Յան Կարսկի (լեհ.՝ Jan Karski, իսկական անունը՝ Յան Ռոմուալդ Կոզելևսկի (լեհ.՝ Jan Romuald Kozielewski), հունիսի 24, 1914(1914-06-24)[1][2], Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 13, 2000(2000-07-13)[4][5][6], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), լեհական դիմադրության շարժման մասնակից, Աշխարհի արդարակյաց։

Յան Կարսկի
լեհ.՝ Jan Karski
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1914(1914-06-24)[1][2]
ԾննդավայրԼոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էհուլիսի 13, 2000(2000-07-13)[4][5][6] (86 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]
ԳերեզմանMount Olivet Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան և  ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[6]
ԿրթությունՋորջթաունի համալսարան, Լվովի համալսարան և Վարշավայի համալսարան
ԵրկերStory of a Secret State? և Karski's reports?
Մասնագիտությունիրավաբան, գրող և ուսուցիչ
ԱշխատավայրՋորջթաունի համալսարան
ԱմուսինPola Nireńska?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեհական արվեստի և գիտության արտասահմանյան միություն և Armia Krajowa?
Կայքjankarski.net/en
 Jan Karski Վիքիպահեստում
Յան Կարսկու հուշարձանը Կալցեում
Յան Կարսկու հուշարձանը Թել Ավիվում

Կենսագրություն խմբագրել

Յան Կարսկին ծնվել է 1914 թվականի հունիսի 24-ին Կարմիր Լոձ քաղաքում (ներկայում՝ Լոձ)։ Կրթություն ստացել է տանը, ինչպես ինքն է գրել հետագայում, իր մոր՝ Վալենտինա Կոզելևսկու (օրիորդական ազգանունը՝ Գուրևսկայա) ծրագրով։ Նրա ավագ եղբայրներն ու քույրերն ապրել են իրենցից առանձին։ Սովորել է գիմնազիայում։ 1935 թվականին Լվովի համալսարանի իրավունքի ու դիվանագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո սովորել է Վլադիմիր-Վոլինսկու փոխ-սպաների հրետանային ուսումնարանում։ 1939 թվականի հունվարին սկսել է աշխատել Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում։

1939 թվականի սեպտեմբերին Գերմանիայի Լեհաստանի վրա հարձակվելուց հետո Կոզելևսկին զորակոչվել է բանակ ու ուղարկվել ուլանյան գունդ։ Նրա գունդը ջախջախվել է վերմախտի տանկային զորամասերի կողմից։ Յան Կարսկին վիրավորվել է, ապա գերի ընկել խորհրդային զորքերի մոտ, որ Լեհաստան էին ներխուժել արևելքից։ Ռազմագերիների փոխանակման արդյունքում Յան Կարսկին հայտնվել է գերմանական գերության մեջ։ Նոյեմբերին նա փախել է ռազմագերիների գնացքից, դարձել լեհական ընդհատակյա կազմակերպության անդամ և գաղտնի ուղևորություն կատարել դեպի Ֆրանսիա՝ տանելով զեկույց Լեհաստանի տարագրության մեջ գտնվող կառավարությանը, որ այդ ժամանակ գտնվում էր Ֆրանսիայում։ Ընդհատակում Կոզելևսկին ընդունել է «Կարսկի» կեղծանունը, որը հետագայում սկսել է օգտագործել որպես պաշտոնական ազգանուն։

1940 թվականի հունիսին Յան Կարսկին բռնվել է գեստապոյի կողմից Սլովակիայում, սակայն Զինված պայքարի միության գործողության արդյունքում ազատվել է Նովի Սոնչի հիվանդանոցից։ Հետագայում նա ապօրինաբար մեկնել է Լեհաստան և աշխատել Կրայովի բանակի պարտիզանական գլխավոր շտաբի պրոպագանդայի ու ինֆորմացիայի բյուրոյում։

1942 թվականին Կրայովի բանակի արտաքին հաղորդակցության բաժնի պետ, Լեհաստանի արտաքին գործերի նախկին նախարար Ռոման Կնոլը Յան Կարսկուն ուղարկել է Լոնդոն։ Ուղևորությունից առաջ Ռոման Կնոլը Կարսկուն ծանոթացրել է Բունդի ակտիվիստ Լեոն Ֆայների հետ։ Վերջինս Կարսկուն ասել է․ «Լեհաստանը կրկին անկախություն ձեռք կբերի պատերազմից հետո։ Սակայն Լեհաստանի հրեաներն այդ ժամանակ արդեն չեն լինի։ Գնացեք Լոնդոն։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ դաշնակիցներից ոչ մեկը պատերազմից հետո չկարողանա ասել, թե ոչինչ չի իմացել հրեաների ոչնչացման մասին․․․ Ես ուղարկել եմ տասնյակ նամակներ, հարյուրավոր անգամներ, մի կերպ հասնելով հեռախոսի մոտ, խոսել եմ Շվեյցարիայի ու Ֆրանսիայի հրեաների հետ։ Ոչ ոք ինձ չհավատաց․․․»։ Ֆայների խնդրանքով Կարսկին գաղտնի այցելել է Վարշավայի գետտո, ինչպես նաև հագնելով գերմանական զինվորի շորեր՝ եղել է Իզբիցա Լյուբելսկա գետտոյում, որտեղից կալանավորներին ուղարկում էին Բելժեցի ու Սոբիբորի մահվան ճամբարներ։

