Ստամոքս (լատին․՝ ventriculus, հունարեն՝ gaster), մարսողական ուղու խոռոչավոր օրգան։ Կերակրափողով անցած ուտելիքը հավաքվում է ստամոքսի մեջ, որտեղ տեղի են ունենում մարսողության պրոցեսի առաջին փուլերը, երբ կերակրանյութի կոշտ մասերը վերածվում են հեղուկ կամ շիլայանման խառնուրդի։ Ստամոքսն ունի առաջային (paries anterior) և հետին (paries posterior) պատեր։ Ստամոքսի գոգավոր, վեր ու աջ դարձած եզրը կոչվում է փոքր կորություն (curvatura minor), իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը՝ մեծ կորություն (curvatura major)։ Փոքր կորության վրա, ավելի մոտ ստամոքսի ելքին, քան մուտքին, նկատվում է մի կտրուճ՝ incisura angularis, որտեղ փոքր կորության երկու հատվածները միանում են՝ կազմելով սուր անկյուն (angulus ventriculi)։

Ստամոքս
Մարդու ստամոքս 1 կերակրափող 2 կարդիա 3 հատակ 4 լորձաթաղանթ 5 մկանային շերտ 6 լորձաթաղանթային ծալքեր 7 շճաթաղանթ 8 ստամոքսաելքի խողովակ 9 ստամոքսաելքի սեղման 10 տասներկումատնյա աիք
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասկենդանական օրգան, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էստամոքսաղիքային համակարգ
Կազմված էfundus?, body of stomach?, pyloric part? և cardia?
Անատոմիական տեղայնացումՈրովայնի խոռոչ
Զարկերակright gastric artery?
Երակright gastric vein?
Ավշային հանգույցCeliac lymph nodes?
Լիմֆատիկ դրենաժCeliac lymph nodes?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
stomach development?
Միանում էԿերակրափող, բարակ աղիք և տասներկումատնյա աղի
MeSHA03.556.875.875
Foundational Model of Anatomy7148
Terminologia Anatomica 98A05.5.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Great medical encyclopedia?, Q24038862?, 1911 Encyclopædia Britannica, Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889), The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge?, The New Student's Reference Work և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում
 Stomachs Վիքիպահեստում
Մարդու ստամոքսը

Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի՝ որկորի բացվելու տեղը կոչվում է ստամոքսամուտք (ostium candiaca), նրան հարակից շրջանը՝ pars cardiaca, տասներկումատնյա աղիքի սկսման տեղը՝ ստամոքսաելք (pilorus), իսկ հարակից շրջանը՝ pars pilorica։ Ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասը կոչվում է հատակ (fundus) կամ թաղ (fornix)։ Կենդանի մարդկանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին (corpus ventriculi)։

Ստամոքսը տեղավորված է ստոծանու տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ։ Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ։ Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է ողնաշարից ձախ՝ կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը՝ կրծքային XII կամ գոտկային I մակարդակին։ Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից՝ ձախ երիկամի վերին բևեռին, մակերիկամներին, փայծաղին, ենթաստամոքսային գեղձի առաջային երեսին, ներքևից՝ բարակ և հաստ աղիներին , առջևից՝ աջ կողմից լյարդի ու ձախ կողմից՝ կողերի միջև ընկած որովայնի այտին։ Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական հաստ աղիքը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ։ Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված։ Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25 սմ է։ Նրա տարողությունը զգալիորեն կախված է անհատի սննդակարգից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում։ Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն (երկարությունը 5 սմ)։

Լինելով մարսողական խողովակի լայնացած մասը, ստամոքսը կատարում է նաև պահեստի դեր` իր մեջ կուտակելով մեծ քանակությամբ սննդանյութ։ Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, ստոծանու ձախ գմբեթի տակ։ Առջևից նրան ծածկում են աջ կողմից` լյարդը, ձախից` կողերը։ Ստամոքսի ձևը և տարողությունը փոփոխական են, կախված նրա լցվածության աստիճանից։ Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր ու երկու եզրեր, որոնք կոչվում են կորություններ), ինչպես նաև մուտք և ելք, որոնց միջին մասը ստամոքսի մարմինն է։ Մուտքից դեպի վեր` մինչև ձախ գմբեթաձև մասը, կոչվում է հատակ կամ թաղ։

