Ջրաօդերևութաբանական վտանգավոր երևույթներ

Ջրաօդերևութաբանական վտանգավոր երևույթներ. արտակարգ մթնոլորտային երևույթներ, որոնք ուժգնությամբ, տևողությամբ, տարածքային ընդգրկումով և այլ ցուցանիշներով բնորոշ են տվյալ աշխարհագրական շրջանին ու զգալի վնաս են պատճառում տնտեսությանը, բնակչությանը, ոչնչացնում նյութական արժեքներ. հաճախ ուղեկցվում են զոհերով։

Հորդ անձրև
Կարկուտ

Ջրաօդերևութաբանական վտանգավոր երևույթների տեսակներ խմբագրել

Ջրաօդերևութաբանական վտանգավոր երևույթներ են ավելի քան 25 մ/վ արագությամբ ուժգին քամին, փոթորիկը, պտտահողմը, ամպրոպը, ուժեղ անձրևը, ջրհեղեղը, առատ ձյունը, 50մ-ից ոչ ավելի տեսանելիությամբ մառախուղը, ձնաբուքը, մերկասառույցը (ավելի քան 20 մմ), տեղացող խոշորահատիկ (ավելի քան 20 մմ) կարկուտը, սելավներն ու ձնահյուսքերը, երաշտը վեգետացիայի շրջանում, ջերմաստիճանի անկումը (0 °C-ից ցածր)՝ ցրտահարությունը, գետում ջրի մակարդակի սրընթաց բարձրացումը՝ հորդացումը։ ՀՀ տարածքում ավելի հաճախ դիտվում և զգալի վնաս են հասցնում ցրտահարությունը, կարկուտը, երաշտը, ուժգին քամին, սելավը և այլն։ 1946 թվականի մայիսի 26-ին Գետառի սելավը մեծ վնաս է պատճառել Երևանին, ջրի ծախսը մեծացել է մոտ 100 անգամ։

 
Երաշտ

Աստվածաշնչյան Համաշխարհային ջրհեղեղ խմբագրել

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղով Արարիչը պատժել է մարդկանց՝ իր սահմանած արգելքների խախտման, վատաբարո վարքի և այլ մեղքերի համար։ Փրկվել է միայն Աստծու կամքին հպատակ Նոյը՝ իր կառուցած վիթխարի տապանում տեղավորելով իր ընտանիքը (ութ անձ), մեկական զույգ կենդանիներ, բույսեր ու սերմեր։ 40 օր ու գիշեր տեղացող հորդ անձրևից երկիրն ամբողջովին ծածկվել է ջրով։ 150 օր նավարկելուց հետո ի վերջո Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, որտեղից և սկիզբ է առել նոր՝ ներկայիս քաղաքակրթությունը։

 
Ջրհեղեղ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։