Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Մաշհադ)
Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Մաշհադ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Խորասանի փողոցում՝ իմամ Խոմեյնի մետրոկայարանից 300 մետր հեռավորության վրա։
Սուրբ Մեսրոպ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Ռազավի Խորասան և Մեշհեդ[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[1] |
Անվանված | Մեսրոպ Մաշտոց |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Պահլավական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1941 |
Գմբեթ | 2 հատ |
Saint Mesrop Church (Mashhad) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմություն խմբագրել
Իրանի պատմական երկրամաս Խորասանը, սահմանակից լինելով Միջին Ասիայի, Հնդկաստանի ու Աֆղանստանի հետ, հին ժամանակներից եղել է Մետաքսի ճանապարհին։ Այստեղ բնակվելու են տեղափոխվել հարևան և հեռավոր երկրներից բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ։ Ուշ միջնադարում Խորասանի կենտրոնական Մաշհադ քաղաքն են եկել նաև հայեր՝ Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի խանություններից, ավելի ուշ նաև՝ Սպահանից ու Ատրպատականից։ Նոր ժամանակներում գործարար հայերը հիմնադրել են բամբակի մաքրման, մանածագործության, ալկոհոլի, պահածոյի արտադրամասեր։ Մաշհադում 1913 թվականին հիմնվում է Թեհրանի Հայկազյան դպրոցի մասնաճյուղը, որը փակվում է 1936 թվականին[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրոնական ու ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը փոխվում է։ Հայերին թույլ է տրվում կառուցել առաջին եկեղեցին։ 1939 թվականին ներկայացվում է եկեղեցու հատակագիծը։
Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցին կառուցվել է 1941 թվականին, և ծառայում էր տեղի հայկական համայնքին։ 1944 թվականին բացվում է նաև հայկական գերեզմանատունը։ Մաշհադում ու նրա շրջակայքում այդ ժամանակ ապրող մոտ 160 հայ ընտանիքները միավորվում են ինչպես եկեղեցու, այնպես էլ տեղի վեցդասյա դպրոցի շուրջ։ Քսան տարի անց հայերի թվաքանակն անցնում է 500-ը։ 2005 թվականին, երբ տեղի հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել էր Մաշհադից, եկեղեցին Մշակութային ժառանգության վարչության կողմից գրանցվել է որպես ազգային կոթող[3]։ Այդ ցանկում է հայտնվել նաև հայկական գերեզմանատունը[4]։ Հայ համայնքի բացակայության պատճառով եկեղեցին դադարել է գործել[5]։
Ճարտարապետություն խմբագրել
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ս. Գաբրիելյանի նախագծով` ներսի երկարութիւնը` 15 մետր, լայնքը` 9 մետր, բարձրութիւնը` 7 մետր չափսերով։ Կառույցն աղյուսաշեն է, գմբեթի թմբուկն ունի ութ պատուհան։ Սուրբ Մեսրոպն ունի սպիտակ քարից պատրաստված գմբեթ, որի վրա կանգնեցված է եկեղեցու խաչը։ 1957 թվականին կառուցվում է եկեղեցու զանգակատունը, 1961 թվականին՝ ութ սենյակներից բաղկացած երկհարկանի «Արիան» դպրոցը և գրադարանը[2]։
2017 թվականին Իրանի կառավարությունը 120 միլիոն թուման է տրամադրել եկեղեցու վերանորոգման համար[6]։ Թեև 1960 թվականից եկեղեցին օծվել էր որպես «սուրբ Աստվածածին», սակայն ժողովրդի շրջանում հայտնի էր նախկին անունով։ 2018 թվականին եկեղեցին բացվում է։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 «Խորասանի հայ համայնքն անցյալում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին վերանորոգվում է
- ↑ Հայկական եկեղեցին և գերեզմանատունը գրանցվել են Իրանի պատմամշակութային արժեքների ցանկում
- ↑ Իրանի միայնակ մնացած հայկական եկեղեցիները
- ↑ «Վերանորոգւելու է Մաշհադի Սուրբ Աստւածածին (Սուրբ Մեսրոպ) եկեղեցին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.