Կլինիկական տեսակետից մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությամբ ստամոքսի ձևի և դիրքի ուսումնասիրումը։ Ուղղաձիգ դիրքով կանգնած մարդու ստամոքսը մեծ մասամբ լինում է կարթաձև, հազվադեպ նաև` եղջյուրաձև (հորիզոնական) ու գուլպայաձև (ուղղաձիգ դիրքով)։

Ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթը նույնպես բազմաթիվ ծալքեր ունի։ Այն ունի նաև այսպես կոչված ստամոքսային դաշտեր, որոնցում գտնվող  փոսիկներում  բացվում  են ստամոքսահյութ արտադրող գեղձերը։ Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ։

Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերը տարբեր ուղղություններ ունեն։ Դրանք ապահովում են ստամոքսի տարատեսակ կծկումները։ Օղակաձև մկանաթելերը ստամոքսաելքում հաստանալով, կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսի ելքի փականն է։ Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը։

Մարսողության ապահովման գործում կարևոր դեր է կատարում ստամոքսահյութը, որն անգույն, թափանցիկ, խիստ թթու ռեակցիայով հեղուկ է, պարունակում է մոտավորապես 0,5 տոկոս աղաթթու։ Վերջինով ստեղծված թթվային միջավայրն ակտիվացնում է ֆերմենտների գործունեությունը, խթանում ստամոքսի կծկումները, ինչպես նաև ունենում մանրէասպան ներգործություն։ Ստամոքսահյութում եղած ուժեղ ֆերմենտների (պեպսին, խիմոզին, գաստրիքսին, ռենին, լիպազա և այլն) ազդեցությամբ սպիտակուցներն ու ճարպերը տարրալուծվում և տրոհվում են ավելի փոքր մոլեկուլների։

Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ։ Նրա այդքան մեծ քանակության շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի։ Դատարկ ստամոքսում սովորաբար հյութ չի արտադրվում։ Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով։ Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ` կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը` հացը մարսելու համար։

Ստամոքսի կառուցվածքը խմբագրել

Ստամոքսի պատը կազմված է 4 շերտից՝

  1. լորձաթաղանթային (tunica mucosa)
  2. ենթալորձաթաղանթ(tela submicosa)
  3. մկանային թաղանթ (tinica muscularis)
  4. շճաթաղանթ (tunica serosa)։

Լորձաթաղանթը կազմված է ստամոքսի հիմնական ֆունկցիային համապատասխան (սննդանյութի քիմիական մշակումը թթվային միջավայրում)։ Դրա հետ կապված լորձաթաղանթում կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են աղաթթու պարունակող ստամոքսային հյութ(succus gastricus)։ Լինում են երկու տեսակի գեղձեր՝

  1. ստամոքսի հատակի գեղձեր (glandulae gastricae propriae), որոնք բազմաթիվ են (մեկ քառակուսի միլիմետր մակերեսի վրա մոտ 100 գեղձ), գտնվում են ստամոքսի հատակի և մարմնի շրջանում և պարունակում են երեք տեսակի բջիջներ՝ գլխավոր (արտադրում են պեպսինոգեն), լրացուցիչ (արտադրում են լորձ), և շրջադիր (արտադրում են աղաթթու)։
  2. Ստամոքսաելքի գեղձերը (glandulae pyloricae) կազմված են միայն գլխավոր բջիջներից։ Տեղ-տեղ լորձաթաղանթի մեջ ցրված են միայնակ ավշային հանգույցներ (folliculi lymphatici gastrici)։

