Սան Անդրես (իսպ.՝ San Andrés), մայաների մշակույթին պատկանող հնագիտական վայր Սալվադորում։ Գտնվում է Լա Լիբերթադ գավառի Սապոտիտան հովտում։ Ծագել է մեր թվարկությունից 900 տարի առաջ։ Լագո Իլոպանգո հրաբխի ժայթքման հետևանքով 250 տարի քաղաքը լքված է եղել։ Նորից բնակեցվել է 5-րդ դարում և իր ծաղկմանն է հասել 7-8-րդ դարերում, երբ դարձել է կարևոր քաղաքական կենտրոն։ Քաղաքը ուներ երկու հիմնական մասեր` հարավային և հյուսիսային։ 600 թվականի շրջանում քաղաքի հարավային մասում կառուցվում է այսպես կոչված «Ակրոպոլը», բաղկացած արարողակարգային և վարչական կառույցներից։ Ակրոպոլի հարավային և հյուսիսային մասերում տեղաբաշխված են բուրգերը (կառուցվածք 1-4)։ Ակրոպոլից հարավ տեղաբաշխված է արարողակարգային կառույց 7-ը։ Քաղաքի հյուսիսային մասում տեղաբաշխված է ևս մեկ բուրգ կառույց 5-ը։ Նրա մոտ է գտնվում շուկայական հրապարակը։

Գլխավոր բուրգը Ակրոպոլիսում, Սան Անդրես
Լա Կամպանա բուրգը (կառուցվածք 5) Սան Անդրես

Հնագիտական ուսումնասիրությունների համաձայն Սան-Անդրեսը սերտ կապեր էր պահպանում Կոպանի և Գվատեմալայի լեռնային շրջանների քաղաքների հետ։ 9-րդ դարում Սան-Անդրեսն անկում է ապրում և դադարում լինել կարևոր քաղաքական կենտրոն։ Այնուամենայնիվ քաղաքը բնակեցված էր մնում մինչև 13-րդ դարը։ Իսպանական նվաճումներից հետո նախկին քաղաքի տարածքում տեղաբաշխվում է լեղակի արտադրության գործարանը։ 1658 թվականի հրաբխի ժայթքման հետևանքով այն լցված էր մոխրով։ Դրա շնորհիվ էլ հնագետների կողմից այն գտնվել է համարյա անվնաս։ 1996 թվականին Սալվադորի իշխանությունները կազմակերպեցին Հնագիտական զբոսայգի և այն բացեցին զբոսաշրջիկների համար։

Աղբյուրներ խմբագրել

  • Kelly, Joyce. An Archaeological Guide to Northern Central America: Belize, Guatemala, Honduras, and El Salvador. - Norman: University of Oklahoma Press, 1996. - ISBN 0-8061-2858-5.