Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)

«Սպարտակ», Արամ Խաչատրյանի բալետն է՝ գրված 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը[1]։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։ Պատկերված են մ.թ.ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը։ Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է՝ բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով։ Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով։ Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները։ Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ՝ «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»։ «Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ՝ ազգային վառ նկարագրով[2]։

Սպարտակ
Տեսակբալետ
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 27, 1956
 Spartacus (ballet) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1941 թվականի դեկտեմբերին, Հայրենական մեծ պատերազմի այդ ամենաողբերգական օրերին, Արամ Խաչատրյանը պարբերական մամուլում հոդված հրապարակեց՝ տեղեկացնելով իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին. «1941 թվականին ԽՍՀՄՄեծ թատրոնի պատվերով, համագործակցելով լիբրետիստ Նիկոլայ Վոլկովի և բալետմաստեր Իգոր Մոիսեևի հետ, ձեռնարկում եմ «Սպարտակ» բալետի ստեղծումը։ Այն պետք է լինի մոնումենտալ և հերոսական ներկայացում, որը խորհրդային քաղաքացուն կներկայացնի հին աշխարհի պատմության լավագույն մարդուն»։ Սպարտակի կերպարը վաղուց էր գրավել Խաչատրյանին, և այժմ նրան թվում էր, որ առավելապես Սպարտակն է իր մեջ խտացնում այն ըմբոստ նկարագիրը, որն այդ օրերին դրսևորվում էր միութենական ժողովուրդների կատաղի պայքարի մեջ՝ ընդդեմ ֆաշիստ նվաճողների։ Այդ մասին կոմպոզիտորն անդրադարձել է իր մի հոդվածում, գրելով. «Ոմանք զարմացած էին, որ այս թեման եմ ընտրել՝ դիմելով պատմական այդքան խորն անցյալին։ Բայց ինձ թվում է, որ Հին Հռոմում Սպարտակի և ստրուկների ապստամբության թեման մեր օրերում հսկայական նշանակություն և հասարակական հնչեղություն ունի։ Անհրաժեշտ է, որ ժողովուրդներն իմանան և հիշեն նրանց անունները, ովքեր մարդկության պատմության արշալույսին քաջաբար ծառացան ստրկատերերի դեմ՝ հանուն իրենց ազատության ու անկախության»։ Լիբրետիստ Ն. Վոլկովը «Սպարտակի» վրա սկսել էր աշխատել դեռ 1933 թվականից՝ խորհրդակցելով գեղանկարիչ Ֆ. Ֆյոդորսկու և բալետմայստեր Ի. Մոիսեևի հետ, որոնք վաղուց էին երազում բեմադրել նման ներկայացում։ Լիբրետոյի վրա աշխատելիս Վոլկովը մեծապես օգտվել է անտիկ շրջանի աղբյուրների վկայություններից, հատկապես Պլուտարքոսի «Զուգահեռ վարքագրություններից» և Յուվենալիսի կատակերգություններից։ Բացի դրանից, լիբրետիստը հիմնվել է Լ. Ֆրիդլենդերի «Հռոմի կենցաղային կյանքի պատկերներ» հոդվածում և խորհրդային գրող Ալեքսանդր Միշուլինի «Սպարտակի ապստամբությունը» գրքում տեղ գտած առատ տեղեկությունների, ինչպես նաև իտալացի արձակագիր Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» պատմավեպի և Սպարտակի մասին Մ. Օլիվիեի պատմական ժամանակագրության վրա։ Ըստ Վոլկովի՝ բալետը կառուցված է ինչպես ողբերգություն՝ Սպարտակի մասին, ինչպես պատում՝ փառահեղ առաջնորդի մասին, որի խելամտությունը, կամքը, վեհ գաղափարները հաղթահարում են իր ժամանակի թելադրած սահմանափակումները և դառնում հավերժական խորհրդանիշներ՝ իշխող և բռնակալ դասակարգի դեմ ժողովուրդների ըմբոստության։ Սակայն բալետի ստեղծման աշխատանքները հետաձգվեցին երկար տարիներ։ 1950 թվականին Արամ Խաչատրյանն այցելեց Իտալիա, տեսավ Կոլիզեումը, Ապպիոսյան ճանապարհը։ Հավանաբար հենց այս տպավորություններով է պայմանավորված վերադարձը բալետի աշխատանքներին։ Երաժշտության վրա կոմպոզիտորն աշխատեց երեք ու կես տարի. պարտիտուրան ավարտվեց 1954 թվականի փետրվարին։

