Ծննդաբերական ցավի կառավարում, ցավի բուժումը կամ կանխարգելումն է ծննդաբերական գործունեության ժամանակ: Ծննդկանի զգացած ցավի չափը մասամբ կախված է երեխայի չափից և դիրքից, կնոջ կոնքի չափից, հույզերից և արգանդի կծկումների ուժգնությունից[1]: Լարվածությունը մեծացնում է ցավը ծննդաբերության ժամանակ[2]: Գործնականում բոլոր կանայք անհանգստանում են, թե ինչպես են հաղթահարելու ծննդաբերական ցավը: Ցավազգացողությունը շատ անհատական է և ծննդաբերության ժամանակ զգացվող ցավի չափը ճշգրիտ կանխատեսել հնարավոր չէ[1]:

Որոշ կանայք բավարարվում են միայն ցավազրկման «բնական մեթոդներով»: Շատ կանայք համակցում են «բնական մեթոդները» դեղամիջոցների և բժշկական միջամտությունների հետ: Ծննդաբերության նկատմամբ դրական վերաբերմունք ստեղծելը և վախը կառավարելը նույնպես կարող է օգնել հաղթահարել ցավը:

Ծննդաբերության ցավը նման չէ հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ցավին: Այն առաջանում է արգանդի կծկումներից, որոնք երեխային ծննդաբերական ուղիներով դուրս են մղում: Այսինքն՝ ծննդաբերության ցավը պայմանավորված է մի գործընթացով, որն ունի նպատակ[1]։

Պատմություն խմբագրել

Մինչև 20-րդ դարը ծննդաբերությունը հիմնականում տեղի էր ունենում տանը, առանց ցավը կառավարելու համար բժշկական միջամտությունների հասանելիության[3]: Ծննդաբերությունը կանանց մահացության հիմնական պատճառն էր, և շատերը վախենում էին այդ գործընթացից՝ ցավը կառավարելու մեծ պահանջարկ ստեղծելով: Բայց չնայած կին հիվանդների պահանջներին, մինչև 19-րդ դարի կեսերը քիչ օգնություն էր առաջարկվում: Դեղորայքային անզգայացումը ծննդաբերության ժամանակ առաջին անգամ ներդրվել է 1847 թվականին՝ ստանալով աջակցություն կանանց և դժգոհություն բժիշկների կողմից[4]: Որոշ բժիշկներ և կրոնական հեղինակություններ պնդում էին, որ ծննդաբերության ժամանակ ցավազրկումը հակասում է ծննդաբերությունը ցավոտ դարձնելու Աստծո ընտրությանը: Անզգայացման դեմ կողմնորոշումը, սակայն, հիմնականում հիմնված էր առողջության վրա նրա հետևանքների և ծննդաբերության վրա ֆիզիկական ազդեցության մտահոգությունների վրա[5][6]: Ցավազրկումը տարածում ստացավ 1853 թվականին, երբ թագուհի Վիկտորյան որոշեց կիրառել քլորոֆորմ իր 8րդ երեխայի ծննդաբերության ցավազրկման համար[4][7]: Միջամտությունը հայտնի դարձավ կանանց որպես "chloroform à la reine"[5]:

20-րդ դարի սկզբին Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի բժիշկներ Կարլ Գաուսը և Բերնհարդ Քրոնիգը ցավազրկելու համար ստեղծում էին դեղորայք-ինդուկցված վիճակ, հայտնի որպես «մթնշաղի քուն»: Միջամտությունը, հատկապես այն դեպքում, երբ անցկացվում էր ոչ փորձառու բժիշկների կողմից, ուներ մի շարք ռիսկեր և կողմնակի ազդեցություններ։ Դրա վերելքն ու անկումը համընկել են ինչպես առաջին ալիքի ֆեմինիզմի, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հակագերմանական տրամադրությունների հետ: 1956 թվականին Պիոս XII պապը հավանություն է տվել առանց ցավի ծննդաբերությանը[7]: 1960-ականներին սկսեց տարածում ստանալ էպիդուրալ անզգայացումը:

Նախապատրաստում խմբագրել

Ծննդաբերության նախապատրաստումը կարող է ազդել ծննդաբերական ցավի քանակի վրա: Հղին կարող է մասնակցել ծննդաբերության մասին դասընթացներին, խորհրդակցել մասնագետների հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ցավը կառավարելու մասին: Ընկերների և ընտանիքի հետ շփումը կարող է մեղմացնել մտահոգությունները[1]:

