ընտանեկան բռնության կարող է ենթարկվել կամայական անձ՝ անկախ տարիքից, սեռական օրիենտացիայից, կրոնական նախասիրություններից, սեռից և ռասայական պատկանելիությունից։ Նշվում է նաև, որ ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական, սեռական, հուզային, հոգեբանական և տնտեսական բռնությունները[9]։

Պատմություն խմբագրել

 
Ամուսինը ծեծում է կնոջը (թատերական ներկայացում)
 
Ամուսինը փայտով հարվածում է կնոջը(մոտ․ 1360 թվական)
 
Ժան Գրանվիլի ծաղրանկարը «Qui aime bien châtie bien» (թրգմ․՝ հարվածում է,ուրեմն սիրում է)։ Առաջին պլանում պատկերված է տղամարդ, ով պատժում է երեխային, հետևում՝ տղամարդը հարվածում է կնոջը։

Մինչ 1800-ական թվականների կեսերը աշխարհում իրավական համակարգերի մեծ մասը կանանց ծեծի ենթարկելը համարում էր ամուսնու գերիշխանության հաստատման հնարավոր ձև[10][11]։ 19-րդ դարում ֆեմինիստական առաջին ալիքը և քաղաքական ներազդեցությունը վերափոխեցին թե՛ հասարակական կարծիքը, թե՛ ընտանիքում կատարվող բռնության մասին օրենքները Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում[12]։ Արդեն 1870-ական թվականների վերջում Միացյալ Նահանգների դատարանների մեծ մասը չեղարկում էր տղամարդկանց այն իրավունքը, համաձայն որի նա իրավունք ուներ ֆիզիկական պատժի ենթարկել իր կնոջը[13]։ Միացյալ Նահանգների ոստիկանությունը արդեն միջամտում էր ընտանեկան բռնության դեպքերին, սակայն ձերբակալությունների դեպքերը հազվադեպ էին[14]։ Ամբողջ աշխարհով մեկ իրավական համակարգերը սկսեցին զբաղվել ընտանեկան բռնության խնդրով միայն սկսած 1990-ական թվականներից։ 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից հրապարակվեց «Ընտանիքում բռնության դեմ պայքարի ստրատեգիաներ» տեղեկատվական ուղեցույց, որով կոչ էր արվում դիտարկել ընտանեկան բռնությունը, որպես քրեական հանցագործություն[15]։ Վերջին տարիներին տարբեր ոլորտի մասնագետներ սկսեցին անդրադառնալ ընտանեկան բռնության առաջացմանը նպաստող գործոններին, պատճառներին և դրա հետևանքներին, օրինակ սոցիոլոգիայի, հոգեբանության ու հաղորդակցության ոլորտներում ընտանեկան բռնությունը ճանաչվել է լուրջ հետազոտության կարիք ունեցող խնդիր։ Մասնագետները սկսեցին դիտարկել ընտանեկան բռնությունը որպես մարդու իրավունքների ու առողջության համար սպառնալիք, ինչպես նաև որպես երկրների զարգացմանը խոչընդոտող հանգամանք միայն վերջին 30 տարիների ընթացքում[16]։

Ընտանեկան բռնությունը Հայաստանում խմբագրել

«Ընտանեկան բռնություն» եզրույթը Հայաստանում մինչև 2010 թվականը լայն գործածություն չուներ։ Այն սկսեց լայնորեն կիրառվել Զարուհի Պետրոսյանի մեծ աղմուկ առաջացրած սպանության գործից հետո[փա՞ստ], երբ ամուսինը կնոջը դաժանաբար սպանել էր՝ երկար ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկելուց հետո։ Դեպքը լայն քննարկման արժանացավ թե՛ հանրության, թե՛ կանանց իրավունքների խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների շրջանում, ինչի արդյունքում ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»։ Կոալիցիան հոկտեմբերի 1-ը հռչակեց որպես ընտանեկան բռնության ազգային օր, որը նշվում է ամեն տարի հանրային արշավներով և ընտանեկան բռնության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությամբ։ Հայաստանում ընտանեկան բռնության ենթարվածներից քչերն են դրա մասին բարձրաձայնում։ Բռնության ենթարկված անձանց ավելի բնորոշ է հանդուրժողականությունը և մեկուսացումը՝ ամոթի, վախի, սոցիալական միջավայրի, սոցիալ-տնտեսական վիճակի, իրազեկվածության ցածր մակարդակի, ընտանեկան բռնության անպատժելիության ընկալման և այլ պատճառներով[17]։ Ամեն տարի ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգերը Հայաստանում աճում են։ Այդ է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2019 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 635 քրեական գործ՝ նախորդ տարվա 519-ի դիմաց։ Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է կնոջ նկատմամբ ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։ Նույն ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության կողմից ստացված ընտանեկան բռնության ահազանգերով՝ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները 796 ահազանգով կայացրել են նախազգուշացում, իսկ 260-ով՝ անհետաձգելի միջամտության որոշում։ Սակայն մասնագետների դիտարկմամբ այս թվերը չեն ներկայացնում երկրում առկա ողջ պատկերը, քանի որ ընտանեկան բռնությունն ունի լատենտային բնույթ[18]։

