Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)

Սուրբ Հոգի եկեղեցի, առաջին հայ առաքելական եկեղեցին Ամստերդամում։

Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ)
Եկեղեցի


ՏեղադրությունՆիդերլանդներ, Ամստերդամ
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՀայ առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Կառուցման սկիզբ1713
Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ) (Նիդեռլանդներ)##
Սուրբ Հոգի եկեղեցի (Ամստերդամ) (Նիդեռլանդներ)
52,37172° с. ш. 4,90217° в. д.HGЯO

Պատմություն խմբագրել

Սուրբ Հոգի եկեղեցին հիմնվել է 1714 թվականին 40 հայ վաճառականների ջանքերով։ 1747 և 1749 թթ. Հովհաննես Մինաս Ամասիացի վարդապետի և եկեղեցու երեցփոխան Առաքել Տեր Առաքելենցի հովանավորությամբ եկեղեցին վերանորոգվում է և ստանում այժմյան տեսքը։ Եկեղեցու մուտքի դռան վերևի արձանագրությունից երևում է, որ 1747 թվականին նորոգվել են եկեղեցու աստիճանները և վերին ու ներքին երեք պատուհանները, 1749 թվականի արձանագրությունից՝ զետեղված բուն եկեղեցու դռան վերևի մասում, տեղեկանում ենք, որ նորոգվել է դուռը՝ մարմարե սալիկներով, լայնացվել և բարձրացվել է գավիթը և նկարազարդվել է առաստաղը։

18-րդ դարից հետո հայ գաղութի թիվը սկսել է նվազել, 1806 թվականից հետո եկեղեցում որևէ արարողություն այլևս չի կատարվել։ 1874 թվականին եկեղեցին վաճառվել է «Ամենասուրբ Փրկիչ» բարեգործական կաթոլիկ միությանը։ Վերջիններս, եկեղեցու վրա ավելացնելով ևս մեկ հարկ, հանձնել են իրենց հսկողության տակ գտնվող մայրապետներին, ովքեր էլ եկեղեցին վերածել են կաթոլիկ դպրոցի։

1960-ական թթ., հոլանդահայ գաղութի ստվարանալու հետ մեկտեղ, մեծացել է նաև հայոց պատմական եկեղեցին վերագնելու պահանջն ու անհարժեշտությունը։ 1985 թվականին, հոլանդահայերի կատարած հանգանակության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տրամադրած միջոցներով հաջողվել է վերագնել եկեղեցին։

1989 թվականի նոյեմբերի 29-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ վերաօծվել է Սուրբ Հոգի եկեղեցին։ 2009-2013 թթ. Սուրբ Հոգի եկեղեցին հիմնովին վերանորոգվել է։

Ներկայումս հոգևոր հովիվը Տեր Տարոն քահանա Թադևոսյանն է[1]։

 
Գառան բարձրաքանդակը եկեղեցու մուտքի վերևի հատվածում

Գառան բարձրաքանդակ խմբագրել

Եկեղեցու շենքի մուտքի վերին հատվածում քանդակված է գառան մարմարյա բարձրաքանդակ, որի մի կողմում գրված է ANNO (թվական), մյուս կողմում՝ 1714, ավելի ներքև կա հայերեն արձանագրություն, որը տեղեկացնում է, որ եկեղեցու քահանա Հովհաննես վարդապետը ի հիշատակ իր ծնողների 1749 թվականին վերանորոգման աշխատանքներ է իրականացրել եկեղեցում, որի ընթացքում էլ ստեղծվել է բարձրաքանդակը։ Քանդակված գառը բռնել է խաչի նշանով ծոփքավոր դրոշակը։

  Գառն Աստծոյ խաչանիշ դրօշակակիր։
- Ա. Սարուխան
 

Գառան բարձրաքանդակը գտնվում է տերևազարդով ոճավորված շրջանակի կենտրոնում, որը պատկերաքանդակն համահունչ է դարձնում մուտքի մյուս զարդատարրերի հետ։ Պատկերաքանդակի և զարդաձևերի ներդաշնակությունը վեհաշուք տեսք են հաղորդում մուտքին[2]։

Հայոց ցեղասպանության խաչքար խմբագրել

2018 թվականին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Հոգի եկեղեցու պատի վրա տեղադրվել է խաչքար։

Գրականություն խմբագրել

  • Թաջիրյան Է. Հայ գաղթաշխարհի պատմություն, հ. 3, Եր., 2013, էջ 147
  • Սարուխան Ա. Հոլանդիան և հայերը, Վիեննա 1926թ էջ 156-157

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armeens Apostolische Kerk». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Հոլանդիայի Սբ. Հոգի եկեղեցու պատկերաքանդակի քննությունը և զուգահեռները։ Հեղինակ՝ Լիլիթ Կարապետյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: