Նեյտրոնային դեկրետներ, նեյտրոնների գրանցման սարքեր, որոնց աշխատանքը հիմնված է ատոմային միջուկների հետ նեյտրոնների փոխազդեցության հետևանքով առաջացող երկրորդային մասնիկների գրանցման վրա։ Դանդաղ նեյտրոնների գրանցման համար օգտագործվում են նեյտրոնների ազդեցությամբ թեթև միջուկների ճեղքման, ծանր միջուկների տրոհման ռեակցիաները, նեյտրոնների ռադիացիոն զավթումը միջուկներով, ինչպես նաև արհեստական ռադիոակտիվության գրգռումը (ակտիվացիոն վերլուծություն)։ Այս պրոցեսներում առաջացող a-մասնիկների, պրոտոնների, «բեկոր միջուկների» գրանցման համար կիրառվում են իոնացման խցիկներ, համեմատական հաշվիչներ, սցինտիլյացիոն հաշվիչներ, որոնք նեյտրոնային դեկրետների հիմնական տեսակներն են։ Դրանցով արագ նեյտրոնների գրանցման արդյունավետությունը հարյուրավոր անգամ պակաս է, այդ պատճառով վերոհիշյալ հաշվիչները պատում են պարաֆինով, որը դանդաղեցուցիչի դեր է կատարում։ Իբրև նեյտրոնային դեկրետներ կիրառվում են նաև ֆոտոէմուլսիաները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 221