Ընտանեկան բռնությունը որպես գենդերային հիմնախնդիր խմբագրել

Ընտանկան բռնությունից անհամաչափորեն տուժում են կանայք։ Վերջին տարիներին նկատելի է ընտանեկան բռնության և, մասնավորապես, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության աճ։ ՀՀ Ոստիկանության տվյալների համաձայն, 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է[19]։

Բռնության տարբեր ձևերի մասին առկա տվյալները ամբողջական չեն, և այդ տվյալների հավաքագրման վրա բացասական ազդեցություն է թողնում վախի կամ ամոթի պատճառով այդ դեպքերի բարձրաձայնումից խուսափելը, կամ պարզապես այն, որ տուժող կանայք տեղեկացված չեն, որ չարաշահման դեպքերը կամ վերահսկող վարքագիծը համարվում է բռնության դրսևորում։ Մասնավորապես՝ ընտանեկան միավորի ներսում տեղի ունեցող բռնությունը դեռևս համարվում է մասնավոր հարց, և այդ մասին բարձրաձայնելը ընտանիքից դուրս համարվում է ամոթալի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, ընտանեկան բռնության ենթարկվողների մեծամասնությունը կանայք են։ Համաձայն թիվ 210 կոնվենցիայի 3 (դ) հոդվածի՝ կանանց նկատմամբ բռնություն է համարվում «այն բռնությունը, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ, որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն»։ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան (CETS թիվ 210) ստորագրման է ներկայացվել Ստամբուլում 2011 թվականի մայիսի 11-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին[20]։ Կանանց նկատմամբ մահվան ելքով բռնության դեպքերի առնչությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» (ԸԿՆԲԿ, 2016 թ.) հրապարակել է Հայաստանում «կնասպանության» մասին 2 զեկույց, որոնք արձանագրում են 2010-ից 2015թթ․ և 2016-2017թթ․ կնասպանության դեպքերը[21][22]։

Հայաստանում պարբերաբար կատարվում են տարբեր հետազոտություններ կանանց նկատմամբ բռնությունների, կանանց համար արդարադատության մատչելիության և գենդերային հավասարության մասին պատկերացումների վերաբերյալ։ Այս հետազոտությունները ցույց են տալիս, որ գենդերային անհավասարությունը և կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերը արդարադատության մատչելիության հիմնական խոչընդոտներն են բռնության ենթարկված կանանց համար։ Բռնության մասին բարձրաձայնած կինը կարող է ենթարկվել ճնշման հասարակության, անգամ իր ընտանիքի անդամների կողմից, որպեսզի հետ վերցնի բողոքը կամ հրաժարվի նախկին ցուցմունքներից[23]։ Ցանկացած երկիր իր կայուն զարգացման համար պետք է ապահովի կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների սկզբունքը, ինչը սոցիալական արդարության հասնելու կարևոր նախապայման է։ Հայաստանում գենդերային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ այլ նորմատիվ իրավական ակտերով։ Հայաստանը վավերացրել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված մի շարք միջազգային պայմանագրեր («Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա» (CEDAW), 1993թ․[24], «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն», (CEDAW Optional Protocol) 2006թ.[25], «Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա», 2007թ.[26], «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիա»-ն լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրություն, 2002թ.[27], «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենք, 2013թ․[28], «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենք, 2017թ․[8]

Ընտանեկան բռնության զոհ շատ հաճախ դառնում են երեխաները, քանի որ նրանք կախում ունեն ծնողներից և չեն կարող պաշտպանվել։ Հենց մանկության տարիներին են առաջանում ամենաբարդ հոգեբանական խնդիրները, որոնք արտահայտվում են դեռահասության տարիքում կամ ավելի ուշ։ Այս խնդիրների աղբյուրը հիմնականում հենց ընտանեկան բռնությունն է։ Ծնողները, նրանց վարքագիծը և փոխհարաբերությունները ամենամեծ ազդեցությունն են ունենում երեխայի հետագա զարգացման վրա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բռնության ենթարկված երեխաները տառապում են վախի զգացումով, թերարժեքության բարդույթով, դեպրեսիվ են, ունեն ցածր ինքնագնահատական, ավելի հակված են ինքնասպանության։ Ընտանեկան բռնությունը ծանր հետևանքներ է ունենում երեխայի համար անգամ եթե երեխան չէ բռնության անմիջական օբյեկտը, այլ ընտանիքի այլ անդամ։ Ընտանեկան բռնություն վերապրած երեխաները շատ հաճախ ունենում են տարբեր հուզական, վարքագծային խնդիրներ, անհանգստություններ ու վախեր, մղձավանջներ ու քնի խանգարումներ, վատ առաջադիմություն դպրոցում։ Նրանք կարող են ագրեսիվ լինել, օրինակ, ավելի փոքրերի կամ թույլերի նկատմամբ, դժվարությամբ կառուցել միջանձնային հարաբերություններ կամ ինտեգրվել հասարակություն։ Հուզական կամ հոգեբանական բռնության հետևանքները նույնչափ վտանգավոր են, ինչպես ֆիզիկական և սեռական բռնությունը։ Երեխայի հանդեպ անտարբերությունը, հոգատարության, խնամքի բացակայությունը կամ անուշադրությունը երեխայի հոգեբանական առողջության համար ծանր հետևանքներ են ունենում[29]