Ոչ դեղորայքային միջոցներ խմբագրել

Հղիների համար թուլանալու և ցավն առավել կառավարելի դարձնելու համար շատ մեթոդներ կան: Որոշ տվյալներ ցույց են տվել, որ ջրում ընկղմվելը, ռելաքսացիայի մեթոդները, ակուպունկտուրան մեղմացրել են ծննդաբերական ցավը[8]: Ստորև բերված են մի շարք մոտեցումներ:

  • Շնչառական վարժություններ, ռելաքսացնող տեխնիկաներ[1][8]

Կարող են օգտակար լինել հեշտոցային օժանդակ ծննդաբերության վտանգը նվազեցնելու համար[8]:

  • Տաք ցնցուղ կամ լոգանք[1]
  • Մերսում[1][9]

Մերսման բազմաթիվ տեսակներ կարող են օգտագործվել ծննդաբերության տարբեր փուլերում: Մերսման որոշ տեխնիկաներ կարող են օգնել օքսիտոցինի արտազատմանը, որը խթանում է կծկումները և հեշտացնում արգանդի վզիկի լայնացումը[10]:

  • Տաք կոմպրեսներ մեջքի ստորին մասում կամ սառը թրջոցներ ճակատին:

Տաք կոմպրեսների կիրառումը, հատկապես մեջքի ստորին հատվածում կարող է օգնել նվազեցնել ցավը ծննդաբերության առաջին փուլում մինչ արգանդի վզիկը լայնանում է և նույնիսկ կարող է օգնել նվազեցնել ծննդաբերության տևողությունը, սակայն դա հաստատող ապացույցները սահմանափակ են[10]:

  • Ծննդաբերության ընթացքում դիրքերի փոփոխություն (կանգնել, կռանալ, նստել, քայլել և այլն)[1]
  • Ծննդաբեր գնդակի օգտագործում[1]:

Ծննդաբերության ժամանակ գնդակ առաջին անգամ օգտագործվել է 1980-ականներին: Այն լավագույնս կիրառվում է ծննդաբերության առաջին փուլում։ Այն կարող է մեղմացնել ցավը շեքի վրա ազդելով և արգանդի վզիկի լայնացման ժամանակ այդ հատվածը մեղմ խթանելով: Այն կարող է նաև օգնել պտղի անցմանը տարբեր դիրքային վարժությունների և գրավիտացիայի միջոցով[11]:

  • Երաժշտություն լսել[1]

Քիչ փաստերի հիման վրա երաժշտությունը կարելի է դիտարկել որպես ցավը նվազեցնելու արդյունավետ մեթոդ: Այն կարող է շեղել ուշադրությունը և նպաստել ծննդաբերության դրական փորձառության ստեղծմանը, ինչը կարող է ի վերջո նվազեցնել հետծննդյան բացասական հետևանքների հավանականությունը[10]:

  • Ասեղնաբուժություն[8]

Ասեղնաբուժության օգտագործումը կարող է քչացնել օժանդակ հեշտոցային ծնունդների և կեսարյան հատումների անհրաժեշտությունը[8]:

  • Սիրելիի, հիվանդանոցի անձնակազմի կամ դուլայի (օգնական) աջակցություն[1]

Ստեղծում են հարմարավետության զգացում, նվազեցնում դեղորայքային ցավազրկման անհրաժեշտությունը և կեսարյան հատումների համեմատ մեծացնում հեշտոցային ծննդաբերությունների հաճախականությունը[12]:

Ջուր և ծննդաբերություն խմբագրել

Կանանց առողջության ամերիկյան գրասենյակի տվյալներով տաք ջրում ծննդաբերելը, որը նաև կոչվում է հիդրոթերապիա, օգնում է կանանց ֆիզիկապես լավ, հանգիստ և թուլացած զգալ: Կնոջ համար կարող է ավելի հեշտ լինել նաև շարժվել և հարմարավետ դիրք գտնել ջրում[1]: Ծննդաբերության առաջին փուլի ընթացքում ջրի մեջ ընկղմումը կարող է օգնել նվազեցնել ցավազրկման անհրաժեշտությունը և, հնարավոր է, կրճատել ծննդաբերության տևողությունը: Ծննդաբերության երկրորդ և երրորդ փուլերում արդյունավետության մասին տվյալները սահմանափակ են[13][14]: Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան մտահոգություն է հայտնել ջրում ծննդաբերության վերաբերյալ՝ դրա անվտանգությունը ցույց տվող բավարար ուսումնասիրությունների բացակայության և բարդությունների հազվադեպ, բայց հաղորդված հավանականության պատճառով[1]:

Ցավի կառավարման դեղորայքային միջոցներ խմբագրել

Օփիոիդներ խմբագրել

Դրանք կարող են ներարկվել միջմկանային կամ ներերակային ճանապարհով: Այս դեղամիջոցները կարող են առաջացնել անցանկալի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են քնկոտությունը, քորը, սրտխառնոցը կամ փսխումը[15]: Թեև ծննդկանի մոտ դրանք կարճատև են գործում, նորածնին ավելի երկար ժամանակ է պետք այս դեղամիջոցները օրգանիզմից հեռացնելու համար: Օփիոիդները կարող են անցնել ընկերքով և կարող են բացասական ազդեցություն ունենալ պտղի սրտի աշխատանքի, շնչառության և ուղեղի աշխատանքի վրա: Այդ պատճառով օփիոիդները չեն տրվում ծննդաբերությանը մոտ ժամանակում[16]: Այնուամենայնիվ, դրանք կարող են օգտակար լինել ծննդաբերության վաղ շրջանում, չեն խաթարում մոր շարժվելու, ուժ գործադրելու կարողությունը: Ծննդաբերության ընթացքում օփիոիդների կիրառման մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ռիսկերն ու օգուտները[17]:

Էպիդուրալ անզգայացում խմբագրել

Էպիդուրալ անզգայացումը միջամտություն է, որը ներառում է խողովակի (կատետերի) տեղադրում մեջքի ստորին հատվածում՝ ողնուղեղի տակ գտնվող փոքր տարածության մեջ: Դեղորայքի փոքր չափաբաժինները կարող են տրվել ծննդաբերության ընթացքում, ըստ անհրաժեշտության: Ցավազրկումը սկսվում է դեղը ստանալուց 10-20 րոպե անց: Կինը լինում է արթուն, իսկ մարմնի ստորին կեսի թմրածության աստիճանը կարող է կառավարվել: Այս անզգայացումը կարող է իջեցնել արյան ճնշումը, ինչը կարող է դանդաղեցնել երեխայի սրտի բաբախյունը: Այս ռիսկը նվազեցնելու համար տրվում են ներերակային հեղուկներ: Բացի այդ կարող են երկարել ծննդաբերության առաջին և երկրորդ փուլերը: Եթե ​​արվում է ծննդաբերության ուշ շրջանում կամ շատ դեղորայք է օգտագործվում, կարող է պտղի արտամղման ժամանակ ուժերի թուլություն առաջանալ: Էպիդուրալը մեծացնում է օժանդակ հեշտոցային ծննդաբերության ռիսկը[1]:

Ինհալյացիոն անզգայացում խմբագրել

Ազոտի օքսիդ ներշնչելը դեղորայքային ցավազրկման ձևերից մեկն է: Սովորաբար կիրառվում է ազոտի օքսիդի 50/50 խառնուրդ օդի հետ: Ազոտի օքսիդը օգտագործվել է այս նպատակով 1800-ականների վերջից: Ինհալացիոն ցավազրկման կիրառումը սովորաբար օգտագործվում է Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Սինգապուրում և Նոր Զելանդիայում, իսկ ԱՄՆ-ում վայելում է մեծ ժողովրդականություն[18]:

Թեև ցավը վերահսկելու այս մեթոդն այնքան արդյունավետ չէ, որքան էպիդուրալը, այն շատ առավելություններ ունի: Ազոտի օքսիդը մատչելի է և կարող է անվտանգ օգտագործվել ծննդաբերության ցանկացած փուլում: Այն օգտակար է այն կանանց համար, ովքեր ցանկանում են մեղմ ցավազրկում՝ պահպանելով շարժունակությունը և ունի մոնիտորինգի ավելի քիչ կարիք, քան էպիդուրալ անզգայացումը: Այն կարող է կիրառվել դեղորայքային մեթոդների հետ միասին: Նաև ինքնուրույն կառավարելի է, այնպես որ ծննդկանը լիովին վերահսկում է, թե որքան գազ է նա ցանկացած պահի ցանկանում ներշնչել:

