Ոսկե ծիրան

միջազգային կինոփառատոն, Հայաստան

Ոսկե ծիրան, Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմեր մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Փառատոնի բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։

Ոսկե ծիրան
Տեսակկինոփառատոն
Երկիր Հայաստան
ԿարգախոսՄշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ
Հիմնադրված2004
ՀիմնադիրՀարություն Խաչատրյան և Միքայել Ստամբոլցյան
Կայքgaiff.am

Փառատոնի պատմություն խմբագրել

 
Ատոմ Էգոյանը երրորդ Ոսկե ծիրան փառատոնին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2004 թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են՝ փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը ֆիլմերի հիմնական մասը ամեն տարի ցուցադրվում են «Մոսկվա» և «Նարիր» կինոթատրոններում։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։

Անվանակարգեր և մրցանակներ խմբագրել

Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ։ Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով։

Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում, վերջին տարում՝ 2010-ին, դրանք հետևյալն էին․

  • «Երևանյան պրեմիերա»
  • «Հայկական Էսքիզներ»
  • «Բրիտանական վեց կարճամետրաժ»
  • «Ոսկե ծիրան բարձրագույն կինոդպրոց»։

Տարբերանշան խմբագրել

2019 թվականի փառատոնին «Ոսկե ծիրանի» նոր տարբերանշան է ընտրվել, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը։ Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը[1]։

Ժյուրի խմբագրել

«Ոսկե ծիրանն» ունի առանձին ժյուրիներ համապատասխանաբար փառատոնի երեք՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր անվանակարգերի համար։ 2007 թվականից փառատոնն ունի նաև էկումենիկ և FIPRESCI ժյուրի, որոնք տալիս են իրենց հատուկ մրցանակները։ 2010 թվականին փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահել է եղել իսլանդացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահն է եղել իտալացի կինոքննադատ Լուչանո Բարիզոնեն, իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի ժյուրիի նախագահը եղել է կինոգետ և պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը։

«Ռեժիսորներ առանց սահմանների» խմբագրել

«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) «Ոսկե Ծիրանի» ստեղծած՝ ռեժիսորների և կինոյի մասնագետների ցանց է, որին անդամակացում են Հարավային Կովկասի տարածաշրջանի և հարակից այլ պետությունների կինոգործիչները։ ՌԱՍ-ը հիմնադրվել է իրանցի հանրահայտ ռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնությամբ։ ՌԱՍ-ն աջակցում է համատեղ արտադրության ֆիլմ-նախագծերին, որոնք բացահայտում են ազգերի ու մշակույթների միջև ծագած խնդիրները։ ՌԱՍ-ն ընդգծում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասյան տարածաշրջանում դարերով կողք կողքի ապրած ժողովուրդների միջև այսօր կան բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասություններ, որոնք արտահայտվում են նաև կինոարտադրության բնագավառում՝ ստեղծելով խնդիրներ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար։ ՌԱՍ-ը նպատակն է հաղթահարել սահմանները ու ստեղծել համընդհանուր մարդասիրական սկզբունքներին համապատասխանող կինոյի մթնոլորտ և կինոդաշտ։

Լավագույն գեղարվեստական կինոնկարի համար «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակի դափնեկիրներ խմբագրել

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Երկիր
2004 Արարատ Ատոմ Էգոյան   Կանադա
2005 Արևը Ալեքսանդր Սոկուրով   Ռուսաստան/  Իտալիա/  Ֆրանսիա
2006 Երեք անգամ Հոու Սյաոսյան   Թայվան/  Ֆրանսիա
2007 Ներմուծում/Արտահանում Ուլրիխ Զայդլ   Ավստրիա
2008 Ջրահարսը Աննա Մելիքյան   Ռուսաստան
2009 Այլ ափը Գիորգի Օվաշվիլի   Վրաստան/  Ղազախստան
2010 Տիեզերք Ռեհա Էրդեմ   Թուրքիա/  Բուլղարիա
2011 Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը Ասղար Ֆարհադի   Իրան
2012 Մշուշում Սերգեյ Լոզնիցա   Ռուսաստան
2013 Շրջաններ Սրջան Գոլուբովիչ   Սերբիա
2014 Ցեղը Միրոսլավ Սլաբոշպիտսկի  Ուկրաինա
2015 Օձի գրկում Սիռո Գեռա   Կոլումբիա,  Վենեսուելա,  Արգենտինա
2016 Բալերի անունները[2] Բրանկո Շմիդտ  Խորվաթիա
2017 Ցանկալի Դուրգան[3] Սանալ Կումար Սասիդհարան  Հնդկաստան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ոսկե Ծիրան» փառատոնն անցկացվում է պետական աջակցությամբ». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  2. «Ungiven wins at Golden Apricot Festival in Yerevan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  3. ««Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են». gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ծիրան» հոդվածին։