ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔ: Լեռնալիբանանի գեղատեսիլ բարձունքի վրա է գտնվում Զմմառի սուրբ Տիրամոր վանքը: Այն գտնվում է Բեյրութից հյուսիս-արևմուտք 30 կմ հեռավորության վրա՝ Լիբանան լեռան վրա, ծովի մակերևույթից 950 մետր բարձր: Քեսրվանի լանջին՝ Լիբանանի սուրբ լեռան վրա, երեք հայկական վանքերը եռանկյուն են կազմում. եռանկյունի գագաթին Զմմառի վանաստանը, իսկ երկու ծայրերին Քրեյմի և Բեյթ Խաշպոյի հայկական մենաստաններն են: Հայոց երեք վանքերը՝ Քրեյմ, Զմմառ, Բեյթ Խաշպո, մեկական կենտրոններ են, որոնցից միայն բարիք է ճառագում շրջակայքի բնակիչների վրա՝ մեծապես բարձրացնելով հայի վարկն ու համբավը հային անտեղյակ այս վայրերում: Վանքն ունի եկեղեցի, ժառանգավորաց վարժարան, վեհարան, աշտարակ, մատուռ, թանգարան, գրադարան, սրահ: Հայ կաթոլիկ պատրիարքության կենտրոնն է: Պահվում է Բեյրութում, Ճյունիում, Հալեպում և Եգիպտոսում ունեցած կալվածների եկամուտներով: Զմմառի հայոց վանք հասնելու համար պետք է բարձրանալ ոլորապտույտ ու լեռնիվեր մագլցող ճանապարհով, որ անցնում է «Լիբանանի կույսի»` Հարիսայի Աստվածամոր բարձրադիր արձանի կողքով: Զմմառյան կամ, ինչպես հիմնադրի անունով հաճախ կոչվում է, Արծիվյան միաբանության պատմությունը երկու հարյուր վաթսունից ավելի տարիների պատմություն ունի: 18-րդ դարի կեսերին պոլսահայ կյանքում սաստկացած կրոնադավանաբանական վեճերն աստիճանաբար վերաճում են եղբայրատեաց հալածանքների ու եղբայրասպան կռիվների: Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդներից Աբրահամ արքեպիսկոպոս Արծիվյանը, տեսնելով, որ խաղաղ լուծման փորձերը արդյունք չեն տալիս, հանգում է առանձին կաթողիկոսով անկախ նվիրապետություն ունենալու գաղափարին: 1741 թ. կաթողիկե հոգևորականներն ու ավագանին հավաքվում են Հալեպում և տեղի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Արծիվյանին ընտրում կաթողիկե հայերի կաթողիկոս-պատրիարք: Կ. Պոլսում հաստատվելու փոխարեն, երկար դեգերումներից հետո 1742-ին Հռոմում Բենեդիկտոս ԺԴ. պապից հաստատություն ստանալով, ի վերջո խարիսխ է նետում Լիբանանում, ուր լեռնային Քրեյմ գյուղում կառուցում է վանք՝ հիմք դնելով միաբանության, ապա մի քանի տարի անց, որպես առանձնացյալ ու խաղաղ վայր, նախապատվությունը տալիս է Զմմառի բարձունքին, իսկ 1749-ին, իր մահից քիչ առաջ Քրեյմից ոչ հեռու՝ Քեսրվանի լեռների վրա ձեռնարկում է նոր վանքի՝ ներկայիս Զմմառի վանքի շինությունը: Զմմառի հայկական վանքը այցելողը նախ այցելում է պատրիարքական աթոռ: Զմմառի վանքում հանգչում են վեց հոգելույս կաթողիկոսններ՝ Միքայել Պետրոս Գ, Բարսեղ Պետրոս Դ, Գրիգոր Պետրոս Ե, Գրիգոր Պետրոս Զ, Հակոբ Պետրոս Է, Գրիգոր Պետրոս Ը: Այնտեղ պատրիարքական օծում են ստացել հինգ հայրապետեր: Այս աթոռը տվել է ութ պատրիարք, 50 եպիսկոպոս և շուրջ 500 միաբան վարդապետ: Զմմառի վանք այցելողը այնուհետև այցելում է ուխտավայր, հոգու ակութ, աղոթքի, սրբազան սաղմոսերգության, հայ շարականների պահպանման կենտրոն, ուր ներանձնական կյանքով պատրաստվում են ապագա առաքյալները ստաձնելու համար իրենց պարտականությունները ի սփյուռ հայ աշխարհի: Զմմառի վանքը իր վրա է վերցրել նաև հայ մշակութային արժեքների հավաքման և պահպանման կարևոր առաքելությունը: Զմմառի վանաստանը ներկա վիճակին միանգամից չի հասել, այլ աճել է հետզհետե՝ մանանեխի հատիկի պես: Դեռևս հիմնադրության առաջին տարիներից միաբան վարդապետները մեղվի ջանասիրությամբ լծվում են մշակութային արժեքների հավաքման ու պահպանման աշխատանքին, որ հետզհետե ծավալ է ստանում ի վերջո վերածվելու համար այն հրաշալի գանձատուն-թանգարանին, որպիսին այսօր ունի Զմմառի վանքը: Վանքի քարակոփ նեղ ու երկար, մեծ ու փոքր սրահներում հայի ստեղծագործ միտքն ու արարումն է թևածում. հայ տպագիր գրքի առաջին օրինակներից մինչև հայկական արվեստի ու ձեռարվեստի սքանչելիքներ, եկեղեցական սպասքի ու ծիսական առարկաների, հայկական դրամների, հնագիտական նյութերի հազվագյուտ հավաքածուներ: Զմմառի վանքը հայ հոգևոր-մշակութային կյանքում բացառիկ տեղ է գրավում իբրև հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածու ունեցող կենտրոններից մեկը: Այդ հանգամանքով Զմմառի