Որդու ծննդյանը սպասող հյուսնը
«Որդու ծննդյանը սպասող հյուսնը», 2011 թվականին բեմադրիչ-ռեժիսոր Նարինե Մալյանի նկարահանած կարճամետրաժ ֆիլմը, որն էկրանավորվել է Աղասի Այվազյանի «Դանիել մշտաբնակը» պատմվածքի հիման վրա[1]։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | պատմական դրամա |
Թվական | 2011 |
Լեզու | հայերեն անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Նարինե Մալյան |
Պրոդյուսեր | Նարինե Մալյան |
Սցենարի հեղինակ | Արտեմ Մելքումյան |
Օպերատոր | Վահագն Տեր-Հակոբյան |
Երաժշտություն | Սամվել Սարյան Հնչյունը`Լևոն Հախվերդյան |
Կինոընկերություն | Հայաստանի ազգային կինոկենտրոն Հենրիկ Մալյան մշակութային հիմնադրամ |
Տևողություն | 15 րոպե |
2012 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում[2]։
Սյուժե խմբագրել
Բազմանդամ ընտանիքի հայր Դանիելն աղքատ ու խեղճ մարդ է, ով օրվա հացը վաստակում է հյուսնությամբ։ Դանիելը սպասում է որդու ծննդյանը։ Ապրում է ամենօրյա նույն առօրյայով՝ լուսաբաց, կնոջ նախատինք, երեխեքի լուռ տառապանք, ապրուստի կռիվ, դառը քուն։ Ինչ գործ պատահի՝ անում է։ Մի օր էլ Դանիելը խաչելության գործ է անում՝ չիմանալով, որ երեք խաչյալներից մեկը Հիսուս Նազովրեցին է։
Դերասաններ խմբագրել
- Դանիել՝ Առնոլդ Ղազարյան
- Դանիելի կինը՝ Քրիստինա Հովակիմյան
- Դանիելի դուստր՝ Աննա Մկրտչյան
- Դանիելի դուստր՝ Գիսանե Թութունջյան դ’Վարդավան
- Աննա Խաչատրյան
- Դավիթ Գասպարյան
Մեջբերումներ ֆիլմի մասին խմբագրել
Նարինե Մալյանի ֆիլմը մի նրբաճաշակ կինոնովել է, որում Աստծո որդու քրիստոնեական լեգենդը ներկայացվում է Մարդու որդու` սովալլուկ բազմանդամ ընտանիքի հանապազօրյա հացը Քրիստոսին գամելով վաստակող հյուսն Դանիելի տեսանկյունից։ Զուսպ, խորունկ և ժլատ արտահայտչամիջոցներով՝ արվեստասերին հրամցվում է մի գունեղ գեղարվեստական կտավ ու կարևորը` առանց ինքնանպատակ արտառոց հնարքների և զարմացնելու միտում հետամտող աճպարարության։ Պարզ ու խորախորհուրդ մի կինոպոեմ, որից Վերածննդի դարաշրջանի շարժական կտավի տպավորություն ես ստանում և գեղագիտական վայելք ապրում։ Այդուհանդերձ, ուզում եմ ասել՝ ֆիլմի կարճ տևողությունը չի գոհացնում։ Վստահ եմ, որ սրանում վճռորոշ դերակատարություն է ունեցել նյութական ռեսուրսների սղությունը։ Չես հասցնում խորամուխ լինել «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» դրվագապատումի ենթիմաստներում։ Ակնկալում ես թե ասելիքի, թե կինոժապավենի առավել մեծամասշտաբ էպիկական զարգացում` հորից դստերը փոխանցված մալյանական նույն սինթետիկ գեղագիտությամբ։ - Նվարդ Ասատրյան
|