Փոքր կորության երկայքով դասավորված ծալքերն ունեն երկայնաձիգ ուղղություն և կազմում են Վալդեերի ստամոքսային ճանապարհը, որը ստամոքսի մկանների կծկման ժամանակ կարող է դառնալ խողովակ, որի միջով հեղուկ կերակրամասերը (ջուր, աղային լուծույթներ) կարող են որկորից անմիջապես անցնել ստամոքսաելքի մեջ՝ շրջանցելով ստամոքսի կարդիալ մասը։ Բացի ծալքերից, լորձաթաղանթը ծածկված է կլորավուն բարձիկներով (1-6մմ տրամագծով), որոնք կոչվում են ստամոքսային դաշտեր (areae gastricase). վերջիններիս մակերեսին երևում են ստամոքսային փոսիկների (foveolae gastricae) բազմաթիվ անցքերը (0.2մմ տրամագծով)։ Այդ փոսիկներում էլ բացվում են ստամոքսի գեղձերը։ Ստամոքսի լորձաթաղանթը կարմրա-մոխրավուն է, ընդ որում որկորի մուտքի շրջանում նույնիսկ չզինված աչքով նկատվում է որկորի տափակ էպիթելի (մաշկային տիպի էպիթել) և ստամոքսի գլանաձև էպիթելի (աղիքային տիպի էպիթել) որոշակի սահմանագիծը։

Մկանային պատյանը (tunica muscularis) կազմված է հարթ մկանաթելերից, որոնք նպաստում են կերակրանյութի շաղախմանը և առաջ մղմանը։ Ստամոքսի ձևին համապատասխան պարկի տեսքով նրանք դասավորված են ոչ թե երկու շերտով, ինչպես որկորում, այլ 3 շերտով. արտաքին՝ երկայնաձիգ (stratum longitudinale), միջին՝ շրջանաձև (stratum circulare) և ներքին՝ թեք(fibrae obliquae)։ Երկայնաձիգ մկանաթելերը որկորի նույնանման մկանաթելերի շարունակությունն են։ Մոտենալով ստամոքսաելքին, օղաձև թելերը հաստանում են և ստամոքսաելքի ու տասներկումատնյա աղիքի սահմանում գոյացնում մի մկանային օղ՝ ստամոքսաելքի սեղմիչի մկանը (m. sphincher pylori), որին համապատասխան գոյանում է լորձաթաղանթի շրջանակաձև ծալքը՝ ստամոքսամուտքի փականը (valva pylorica), որը ստամոքսաելքի սեղմիչի կծկման ժամանակ ստամոքսի խոռոչը լրիվ բաժանում է տասներկումատնյա աղիքի խոռոչից։ Ստամոքսաելքի սեղմիչը և փականը (sphincter pylori et valvnia pyorica) կազմում են հատուկ հարմարանք, որը կարգավորւմ է կերակրանյութի անցումը աղիքի մեջ և կանխում է նրա հետհոսքը դեպի ստամոքս, այլապես կառաջանար ստամոքսի նորմալ թթվային միջավայրի չեզոքացում։

Թեք մկանաթելերը (fibrae obliquae) կազմում են խրձեր, որոնք օղակաձև կիսագրկում են ստամոքսամուտքը ձախից՝ կազմելով հենման օղակ, որը թեք խրձերի համար ծառայում է որպես ամրացման կետ (punctum fixum)։

Ստամոքսի պատի արտաքին շերտը շճաթաղանթն է (tunica serosa), որն իրենից ներկայացնում է որովայնամզի համապատասխան մասը։ Շճաթաղանթը սերտորեն ձուլվում է ստամոքսին ամբողջությամբ, բացառությամբ երկու կորությունների, որոնց վրա շճազմի երկու թերթիկների միջով անցնում են խոշոր արյունատար անոթներ։

Մարդկանց մոտ նորմայում կարելի է հանդիպել ստամոքսի ձևի և դիրքի հիմնական 3 տարբերակներ՝

  1. Եղջյուրաձև ստամոքս, ստամոքսային ծոցը ընկած է համարյա լայնությամբ՝ աստիճանաբար նեղանալով դեպի ելքային մասը։
  2. Կարթաձև ստամոքստամոքսի վայրէջ մասը թեքորեն կամ համարյան կախված իջնում է ցած, իսկ վերևի մասը տեղակալված թեքորեն՝ վարից վեր և աջ։
  3. Գուլպայաձև կամ երկարացած ստամոքս, ստորին մասը ավելի լայնացած է։ Նման է նախորդին (կարթաձև), բայց ունի որոշ տարբերություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «ստամոքս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։