Արթիկ

քաղաք Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթիկ (այլ կիրառումներ)

Արթիկ, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։

Քաղաք
Արթիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հիմնադրված է1939 թ.
Մակերես7 կմ²
ԲԾՄ1859±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն19 543 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3001–3007
Պաշտոնական կայքartik.am
Արթիկ (Հայաստան)##
Արթիկ (Հայաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 20 կմ դեպի հարավ-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 105 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Արթիկ քաղաքի տարածքն ու շրջակայքը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով։ 2004 թվականի դրությամբ պետության կողմից պաշպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվել է Արթիկի թվով 40 անուն հուշարձան, որոնք ստացել են հանրապետական և տեղական նշանակության կարգավիճակ[2]։

Արթիկի եկեղեցիներ խմբագրել

Քաղաքի կենտրոնական մասում, իրար մոտ կանգուն վիճակում պահպանվել են երկու նշանավոր հուշարձաններ։ Դրանցից ամենահինը Փոքր եկեղեցին է։

Փոքր եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն նրա ճարտարապետական ձևերը հուշում են, որ պատկանում է վաղ կառուցվածքների թվին։ Տեկորի տաճարի և Ողջաբերդի եկեղեցու հետ միասին կարող է համարվել առաջին գմբեթավոր եկեղեցիներից մեկը։ Եկեղեցու ուղղանկյուն դահլիճը գոտկող կամարը, երկու կամարները ստեղծում են գմբեթատակ քառակուսին, որից անցումը դեպի ութանիստ թմբուկը իրականացվել է տրոմպների միջոցով։ Դահլիճի արևելյան մասում տեղադրված ավագ խորանի երկու կողմերում կան մեկական, փոքր ավանդատներ։ Դրանք արևելյան մասում ունեն կիսակլոր աբսիդներ։ Այդպիսով, ստացվում է խաչաձև հատակագծով եռաբսիդ կառուցվածք։ Ավագ խորանի նշանակությունը շեշտված է նաև հատակագծում, ուր արևելյան պատի միջին մասը դուրս է բերված արևելյան ճակատի ընդհանուր հարթությունից:Եկեղեցին ունի երկու մուտք` արևմտյան և հյուսիսային կողմերից։ Ճակատները լուծված են զուսպ։ Պատերը խարիզված են։ Հատկապես վատ վիճակում են հարավային և արևելյան ճակատները։ Այստեղ նշմարվում են մանր քարերով, ժամանակավոր վերանորոգման հետքեր[3]։

Արթիկի կենտրոնական մասում, փոքր եկեղեցուց հարավ-արևմուտք, գտնվում է Ս. Գևորգ եկեղեցին։ Իր հատակագծային հորինվածքով նման է Մաստարայի, Ոսկեպարի, Հառիճի եկեղեցիներին, սակայն իր բացարձակ չափերով զգալի գերազանցում է նշվածներին։ Խաչաձև հատակագիծը պարզ է, սակայն խաչթևերից արևելյանը դուրս չի դրված, այլ տեղադրվել է արևելյան ճակատի հարության մեջ։ Արևելյան երկու ավանդատները, որոնք նույնպես ունեն աբսիդներ, ներգծված են ուղղանկյան մեջ։ Խաչաձև հատակագիծը շեշտվում է աբսիդների հիմնական ուղղանկյունուց դուրս դրված դասավորությամբ։ Արևմտյան և հարավային աբսիդները ներսից կիսակլոր են, դրսից` բազմանիստ։ Նիստերի անկյուններոմ բարձրանում են զույգ սյուներ, որոնց վրա հենվող կամարաղեղների վրա քանդակված են բուսական ծագում ունեցող զարդաքանդակներ։ Հյուսիսային աբսիդը ներսից և դրսից կլոր է` առանց դիկորի։ Ենթադրաբար այն հնում կատարված վերանորոգման արդյունք է։ Արևելյան ճակատի երկու եռանկյունաձև խորշերն ունեն ճոխ մշակված պսակներ։ Լուսամուտներն ունեն լայն բացվածքներ և հարուստ մշակված պսակներ, որոնց զարդամոտիվները հիմնականում բուսական են։ Եկեղեցին ունեցել է երկու մուտք` հարավից և արևմուտքից։ Ճակատների վրա պահպանված պսակող քիվը բավական բարձր է և ունի ելուստ, որի վրա փորագրված են զամբյուղաձև հյուսկեն քանդակներ։ Այդ քանդակները կրում են Զվարթնոցի անմիջական ազդեցությունը, որն օգնում է հուշարձանի կառուցման ստույգ ժամանակը որոշելուն, այն կառուցվել է Զվարթնոցից անմիջապես հետո, VII դարի երկրորդ կեսին։ Հուշարձանը ենթարկվել է վերակառուցումների, ճակատների վերին մասերում, պաշտպանական նկատառումներով շարվել են պատեր, որոնց մի մասը սրբատաշ, մյուս մասը` ճեղքված քարերով։ Քանդված ծածկը փոխարինվել է փայտաշեն,հողով ծածկված տանիքով։

