Ուղտափուշ (լատին․՝ Alhagi), արաք, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 7 տեսակ։

Հայաստանում խմբագրել

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • ուղտափուշ սովորական (G. pseudoalhagi)
  • ուղտափուշ պարսկական (G. persarum

Տարածված է Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում։ Աճում է անմշակ հողերում, աղուտներում, մշակովի ցանքերում՝ որպես չարորակ մոլախոտ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Ծաղիկը

Արմատային համակարգը հզոր է (առանցքային արմատը կարող է հողի մեջ խորանալ մինչև 18-20 մ)[1]։ Ցողունն ակոսավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-90 սմ։ Ամբողջ բույսը պատված է բզանման փշերով, որոնք ամռան վերջին փայտանում են։

Տերևները պարզ են, երկարավուն, հերթադիր, նշատարձև կամ օվալաձև։ Ծաղիկները կարմիր են կամ վարդագույն՝ նստած տերևանութևերի փշերի վրա։ Ծաղկում է հունիսի սկզբին։

Պտուղը համրիչանման չբացվող ունդ է։ Սերմերը (4-5 հատ) երիկամաձև են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն, կամ փայլատ մակերեսով։

Արմատների վրա եղած աճման բողբոջներից 20-ից մինչև 50 սմ խորության վրա առաջանում են հորիզոնական ծլարմատները, որոնք թեքվում և ուղահայաց ուղղություն են ընդունում։ Սակայն, թե հատկապես վերգետնյա օրգանները մեծ մասամբ առաջանում են ծնկաձև ծռված տեղում կազմավորված բողբոջներից (հիմնականում վերգետնյա օրգանները առաջացնող ծլարմատների հողի մակերեսին շատ մոտ են գտնվում)։ Նրանց մի մասի նույնիսկ դուրս է գալիս հողի մակերես և մահանում։ Վեգետացիայի վերջում՝ աշնանը․ բոլոր ցողունները մահանում են, սակայն հաջորդ տարվա գարնանը արմատավզիկի պտղաբերվող բողբողջներից նորից վերաճ են տալիս։ Սերմերը շատ վատ են ծլում։ Խոնավասեր, բայց խիստ չորադիմացկուն բույս է[2]։

Տարածում խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռուսաստանում և Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում։

Աճում է չոր տափաստաններում, կավահողերում, անապատներում, գետաբերաննեում, ջրանցքերում։

Քիմիական կազմ խմբագրել

Ուղտափուշ պարսկականն արտադրում է հատիկների ձևով չորացող սոսնձանման շաքարային հեղուկ (մանանա)։ Ուղտափուշ պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, վիտամիններ C, K և այլն։

Կիրառություն խմբագրել

Պատրաստուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող միջոց։ Մեղրատու և կերային (ուտում են ուղտերն ու ավանակները) բույս է։

Թուրմերը, եփուկները, կամ թարմ հյութը օգտագործում են ստամոքսի, աղիքային հիվանդությունների, հիմնականում քրոնիկ փորլուծություն և դիզենտերիայի բուժման նպատակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВЕРБЛЮЖЬЯ КОЛЮЧКА. Биологический словарь
  2. Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ռ․Ս․ Կարապետյան, Լույս հրատարակչություն, Երևան-1980

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտափուշ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտափուշ» հոդվածին։