Պրեմիերան խմբագրել

 
Ռուսաստանի Դաշնության բանկի ոսկե հուշաղադրամ. 100-ռուբլիանոց (դարձերես), Մեծ թատրոնի 225-ամյակ, «Սպարտակ» բալետ, 2001 թ.

«Սպարտակի» պրեմիերան կայացել է Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ՝ Լենինգրադ) օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում (այն ժամանակ՝ Կիրովի) 1956 թվականի դեկտեմբերի 27-ին՝ խորհրդային տարիների ամենաինքնատիպ բալետմաստերներից Լեոնիդ Յակոբսոնի բեմադրությամբ։ Ձգտելով հեռանալ այդ տարիներին բալետի բեմերին իշխող կաղապարներից, Յակոբսոնը ներմուծեց պլաստիկ քանդակների արտահայտչականությունը, որոնց նախատիպ կերպարները տեսել էր Էրմիտաժում ցուցադրվող Պերգամոնի նշանավոր զոհասեղանի վրա. դրա վրա պատկերված էին միմյանց դեմ մարտնչող աստվածներն ու տիտանները։ Ժամանակակիցները նշել են, որ բալետի կերպարներն ասես կենդանություն առած և դուրս եկած լինեին հին հունական ու հռոմեական սկահակների վրա պատկերված նկարներից։ Ներկայացման կոմպոզիցիան զարգանում էր այնպես, ասես բեմ բարձրացված լիներ տաճարների, դղյակների, ամֆիթատրոնի ու մրցասպարեզի և դրանցում գործող Սպարտակի, Կրասսոսի և մյուս գործող անձանց մի ճարտարապետական համախումբ։ Հստակ քայլերը, կտրուկ հարձակումները, հետևազորի ծանր շարաքայլը, հեծյալների գրոհը՝ այս ամենն ուրվագծում է պատերազմի ամբողջական տեսարանը։

Նվագախմբային համարներն աչքի էին ընկնում նրանով, որ բալետի յուրաքանչյուր գործող անձի համար գրված էր հատուկ և պլաստիկ մեղեդի, որը հանգեցնում էր, այսպես ասած, ինքնատիպ խորեոգրաֆիկ բազմաձայնության։ Բալետի կանացի հատվածներում աչքի էին ընկնում կանանց զգեստները։ Նրանք բոլորը՝ թե՛ մենապարուհիները, թե՛ բազմություն ներկայացնողները պարում էին սանդալներով։ Իսկ Մոսկվայում «Սպարտակը» հայտնվեց միայն մեկ ու կես տարի անց՝ 1958 թվականի մարտի 11-ին՝ Իգոր Մոիսեևի բեմադրությամբ։ Բալետը շուտով մեծ հանրաճանաչություն վայելեց՝ բազմիցս բեմադրվելով ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև Արևելյան Եվրոպայի երկրներում։