 
Լմբատավանք վանական համալիր 01

Արթիկ քաղաքից հարավ-արևելք գտնվում է Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին։ Հուշարձանը կառուցվել է VII դարում։ Եկեղեցին հայտնի է տարբեր անվանումներով` Լմբատավանք, Լմպատի վանք, Կարմիր վանք, Հրաշագործ վանք։ Նախ իր ճարտարապետական ձևերով, ապա նաև ներսի պատերին պահպանված որմնանկարներով, ուրույն տեղ է գրավում իր դարաշրջանի հայ ճարտարապետության և արվեստի պատմության մեջ:Լմբատավանքը կենտրոնագմբեթ խաչաձև հատակագծով փոքր հուշարձաններից է, որի ներսից արևելյան խաչաթևը կիսակլոր է,մյուսները` ուղղանկյուն են:Հարավային և հյուսիսային խաչաթևերի անկյուններում տեղադրված տրոմպները հիմք են հանդիսանում խաչաթևերը ծածկող գմբեթարդների համար։ Վերջինս եզակի դեպք է հայ պատմական ճարտարապետության համար և կազմում է հուշարձանի առավել նշանավոր առանձնահատկությունը:Կտուրի լանջերը և վեղարը հնում ծածկված են եղել կղմինդրով:1955-56 թվականներին Լմբատավանքը ենթարկվել է վերանորոգման:Լմբատավանքը հարուստ է գեղեցիկ որմնանկարներով, որոնք զբաղեցնում են ավագ խորանի գմբեթարդը և դրան հարող արևելյան և արևմտյան պատերը։ Գմբեթարդում երևում է հրե լեզուների խորքի վրա պատկերված Քրիստոսի մարգարտազարդ գահը, որը դրված է ծիածանակամարի վրա։ Վերջինս եզերված է կանաչ, սպիտակ, կարմիր երիզներով, և մի մեծ լուսապսակի պես առանձնացնում է գահակալ Քրիստոսի պատկերը, որի միայն ստորին մասն է պահպանվել։ Ծիածանակամարից դուրս, կենտրոնական պատկերի աջ և ձախ կողմերում նկարված են երկու քառակերպ (տետրամորֆ)՝ մարդու, եզան, առյուծի և արծվի գլխով, երկու սերովբե և երկու զույգ անիվներ։ Հատկապես լավ են պահպանված քառակերպերը, որոնց չորս ճերմակ թևերը ծածկված են բաց աչքերով։ Ավագ խորանի կողային պատերին պատկերված են դեպի կենտրոն շարժվող երկու հեծյալներ՝ Ս. Սարգիսը և Ս. Գևորգը։ Նրանք ձեռքերին ունեն խաչափայտ, բայց ձիերի սմբակների տակ չկան չար ուժեր մարմնավորող պատկերներ։ Լմբատավանքի որմնանկարներն ստեղծված են գլխավորապես Հին Կտակարանի բնագրերի գրական հիմքի վրա[4]։

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1829-1830 թվականներին ներգաղթել են Կարսից և Կարինից։

Արթիկի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի 1831 1873 1897 2001 2004 2015
Բնակիչ 647 2359 2950 17561 17500 18900
Աղբյուրներ. Ազգ. վիճ. ծառայություն, Հայաստանի համայնքների միություն Արխիվացված 2011-08-20 Wayback Machine

Տնտեսություն խմբագրել

Հարուստ է հրաբխային ծագում ունեցող շինանյութերով (տուֆ, պեմզա, բազալտ, խարամ), այդ իսկ նպատակով քաղաքում գործում են «Արթիկտուֆ» կոմբինատը, որը հիմնադրվել է 1927 թվականին և արդյունաբերական այլ ձեռնարկություններ։ Տնտեսության կարևոր ճյուղերից է նաև գյուղատնտեսությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://armstat.am/file/doc/99485583.pdf
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 9 սեպտեմբերի 2004 թվականի N 1270-Ն, ստորագրված 14.09.2004 թվականին (թվային տարբերակ
  3. Թամանյան Յուրի Ալեքսանդր, Արթիկ, խմբագիրներ` Վ. Մ. Հարությունյան, Է. Դ. Շահնազարյան, Ե. 1984թ.,
  4. »Լիանա Ավետիսյան,Լմբատավանք(Լմպատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցի),Աստվածաբանոթյան ֆակուլտետ, տարեգիրք 2017, էջ 217
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 50