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները Հայաստանում խմբագրել

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և հատուկ կառույցները նշված են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում։ Ընտանիքում բռնության կանխարգելումը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`

  1. սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը
  2. ոստիկանությունը
  3. կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը
  4. առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը
  5. խնամակալության և հոգաբարձության մարմինները
  6. ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները`
    1. աջակցության կենտրոնները,
    2. ապաստարանները։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես աջակցում են ընտանիքում բռնության դեմ պայքարին։ Նշված բոլոր մարմինների գործունեությունը ուղղված է հանրության իրազեկմանը, ընտանիքում բռնության ենթարկվածներին սոցիալական և նյութական աջակցություն ցուցաբերելուն[8]։ Երևանում և Հայաստանի 5 մարզկենտրոններում գործում է «թեժ գիծ» վստահության հեռախոսային ծառայություն, որի միջոցով բռնությունից տուժած կանայք և երեխաները կարող են աջակցություն ստանալ, օգտվել հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվության ծառայություններից, ստանալ անվճար փաստաբանական ներկայացուցչություն դատարանում, որոշ դեպքերում նաև ուղղորդում ժամանակավոր ապաստարան[3]։ Հայաստանում այսօր կան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հոգեբանական, իրավաբանական օգնություն են ցուցաբերում բռնության ենթարկված կնոջը։ Այդ կազմակերպություններից միայն մեկը՝ «Կանանց աջակցման կենտրոնն» ունի ապաստարան՝ ապահով տուն, որտեղ ընտնեկան բռնության ենթարկված անձը կարող է ժամանակավոր ապաստան գտնել[30]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Domestic Violence", Legal Dictionary».
  2. «Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին».
  3. 3,0 3,1 «Ընտանեկան բռնության ենթարկված կանանց մատուցվող ծառայություններ».
  4. «Facts and figures: Ending violence against women. Various forms of violence».
  5. Esquivel-Santoveña, Esteban Eugenio; Lambert, Teri L.; Hamel, John Partner abuse worldwide (und) // Partner Abuse. — 2013. — Т. 4. — № 1. — С. 6—75. — doi:10.1891/1946-6560.4.1.6 Архивировано из первоисточника 2016 թ․ փետրվարի 5.
  6. «Domestic violence laws strengthened in the UAE for greater protection».
  7. http://www.childinfo.org/attitudes_data.php. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք».
  9. «About Domestic Violence». Office on Violence Against Women. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  10. The Editors of Encyclopædia Britannica. «Domestic violence». Encyclopedia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. «In the early 1800s most legal systems implicitly accepted wife-beating as a husband's right, part of his entitlement to control over the resources and services of his wife.» {{cite encyclopedia}}: |last= has generic name (օգնություն)
  11. Felter, Elizabeth (1997), «A history of the state's response to domestic violence», in Daniels, Cynthia R. (ed.), Feminists negotiate the state: the politics of domestic violence, Lanham, Maryland: [University Press of America], էջեր 5–10, ISBN 9780761808848. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  12. Gordon, Linda. (2002). Heroes of their own lives : the politics and history of family violence : Boston, 1880-1960. Urbana: University of Illinois Press. ISBN 0-252-07079-8. OCLC 48857609.
  13. Green, Nicholas St John (1879). Criminal Law Reports: Being Reports of Cases Determined in the Federal and State Courts of the United States, and in the Courts of England, Ireland, Canada, Etc. with Notes (անգլերեն). Hurd and Houghton.
  14. Lentz, Susan A. Revisiting the rule of thumb: an overview of the history of wife abuse(անգլ.) // Women & Criminal Justice : journal. — 1999. — Т. 10. — № 2. — С. 9—27. — doi:10.1300/J012v10n02_02
  15. «Strategies for confronting domestic violence : a resource manual». United Nations. 1993. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Communication strategy_ARM» (PDF).
  17. ««Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված որակական հետազոտություն»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  18. «Տարեկան լրաթերթ․Հունվար-Դեկտեմբեր, 2019 Թ․» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  19. «Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում(տեղեկագիր)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  20. [www.coe. int/en/web/istanbul-convention/home www.coe. int/en/web/istanbul-convention/home]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  21. «Կնասպանությունը Հայաստանում․ Լուռ համաճարակ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  22. ««Լռեցված ձայներ»․ Կնասպանությունը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  23. ««Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծություն».
  24. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  25. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  26. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  27. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  28. https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=83841. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  29. «Насилие и его влияние на здоровье. Доклад о ситуации в мире» (PDF).
  30. https://www.womensupportcenter.org. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)