Սյուժեն խմբագրել

Հռոմում ամբոխը ցնծությամբ դիմավորում է արշավանքից հաղթանակով վերադարձած Մարկոս Կրասսոսին։ Նրա մարտակառքի մեջ են կապկպված թրակացիներ Սպարտակը, Ֆրիգիան և Հարմոդիուսը։ Իսկ Կրասսոսին դիմավորողների շարքում է կուրտիզանուհի Էգինան։ Հոգնությունից ուժասպառված, Ֆրիգիան ընկնում է, և վերակացուն ճոճում է մահակը։ Սպարտակը նետվում է նրա վրա այնպիսի զորությամբ, որ կանգնեցնում է մարտակառքի ընթացքը։ Ներկա ժողովուրդը հիանում է նրա ուժով և արիությամբ։ Հռոմի ստրուկների շուկայում իրենց արվեստն են ցուցադրում եգիպտացի պարուհին և երիտասարդ հույն միմոսը։ Շքեղ զարդարված պատգարակով հայտնվում է Կրասսոսը, իսկ շուկայի հրապարակի մյուս կողմից՝ Էգինան, որը մի ծաղիկ է նետում Կրասսոսին։ Նա գնում է գեղեցկադեմ Հարմոդիուսին, ուզում է գնել նաև Ֆրիգիային, բայց վերջինս պատրաստ է դաշույնով վիրավորել ինքն իրեն, եթե բաժանեն Սպարտակից։ Սպարտակին գնում է գլադիատորների դպրոցի ղեկավար Լենտուլլոսը և ստիպված է լինում գնել նաև Ֆրիգիային, քանի որ Սպարտակը կնախընտրեր մեռնել, քան թե բաժանվել կնոջից։

Հաջորդ տեսարանը ներկայացնում է կրկեսը։ Կենտրոնում երևում են Կրասսոսը և Էգինան, իսկ վերջինիս ետևում՝ Հարմոդիան։ «Սաբինուհիների առևանգումը» մնջախաղից հետո սկսվում է մրցամարտը։ Վերջին կռիվը կայանում է Սպարտակի ու մի սամնիտի (սամնիտները հնագույն իտալական ցեղ էին) միջև։ Հանդիսականները պահանջում են վերջ տալ պարտված սամնիտի կյանքին։ Բայց Սպարտակը խրում է իր սուրն ավազի մեջ՝ հրաժարվելով սպանել պարտվածին։

Այնուհետև բացվում է տեսարան գլադիատորների զորանոցից։ Ֆրիգիան խոնարհվել է մեռնողի վրա։ Դառը մտքերի մեջ խորմուխ լինելուց հետո Սպարտակը գլադիատորներին կոչում է ապստամբության։ Միևնույնն է, ուշ թե շուտ իրենց մահ է վիճակված։ Ավելի լավ է մեռնել ստրկատերերի հետ պայքարելիս, քան թե մրցասպարեզում՝ հանուն նրանց զվարճանքի։ Սպարտակի գլխավորությամբ գլադիատորները փախուստի են մատնում պահակազորին, կոտրում պատուհանների ճաղերը և անհետանում։ Ապիյան ճանապարհի մոտ, Կամպանիայի դաշտերում խաղաղ ժամանակ են անցկացնում հովիվները։ Հանկարծ հայտնվում են փախստական գլադիատորները, և հովիվները միանում են ապստամբներին։

 
Ռուսական նամականիշ (2003 թ.):

Կրասսոսի պալատում, խրախճացողների առջև պարում է Էգինան՝ Հարմոդիուսի հետ։ Ապա պատանին նրան տանում է դեպի Կրասսոսի մահճակալը։ Խրախճացողների ուրախությունն ընդհատվում է կռվի մոտեցող ձայներից։ Բոլորը փախչում են, իսկ Կրասսոսը Հարմոդիուսին հրահանգում է մնալ և միանալ ապստամբներին։ Հայտնվում է Սպարտակը՝ զինվորների ու Ֆրիգիայի հետ։ Սպարտակի ճամբարում, նրա վրանի դիմացի հրապարակում կանայք լսում են լարված պայքարի ձայները։ Ապա տեսնում ենք Սպարտակին՝ խորհրդակցելիս թրակացիների, ասորիների, գերմանների ու գալլերի ջոկատների առաջնորդների հետ։ Զորահրամանատարների մի մասը պահանջում է արշավել Հռոմի վրա, իսկ մյուսները, նրանց հետ էլ Սպարտակը, ցանկանում են նավերով վերադառնալ հայրենիք։ Մի քանի վրդովված ղեկավարներ լքում են Սպարտակին։ Ֆրիգիան փորձում է հանգստացնել նրան։ Հրապարակում հայտնվում են մանր վաճառականների ու հետերաների խմբեր։ Սկսվում է աշխույժ առևտուր և զվարճանք։ Սպարտակը, դուրս գալով վրանից, հրամայում է վռնդել օտարականներին ճամբարից։ Դատարկվող հրապարակում հայտնվում է մի ծեր կին՝ Էգինայի աղախինը։ Նա իր ետևից քաշում տանում է Հարմոդիուսին տարփանքով բռնված Էգինայի մոտ։