վանքը իր մնայուն տեղն է ապահովել Հայաստանից դուրս գտնվող մեր մյուս նշանավոր կենտրոնների՝ Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքերի շարքում: Զմմառի վանքը տեր է ավելի քան 2000 ձեռագրերի: Հավաքածուն հարուստ է հայ միջնադարյան գրական-ձեռագրական մշակույթը ներկայացնող արժեքավոր ձեռագրերով, այդ թվում գիտական և ուսումնական տարբեր ասպարեզների վերաբերող եզակի միավորներով: Մեծ արժեք ունեն եկեղեցական հայրերի դավանաբանական խնդիրների վերաբերյալ երկասիրություններն ու մեկնողական գրականության հնագույն և լավագույն օրինակները: Բազմաբնույթ ու բազմակողմանի է միաբանության գործունեության ծիրը, որը չի սահմանափակվում սոսկ հովվական առաքելությամբ: Հին հայկական վանքերի նման Զմմառի վանքը հոգևոր-կրոնական, մշակութային և կրթական իր ճառագայթներն է տարածում բոլոր ուղղություններով՝ հասնելու համար անգամ ամենահեռավոր հայ գաղութներին: Անգնահատելի է հատկապես միաբանության կրթա-ուսումնական գործունեությունը, իր Ժառանգավորաց վարժարանով և Ընծայարանով, որոնք ավելի քան 250 տարվա պատմություն ունեն, և որոնց ցանած սերմերը շարունակում են արգասավորել աշխարհով մեկ սփռված հայ կաթոլիկ համայնքների հոգևոր-եկեղեցական կյանքը: Զմմառի վանքի ներքին գանձերից է Ձեռագրատունը, Մատենադարանը, Թանգարանը: Այստեղ կան շուրջ 2000 ձեռագրեր, որոնցից 200 օտար լեզուներով՝ արաբերեն, ասորերեն, պարսկերեն և այլն: Միջին Արևելքի հայկական մեծագույն գրադարաններից մեկն է, ունի շուրջ 30000 հատոր գիրք, որոնցից մեծ մասը հայերեն գրքեր են՝ հայկական առաջին տպագիր օրինակներից մինչև Հայաստանի նորագույն հրատարակությունները: Հայալեզու գրքերից բացի այստեղ կան բազմաթիվ օտար լեզուներով շատ հին և արժեքավոր հրատարակություններ, որոնցից մի քանիսը հազվագյուտ են: Մատենադարանն ամեն տարի համալրվում է նորանոր հրատարակություններով: Ձեռագիր ու տպագիր գրքերից բացի Զմմառի վանքն ունի նաև զույգ դիվաններ: Մայրավանքի դիվանատան պարունակյալ շուրջ 600 տուփերում պահպանվում են գրեթե երկուսուկեսդարյա միջինարևելյան պատմությանը վերաբերող փաստաթղթեր, ազգային-եկեղեցական պատմությանն առնչվող վավերաթղթեր, օրագրություններ, միաբանների կենսագրություններ, կալվածաթղթեր, կոնդակներ, պետական պաշտոնագրեր, նամակներ և բազմաթիվ այլ մեծարժեք թղթածրարներ: Պակաս արժեքավոր չէ նաև թանգարանային իրերը: Թանգարանը բաղկացած է երկու գլխավոր բաժիններց՝ հնագիտական-դրամագիտական և եկեղեցական: Առաջին բաժինը դասավորված է հայոց պատմության հետ աղերս ունեցող առարկաների ցուցադրությամբ: Ասորական, բաբելոնական առարկաներ, գլաններ, կնիքներ, հայոց դիցաբանությանը վերաբերող առարկաներ, ուրարտական, հունահռոմեական, Հայաստանի և հայկական միջին դարերի առարկաներ, նորագույն շրջանների հայկական արծաթագործ կամ հախճապակյա առարկաներ: Դրամագիտական բաժինը ցուցադրում է փյունիկյան, աքեմենյանից մինչ բյուզանդական շրջանի օտար դրամներ, կիլիկյան շրջանի հայկական դրամներ, արաբական, սելջուկյան, խաչակիրների դրամներ: Եկեղացական սպասների բաժինը ունի հին ու թանկագին պահպանակներ, վարդապետական զանազան գավազաններ՝ մետաղյա, սադաֆյա, փղոսկրյա լանջախաչեր, ասեղնագործ շուրջառներ՝ մետաքսից, սնդուսից, թավշից թելերով ասեղնագործած, մանրանկարչական նրբությամբ մարգարտաշար թագեր ու զարդեր, եվրոպական ու հայկական սկիհներ, սարկավագի շապիկներ, արծաթյա կամ մետաղյա սաղավարտներ, բուրվառ, ծնծղա, նկարազարդ կոնդակներ, մասնատուփեր, սուլթանական և այլ շքանշաններ ու մեդալներ, յուղանկարների հավաքածու և սրբանկարների նմուշներ: Զմմառը ամբողջական թանգարան է՝ լիբանանյան և հայկական ճարտարապետության փոքրիկ մի գոհար, որը դարերն անգամ չեն կարողացել աղավաղել: Այն երկու ազգերի բարեկամության կենտրոն է, որը, դառնալով լիբանանյան հայրենիքի մի մասնիկը, մնացել է հայկական: Պատկեր:https://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/fa/%D4%B6%D5%B4%D5%B4%D5%A1%D5%BC1.JPG, https://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/ff/%D4%B6%D5%B4%D5%B4%D5%A1%D5%BC2.JPG, https://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/6c/%D4%B6%D5%B4%D5%B4%D5%A1%D5%BC3.JPG