Մասնակից:Yura Avetisyan/Ավազարկղ

Կեղծափուչիկ մատնաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Կեղծափուչիկ մատնաձև
Լատիներեն անվանում
Pseudovesicaria digitata


Կեղծափուչիկ մատնաձև (լատին․՝ Pseudovesicaria digitata), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում:

Նկարագրություն խմբագրել

Երկամյա թխակապույտ մերկ բույս է, որի բարձրությունը 5-10 (20) սմ է: Տերևները մսալի են և վերին մասում ունեն 3-5 կլորացած բլթակ: Ծաղկաբույլը խիտ ողկույզ է։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը՝ սպիտակ ու ամբողջական: Պտուղը փքված, էլիպսաձև կամ հակաձվաձև պատիճակ է, որը ունի 7-10 (15-25) մմ երկարություն, պտղի բները 2-4 (6) սերմերով են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է Արագածի ֆլորիստիկական շրջանում (խառնարանում՝ հյուսիսային լեռնագագաթի ստորոտին և հյուսիսային ու արևմտյան լեռնագագաթների միջև գտնվող լեռնաթմբի վրա): Աճում է Կովկասում՝ ընդգրկելով Մեծ Կովկասը և Հարավային Անդրկովկասը[1]:

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 3600-3900 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներում և քարափլուզումներում: Ծաղկում է հուլիս ամսին, պտղակալում՝ օգոստոսին[1]:

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Կովկասի էնդեմիկ է: Հայտնի է միայն Արագած լեռնազանգվածից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակին, կապված հազվագյուտության և կլիմայի գլոբալ փոփոխության հետ, սպառնում է անհետացում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ: CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.