Կրասսոսի պալատում Էգինան պարում է զորավարների առջև։ Բերում են գերի ընկած առաջնորդներին, որոնք անջատվել էին Սպարտակից։ Էգինայի ուղարկած ծեր աղախինը վերադառնում է Հարմոդիուսի հետ։ Կրասսոսը նրանից տեղեկություններ է հարցնում Սպարտակի մասին, և պատանին բացում է նրա առջև ապստամբների ծրագրերը։ Զորավարի ազդանշանով բարձրացվում են մեծ պատուհանները ծածկող ծանր վարագույրները, և Հարմոդիուսը տեսնում է խաչերին գամված գլադիատորներին։

Տեսարան է բացվում ծովափից։ Երևում են ծովահենների նավերի կայմերը։ Ժայռերի ետևում թաքնվում են հռոմեացիները, որոնց այդտեղ է առաջնորդել Հարմոդիուսը։ Ծովահենները խրախճանքի մեջ են։ Նրանց է մոտենում Սպարտակը և ոսկու պարկերով կաշառում է ծովահենների առաջնորդին։ Սա խոստանում է իր նավերով ծովի մյուս ափն անցկացնել ապստամբած զինվորներին։ Սպարտակի հեռանալուց հետո խրախճանքը շարունակվում է։ Հանկարծ հայտնվում են հռոմեացիները և ստիպում նրանց հեռանալ իրենց նավերով, իսկ իրենք զբաղեցնում են նրանց տեղը։ Երբ հայտնվում են գլադիատորները, դարաններից նրանց վրա են հարձակվում հռոմեացիները։ Սպարտակը զոհվում է դաժան մարտում։ Կրասսոսը հրամայում է խեղդամահ անել Հարմոդիուսին։ Քիչ անց գալիս է Էգինան և անփութորեն քայլելով ընկնում է վերջինիս մարմնի վրա։ Հնչում է նահանջի ազդանշան, և հռոմեացի զինվորները հեռանում են։ Դատարկված մարտադաշտում Ֆրիգիան գիշերով փնտրում է զոհված Սպարտակին և սգում նրա մահը։ Ողջ մնացած թրակացիները վահանի վրա են դնում իրենց առաջնորդի մարմինը։ Ծագում է արևը։