Գերմանիայի ու Ֆրանսիայի տարածքով Յան Կարսկին հասնում է չեզոք Իսպանիա, որտեղից Ջիբլարթարով մեկնում Լոնդոն։ Գեներալ Վլադիսլավ Սիկորսկին՝ տարագրության մեջ Լեհաստանի կառավարության ղեկավարը, որոշել է Կարսկու զեկույցը փոխանցել Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կառավարություններին։

1943 թվականի հուլիսին Կարսկին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի հետ և պատմել նրան Հոլոքոստի զոհերի ճակատագրի մասին։ Կարսկին խնդրել է օգնել նրանց, սակայն Միացյալ Նահանգների նախագահը ցուցաբերել է անվստահություն ու անտարբերություն։

Հետագայում Յան Կարսկին հանդիպումներ է ունեցել քաղաքական ու մշակութային գործիչների հետ, սակայն ոչ ոք չի հավատացել նրան։

1944 թվականին Յան Կարսկին գրել է «Ցրիչը Լեհաստանից։ Գաղտնի պետության պատմությունը» («Courier from Poland: Story of a Secret State») գիրքը, որ հրատարակվել է 360 հազար օրինակով։

Պատերազմից հետո Յան Կարսկին մնացել է ԱՄՆ-ում և դարձել Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր։ Նա պաշտպանել է դոկտորական ատենախոսութուն քաղաքագիտությունից, իսկ 1954 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։

1965 թվականին ամուսնացել է Լեհաստանից գաղթած հրեա Պոլինա Նիրենսկայայի հետ, որ հայտնի պարուհի էր ու խորեոգրաֆ, ում բոլոր հարազատները զոհվել էին Հոլոքոստի ժամանակ։

1978 թվականին Յան Կարսկին մասնակցել է «Շոա» ֆիլմի ստեղծմանը, ինչը նպաստել է, որ համաշխարհային հասարակությունը գիտակցի, թե ինչ ջանքեր է նա գործադրել Հոլոքոստի կանխման նպատակով։

1982 թվականին Յան Կարսկին ստացել է Աշխարհի արդարակյացի կոչում Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից, իսկ 1994 թվականին ճանաչվել է Իսրայելի պետության պատվավոր քաղաքացի։

Վաշինգտոնում 1982 թվականին կայացած հարցազրույցի ժամանակ Յան Կարսկին ասել է․ «Աստված ընտրել է ինձ, որ Արևմուտքն իմանա Լեհաստանում կատարված ողբերգության մասին։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե այդ տեղեկությունը կօգնի փրկել միլիոնավոր մարդկանց։ Դա չօգնեց, ես սխալվում էի։ 1942 թվականին Վարշավայի գետտոյում և Իզբիցա Լյուբելսկայում ես դարձա լեհաստանցի հրեա․․․

Իմ կնոջ ընտանիքը (նրանք բոլորը զոհվել են գետտոներում ու մահվան ճամբարներում, Լեհաստանի բոլոր տանջված հրեաները դարձել են իմ ընտանիքը։ Ընդ որում ես մնում եմ կաթոլիկ։ Ես կաթոլիկ հրեա եմ։ Իմ հավատն ինձ ասում է՝ երկրորդ նախածին մեղքը, որ մարդկությունը կատարել է հրեաների նկատմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում, կհետապնդի նրան մինչև աշխարհի վերջը․․․»։

1995 թվականին Յան Կարսկին պարգևատրվել է Լեհաստանի Սպիտակ արծվի շքանշանով։

Յան Կարսկին Միացյալ Նահանգների ու Լեհաստանի ութ համալսարանների պատվավոր դոկտոր է։ 1996 թվականին Լեհաստանում նկարահանվել է նրան նվիրված «Իմ առաքելությունը» վավերագրական ֆիլմը։

1998 թվականին Յան Կարսկին ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Յան Կարսկին մահացել է 2000 թվականի հուլիսի 13-ին Վաշինգտոնում։ Նրա թաղմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը և Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին։

2012 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Յան Կարսկուն հետմահու պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով[8]։

Հիշատակ խմբագրել

Յան Կարսկու հուշարձաններ են տեղադրվել (նստարանին նստած) Նյու Յորքում Լեհաստանի հյուպատոսարանի դիմաց, Ջորջթաունի համալսարանի կամպուսում, Լեհաստանի Վարշավա, Կալցե, Լոձ քաղաքներում, Թել Ավիվի համալսարանի կամպուսում։ 2015 թվականին թողարկվել է «Յան Կարսկի։ Աշխարհի արդարակյացը» վավերագրական ֆիլմը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119295849 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 The Righteous Among the Nations Database
  7. https://www.senate.gov/pagelayout/reference/two_column_table/Presidential_Medal_of_Freedom_Recipients.htm
  8. «President Obama Announces Jan Karski as a Recipient of the Presidential Medal of Freedom». Սպիտակ տուն. 23 апреля 2012. Վերցված է 28 января 2017-ին.
  9. Ян Карский. Праведник мира (2016). Трейлер на русском. - YouTube

Գրականություն խմբագրել

  • J. Korczak, Misja ostatniej nadziei, Warszawa 1992.
  • E. T. Wood, Karski: opowieść o emisariuszu, Kraków 1996.
  • J. Korczak, Karski, Warszawa 2001.
  • Y. Haenel, Jan Karski, 2009.
  • S. M. Jankowski, Karski: raporty tajnego emisariusza, Poznań 2009.
  • E. Thomas Wood & Stanisław M. Jankowski (1994). Karski: How One Man Tried to Stop the Holocaust. John Wiley & Sons Inc. page 316; ISBN 0-471-01856-2.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կարսկի» հոդվածին։