Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան

արգելոց-թանգարան Հայաստանում

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ Գտնվում է Երևան քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին։

Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
Երկիր Հայաստան
ՎայրՏարոնիկ
Պատկանում է«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
Հիմնադրվել է1968
ՏնօրենԱրտավազդ Զաքյան

Պատմություն

խմբագրել

Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. IV-II դդ․) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր։ Բավականին լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը՝ հնոցներն ու հալոցը, որոնք կառուցվել են ժայռերի մեջ։ Գիտնականները պարզել են, որ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի, որը զբաղեցրել է 10․5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և զիկուրատ՝ «աստղադիտարան»։

Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ․) Մեծամորը քաղաք էր։ Այն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից էր և հանդիսանում էր կարևոր վարչաքաղաքական ու մշակութային կենտրոններից մեկը։ Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակավայրերը զբաղեցնում էին շուրջ 100 հա տարածք։ Ամրոցում են կենտրոնացվել պալատական շինությունները, արտադրական համալիրները և տաճարական համալիրը՝ յոթ սրբատեղիներով։ Միջնաբերդից 0․5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր սուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ։ Այստեղ են թաղվել ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև շատ նժույգներ, շներ, մանր և խոշոր եղջերավոր անասուններ և նույնիսկ ստրուկներ և ծառաներ։ Դամբարաններում թաղված առարկաններից ուշագրավ են հատկապես քանդականախշ փայտե զարդատուփերը, կիսաթանկարժեք քարերից, ոսկուց, արծաթից պատրաստված պերճանքի առարկաները և ջնարակված կավամանները։

Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դար), մեկ այլ բաբելոնյան տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեսքով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դար)։ Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Հյուսիսային Կովկասը և Առաջավոր Ասիան։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց -թանգարանը բացվել է 1968 թվականին։ Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։

Տես նաև՝ Մեծամոր (հնագույն բնակատեղի)

Ժառանգություն

խմբագրել

Թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000 -ից ավելի առարկաներ։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել