Նորայր Արամի Նուրիկյան (բուլղար․՝ Норайр Нурикян, հուլիսի 26, 1948(1948-07-26), Սլիվեն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), հայազգի բուլղարացի ծանրամարտիկ, մարզիչ, Բուլղարիայի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1976), աշխարհի կրկնակի չեմպիոն (1972, 1976) և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1972, 1976), աշխարհի հնգակի ռեկորդակիր։ Արժանացել է Բուլղարիայի Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, պարգևատրվել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության առաջին աստիճանի շքանշանով։ 1994 թվականին Նորայր Նուրիկյանի անունը ներառվել է Ծանրամարտի փառքի սրահում[1]։

Նորայր Նուրիկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 26, 1948 (75 տարեկան)
Ծննդավայր՝Սլիվեն, Բուլղարիա
155 սանտիմետր

Կենսագրություն խմբագրել

Նորայր Նուրիկյանը ծնվել է 1948 թվականի հուլիսի 26-ին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում հայերի ընտանիքում։ Հաճախել է ջութակի դասերի։ 1958-1959 թվականներին նրա ուսուցիչներից մեկը, նշելով նրա ուժեղ լինելը, ասել է, թե նա պիտի զբաղվի ոչ թե ջութակ նվագելով, այլ բռնցքամարտով[2]։ Հետագայում նա մի որոշ ժամանակ խաղացել է բասկետբոլ, սակայն ոչ այնքան բարձրահասակ լինելու պատճառով հաջողության չի հասել այդ բնագավառում։

1966 թվականին Նորայր Նուրիկյանն սկսել է զբաղվել ծանրամարտով բուլղարացի հայտնի մարզիչ Իվան Աբաջիևի գլխավորությամբ։ 1969 թվականին Նորայր Նուրիկյանը Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում առաջին անգամ մասնակցելէ Եվրոպայի առաջնությանը, որ անցկացվում էր Վարշավայում, և զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Նորայր Նուրիկյանը մեծ հաջողության է հասել 1972 թվականին Մյունխենում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ նա համառ պայքարում հաղթել է ԽՍՀՄ ներկայացնող ծանրամարտիկ Դիտո Շանիձեին ու հռչակվել աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ընդ որում՝ նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ ըստ եռամարտի միավորների գումարի։ 1973 թվականին Նորայր Նուրիկյանը Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում զիջել է Դիտո Շանիձեին, իսկ 1974 թվականին՝ նաև բուլղարացի ծանրամարտիկ Գեորգի Տոդորովին, ինչից հետո որոշել է կիսաթեթև քաշային կարգից անցնել թեթև քաշային կարգ։ 1976 թվականին, հանդես գալով արդեն գերթեթև քաշային կարգում, Նորայր Նուրիկյանը հաղթել է Բեռլինում անցկացվող Եվրոպայի առաջնությունում և Մոնրեալում անցկացվող Օլիմպիական խաղերում՝ կրկին սահմանելով աշխարհի ռեկորդ վարժությունների միավորների գումարով։

1977 թվականին Նորայր Նուրիկյանն սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։ Երկար ժամանակ նա եղել է Իվան Աբաջիևի օգնականը, իսկ 1990 թվականին գլխավորել է Բուլղարիայի ազգային հավաքականի մարզչական գրասենյակը։ Հետագայում նա եղել է Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը, որպես դատավոր հանդես է եկել միջազգային մրցությունների ընթացքում, այդ թվում՝ 2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Weightlifting Hall of Fame:List of Members Արխիվացված 2008-09-13 Wayback Machine(անգլ.)
  2. «The Little Big Man From Sevlievo». www.chidlovski.net. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. https://web.archive.org/web/20080907230408/http://results.beijing2008.cn/WRM/ENG/INF/WL/C56B/WLM085A01.shtml#WLM085A01 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել