Մետաքսե

հայ արձակագիր, բանաստեղծ

Մետաքսե (Մետաքսե Սերոբի Պողոսյան, դեկտեմբերի 23, 1926(1926-12-23), Արթիկ - օգոստոսի 10, 2014(2014-08-10), Երևան, Հայաստան), ճանաչված հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1963 թվականից, Արցախյան շարժման ակտիվ մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Մետաքսե
Ծննդյան անունՄետաքսե Սերոբի Պողոսյան
Ծնվել էդեկտեմբերի 23, 1926(1926-12-23)
ԾննդավայրԱրթիկ
Վախճանվել էօգոստոսի 10, 2014(2014-08-10) (87 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ, բանաստեղծուհի, արձակագիր, գրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1952) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1958)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԶավակներԼիլիթ
Մետաքսե Վիքիքաղվածքում
 Metakse Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մետաքսեն ծնվել է 1926 թվականին Արթիկի շրջանի Եգանլար գյուղում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզի Արևշատ գյուղ)։ Վաղ տարիքում որբացել է և մեծացել է Գյումրու մանկատանը։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտը[1]։

Որպես նավաստի աշխատել է «Լիպեցկ» շոգենավում, որով եղել է Եգիպտոսում և Ալբանիայում։ 1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1989-1991 թվականներին՝ Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը։ 1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել է արցախյան պատերազմում զինվորների աջակցության հանձնաժողովի նախագահը։ 1981 թվականին Մետաքսեի միջնորդությամբ ու ջանքերով Արևշատում կառուցվել է մշակույթի տուն, 2001 թվականին վերակառուցվել է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ բանաստեղխուհին ոչ միայն կազմակերպչական աշխատանքներ է կատարել, այլ նամակով դիմել է Գարեգին երկրորդ կաթողիկոսին՝ եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնելու համար։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին Մետաքսեն եղել է Հայաստանի մայրության հիմնադրամի փոխնախագահ և մեծ աշխատանք է կատարել աղետի գոտում։ Գյումրիում և Սպիտակաում օգնություն է կազմակերպել միակողմանի և երկկողմանի որբերի համար։ 2006 թվականին Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցն անվանակոչվել է Մետաքսեի անունով (Հայաստանի Շիրակի մարզպետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 202 որոշում)։

Կազմել է Դափնեպսակ Չարենցին բանաստեղծությունների ժողովածուն (առաջաբանը՝ Արփենիկ Չարենցի, ՀԳՄ, 2011)։

Արցախյան ազատամարտի տարիներին Մետաքսեն ստեղծել է ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը[2]։

 
Մետաքսեն «Լիպեցկ» շոգենավում
 
Մետաքսեն դստեր՝ Լիլիթի հետ
 
Մետաքսեն օգնություն է ուղարկում Արցախյան պատերազմի մարտիկներին

Ստեղծագործական ուղի խմբագրել

Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է». «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և 1995 թվականին հրատարակել է «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրքերից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։ Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը[3]։

 
Մետաքսեի հուշատախտակը Երևանի Տիգրան Մեծ պողոտայում

Մետաքսեն թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և ուրիշ լեզուներով։ Մետաքեն թարգմանել է ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի «Բանաստեղծություններ», սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում», ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը։ Նա, որպես պատվիրակ մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոների և իր ստեղծագործություններով բարձր է պահել հայ պոեզիայի հռչակը։

1985 թվականին ԽՍՀՄ գրողների պատվիրակության կազմում Մետաքսեն եղել է Իտալիայում և Սիրակուզա քաղաքի «Լացող Տիրամայր» հյուրանոցում, արժանացել է Աստծո տեսիլքին, որը ներշնչել է բանաստեղծուհուն Հայաստան վերադառնալուց հետո գրելու «Ամենափրկիչ», «Հովհաննես Մկրտիչ» և «Աստծո տեսիլք» պոեմները, որոնք առանձին գրքերով հրատարակվել են հայերեն և անգլերեն լեզուներով։ 2003 թվականին Մետաքսեն այդ պոեմներն ուղարկել է Վատիկան, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին նամակում՝ պատմելով Սիրակուզայի տեսիլքը։ Պատասխան նամակում Հռոմի Պապը գրել է, որ իր աղոթքների մեջ հիշելու է բանաստեղծուհու անունը և «Աստծո օրհնանքները շռայլորեն ցողում է նրա վրա»[4]։

1990 թվականին Նյու Յորքում հրատարակված «Բոլոր դարերի ու ժամանակների բանաստեղծուհիները սիրո մասին» հատընտիրում տեղ է գտել Մետաքսեի «Գաղտնիք չի մնում» բանաստեղությունը։ 3000 հեղինակներից ընտրվել է 197 անուն, որոնցից 14-ը բանաստեղծուհիներ են, որոնց անունները զետեղվել են գրքի կազմին, այդ թվում՝ Սաֆո, Աննա Ախմատովա, Էմիլի Դիքինսոն, Մետաքսե[5]։ Գրքի առաջաբանում գրող, հրատարակիչ Ուենդի Մըլֆորդը գրել է.