Երաժշտությունը խմբագրել

«Սպարտակ» բալետի երաժշտության վրա Արամ Խաչատրյանն սկսել է աշխատել 1950 թվականին։ Սցենարի հեղինակ Նիկոլայ Վոլկովը թեև օգտվել էր անտիկ շրջանի մատենագիրներ Ապպիանոսի ու Պլուտարքոսի ստեղծագործություններից, սակայն բալետի սյուժեում ներմուծել էր և նոր հերոսներ՝ Էգինային ու Հերմոդիուսին։ Դավաճանության մոտիվը, որպես ապստամբության ու հեղափոխության տապալման պատճառ, այդ շրջանում բնութագրական էր և գրեթե պարտադիր խորհրդային արվեստի գործերում։ Բալետի երաժշտությունը հագեցած է ցայտուն հակադրություններով. Հռոմի ցնծությունը և պարտվողների տառապանքը, գլադիատորական դաժան մարտերը և հերոսական ապստամբությունը, նուրբ քնարական տեսարանները և հաղթանակների ու պարտությունների դյուցազնական պատկերները։ Ստեղծագործական վառ երևակայությամբ են գրված նաև եգիպտացի պարուհու, աթենացի խեղկատակի և գադիտանների բնութագրական պարեղանակները։ Ընդհանուր առմամբ, բալետը կառուցված է հերոսական դրամայի ոգով, որի կենտրոնական կերպարը Սպարտակն է։ Չնայած այն հանգամանքին, որ բալետի երաժշտությունը համարակալված է սովորականի պես, հզոր սիմֆոնիկ զարգացումը ջնջում է համարների միջև սահմանը՝ զգացմունքայնորեն ընդհանրացնելով դրամատիկ իրադարձությունները։

1954 թվականին, պարտիտուրայի ավարտից հետո, համերգներում սկսեց հնչել նոր բալետի սուիտը՝ լայնորեն ճանաչվելով ունկնդրի կողմից։

Բեմականացումները Երևանի օպերային թատրոնում խմբագրել

  • 1961 - բալետմայստեր Եվգենի Չանգա
  • 1978, 1982, 1987 - բալետմայստեր Վիլեն Գալստյան
  • 2009 - բալետմայստեր Յուրի Գրիգորովիչ

Դերակատարներ խմբագրել

Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Սպարտակի դերակատարումով հանդես են եկել՝

Գործող անձինք խմբագրել

  • Սպարտակ - ապստամբ ստրուկների առաջնորդ
  • Կրասոս - հռոմեացի զորավար
  • Ֆրիգիա - Սպարտակի սիրելին
  • Էգինա - կուրտիզանուհի, Կրասոսի պատանդը
  • գլադիատոր
  • երեք հովիվ
  • հովվուհիներ

«Սպարտակ» բալետի 2009 թ. բեմադրությունը խմբագրել

Պրեմիերան կայացել է 2009 թվականի մայիսի 5-ին, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

  • Բեմադրությունը՝ Յուրի Գրիգորովիչի
  • Երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանի
  • Դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան
  • Պրոդյուսերական ընկերություն՝ Արտ Թիմ
  • Գործադիր պրոդյուսեր՝ Ռուբեն Թորոյան
  • Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
Դերակատար Դեր
Ռուբեն Մուրադյան Սպարտակ
Նարեկ Մարտիրոսյան Կրասոս
Ժակելինա Սարխոշյան Ֆրիգիա
Մարիա Դիվանյան Էգինա

Այլ տեղեկություններ խմբագրել

  • «Սպարտակի» ժողովրդահերոսական թեմայով, բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրության (1967, Լենինգրադ) հիման վրա ստեղծվել է ֆիլմ-բալետ (1976, Մոսֆիլմ)։
  • 2001 թ. Ռուսաստանի Դաշնության բանկը թողարկել է 100-ռուբլիանոց ոսկե հուշադրամ՝ նվիրված Մեծ թատրոնի 225-ամյակին, որի դարձերեսին պատկերված է այդ թատրոնում բեմադրված «Սպարտակ» բալետից մի տեսարան[3]։
  • 2011 թ. թողարկվել է բեմադրության տեսատարբերակը (DVD)։ Ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Տեր-Գրիգորյան, Հնչյունային ռեժիսոր՝ Արման Ավետիսյան

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ա. Խաչատրյանը «Սպարտակ» բալետի պարտիտուրայի առաջին էջի վրա գրել է. «Սկսում եմ ստեղծագործական վիթխարի հուզմունքով»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003, հ. 4, էջ 494
  3. http://www.cbr.ru/bank-notes_coins/base_of_memorable_coins/coins1.asp?cat_num=5217-0028

Աղբյուրներ խմբագրել