Մորթիավոր ոսկեբզեզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Տեսակ Մորթիավոր ոսկեբզեզ
Լատիներեն անվանում
Acmaeoderella pellitula


Մորթիավոր ոսկեբզեզ (լատին․՝ Acmaeoderella pellitula), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

4,5-6,5 մմ երկարությամբ, խիստ ուռուցիկ, ձգված, քիչ փայլուն, սև գույնի՝ լավ արտահայտված բրոնզագույն փայլով, մարմնով մանր բզեզ է։ Հազվադեպ կապտամանուշակագույն վերնաթևերը մետաղական կապույտ են։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Հայաստանում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հանդիպում է Հացավան գյուղի շրջակայքում (Կոտայքի մարզ), Գոռավանի ավազուտներում` Վեդի քաղաքի մոտ (Արարատի մարզ) և Մեղրի քաղաքի շրջակայքում (Սյունիքի մարզ), ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ավազոտ անապատներում և տարբեր տեսակի կիսաանապատներում։ Թռչում են մայիսին-հուլիսի սկզբին, որպես լրացուցիչ սնունդ օգտագործում են հազարտերևուկների ծաղկաբույլերը։ Թրթուրների կերային բույսերը հայտնի չեն։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում են եզակի առանձնյակներով։ Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում չոր և կիսաչոր խոցելի տարածքներում անասունների չկարգավորված արածեցումը, դրանց գյուղատնտեսական նպատակներով յուրացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.