  Մետաքսեի բանաստեղծությունը ընդհանրացնող մեծ ուժ ունի[5]։
- Ուենդի Մըլֆորդ
 

2017 թվականին Շիրակի մարզի Արևշատի դպրոցում որպես մարզային փաատոն՝ մարզպետարանի աջակցությամբ և հովանաավորությամբ կայացել է Մետաքսեի «պոեզիայի օրեր» փառատոնը, որը տեղի է ունենում ամեն տարի։ Մասնակիցները պարգևատրվում են դպրոցի տնօրինության կողմից Մետաքսեի լուսանկարով ստեղծված պատվոգրով, շնորհակալագրով և կրծքանշանով։

Մահ խմբագրել

Մեաքսեն վախճանվել է 2014 թվականի օգոստոսի 10-ին, Երևանում[6]։ Մետաքսեի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով[7]։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ ՊՆ ոսկե և «Զորավար Անդրանիկ» մեդալներ, 1998։
  • Արցախի ազատագրման գործում ունեցած ավանդի համար ոսկե մեդալ, 2004։
  • Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալ, 2004։
  • Երկրապահ հուշամեդալ, 2006։
  • Սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշան, 2007։
  • Զորավար Անդրնաիկ մեծադիր մեդալ, 2007։
  • ՀԳՄ գրական վաստակի համար մեդալ, 2007։
  • Մովսես Խորենացու մեդալ, 2008։
  • Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան, 2011։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Ջահելություն, Երևան, 1957, 58 էջ։
  • Կնոջ սիրտ, Երևան, 1960, 114 էջ։
  • Ուրիշի արցունքները, Երևան, 1963, 96 էջ։
  • Նվիրում, Երևան, 1968, 157 էջ։
  • Զգույշ, սիրտ է, Երևան, 1974, 184 էջ։
  • Սերը հավատ է, Երևան, 1977, 152 էջ։
  • Հազար ու մի սեր, Երևան, 1981, 316 էջ։
  • Սիրո թալիսման, Երևան, 1983, 160 էջ։
  • Լեռները լալիս են գարնանը, Երևան, 1987, 176 էջ։
  • Արցունքները չեն ծերանում, Երևան, 1989, 464 էջ։
  • Շամիրամ, պոեմ, 1995։
  • Հովհաննես Շիրազը իմ հուշերում, Երևան, 2002, 192 էջ։
  • Ամենափրկիչ (պոեմ), Երևան, 2003, 224 էջ։
  • Ե՞րբ ես գալու, Տեր, Երևան, 2003, 252 էջ։
  • Հովհաննես Մկրտիչ (պոեմ), Երևան, 2003, 85 էջ։
  • Պարույր Սևակը իմ կյանքում, Երևան, 2004, 193 էջ։
  • Զրույց աշխարհի հետ, Երևան, 2007, 464 էջ։
  • Ճակատագրական կին, 2007։
  • Սերս ծոցիս մեջ մնաց, Երևան, 2009, 480 էջ։
  • Մենք ենք ու մենք, Երևան, 2011, 456 էջ։

Մանկական ստեղծագործություններ խմբագրել

  • Մաքրասեր Լիլիթը, 1964։
  • Լիլիթը և բադիկները, 1977։
  • Աչիկի ու Վաչիկի զրույցը, 2006։
  • Ճստիկը, 2010։
  • Ծառ չկտրենք (մանկական բանաստեղծություններ), Երևան, 2013, 96 էջ։

Ռուսերեն հրատարակություններ խմբագրել

  • Ճակատագիր, 1060։
  • Կյանքի գրկում, 1976։
  • Հազար ու մի սեր, 1986։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Նադյա Կեխլիբարովա, «Երկինքը նորից հինեց լույսերի շղարշը փիրուզ...» (բանաստեղծություն)։ «Գարուն», 1967, № 3, էջ 54։
  • Բելլա Ախմադուլինա, Բանաստեղծություններ, Ե., Հայաստան, 1968, 64 էջ։ Բովանդակություն՝ «Թանկ ժամանակդ...»; Թախանձանք; Մոմ; Ձմեռ; Լուսնոտներ; Փոքրիկ ինքնաթիռներ; Հրաժեշտ; Ուրիշ է; Բնանկար; Կեմերովո; Մթնշաղ; Աշուն; Երազ; Շոպենի մազուրկան; Մարտ; Համրություն; Գիշեր; «Վրաստանը երազում...»; Սարսուռ։
  • Միրոսլավ Վալեկ, Հեռավոր հանդիպում, 1979։
  • Թուդոր Արզեզի, Խորհրդավոր սաղմոս, 1987։
  • Սլավկա Մանևա, Ջիջա, 2008։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  2. Կենսագրական (2001). Մետաքսե։ Ժամանակակից հայ գրողները. Միհր.
  3. Մինասյան, Սիլվա (2003). Մետաքսեի աշխարհը և լեզուն։ Մենագր. Հայաստան. ISBN 9785540019118.
  4. Հակոբյան, Արմինե; Մկրտչյան, Սոկրատ; Հովակիմյան, Լուսիկ, eds. (2006). Մետաքսե: Ճակատագրական կին։ Հոդվածներ, նամակներ, կարծիքներ, բանաստեղծություններ, փաստեր։ Կենսամատենագիտություն. Translated by Տեր-Հովհաննեսյան, Դայանա. Երևան: Զանգակ-97. ISBN 9789994111428.
  5. 5,0 5,1 Love Poems by Women. An anthology of poetry from around the world and through the ages. Edited by Wendy Mulford. Ballantine Books. 1990. ISBN 0-449-90538-1.
  6. «Մետաքսե « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  7. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետաքսե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետաքսե» հոդվածին։