Ազոտի օքսիդն ունի սահմանափակ կողմնակի երևույթներ: Որոշ կանայք կարող են ունենալ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում կամ քնկոտություն, սակայն, քանի որ դեղաչափը որոշվում է հղիի կողմից, նա կարող է սահմանափակել կիրառումը ախտանիշներ առաջանալու դեպքում: Գազը արագ է գործում, բայց նաև կարճատև, ուստի պետք է դիմակը պահել դեմքին մոտ: Պտղի վրա ազդեցությունը շատ քիչ է, քանի որ այն արագորեն հեռանում է օրգանիզմից, հենց որ նա սկսում է շնչել[19]:

Ցավի կառավարումը ծննդաբերությունից հետո խմբագրել

Ծննդաբերությունից հետո շեքի ցավն ունի անմիջական և երկարաժամկետ բացասական ազդեցություն ծննդաբերի և նորածնի վրա: Կարող է խանգարվել կրծքով կերակրումը, երեխայի խնամքը[20]: Կանայք հաճախ նշում են ցավ ներարկման հատվածներում և էպիզիոտոմիայից հետո: Ցավը կարող է առաջանալ հնարավոր պատռվածքներից, կտրվածքներից և արգանդի կծկումներից, պտուկների շրջանում: Սովորաբար նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «Pregnancy Labor and Birth». Office on Women's Health, U.S. Department of Health and Human Services. 1 February 2017. Վերցված է 15 July 2017-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  2. Smith CA, Levett KM, Collins CT, Jones L (February 2012). «Massage, reflexology and other manual methods for pain management in labour». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD009290. doi:10.1002/14651858.CD009290.pub2. PMID 22336862.
  3. Pollesche J (2018). «Twilight Sleep». ASU Embryo Project Encyclopedia. ISSN 1940-5030.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. 4,0 4,1 Sandelowski M (1984). Pain, pleasure, and American childbirth: from the twilight sleep to the read method. Westport, Conn: Greenwood Press. էջեր 3–26.
  5. 5,0 5,1 Barry, Ellen (6 May 2019). «Chloroform in Childbirth? Yes, Please, the Queen Said». The New York Times. Վերցված է 15 October 2022-ին.
  6. Corretti, Carolyn; Desai, Sukumar P. (1 July 2018). «The Legacy of Eve's Curse: Religion, Childbirth Pain, and the Rise of Anesthesia in Europe: c. 1200-1800s». Journal of Anesthesia History. 4 (3): 182–190. doi:10.1016/j.janh.2018.03.009. PMID 30217391. S2CID 52275240.
  7. 7,0 7,1 Camann W (2014). «A History of Pain Relief During Childbirth». The Wondrous Story of Anesthesia. էջեր 847–858. doi:10.1007/978-1-4614-8441-7_62. ISBN 978-1-4614-8440-0.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Jones L, Othman M, Dowswell T, Alfirevic Z, Gates S, Newburn M, և այլք: (March 2012). «Pain management for women in labour: an overview of systematic reviews». The Cochrane Database of Systematic Reviews. 3 (3): CD009234. doi:10.1002/14651858.CD009234.pub2. PMC 7132546. PMID 22419342. S2CID 7358365.
  9. Smith CA, Levett KM, Collins CT, Jones L (February 2012). «Massage, reflexology and other manual methods for pain management in labour». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD009290. doi:10.1002/14651858.CD009290.pub2. PMID 22336862.
  10. 10,0 10,1 10,2 Smith CA, Levett KM, Collins CT, Armour M, Dahlen HG, Suganuma M (March 2018). «Relaxation techniques for pain management in labour». The Cochrane Database of Systematic Reviews. 2018 (3): CD009514. doi:10.1002/14651858.cd009514.pub2. PMC 6494625. PMID 29589650.
  11. Makvandi S, Latifnejad Roudsari R, Sadeghi R, Karimi L (November 2015). «Effect of birth ball on labor pain relief: A systematic review and meta-analysis». The Journal of Obstetrics and Gynaecology Research. 41 (11): 1679–1686. doi:10.1111/jog.12802. PMID 26419499. S2CID 476947.
  12. Bohren MA, Hofmeyr GJ, Sakala C, Fukuzawa RK, Cuthbert A (July 2017). «Continuous support for women during childbirth». The Cochrane Database of Systematic Reviews. 2017 (8): CD003766. doi:10.1002/14651858.CD003766.pub6. PMC 6483123. PMID 28681500.
  13. Cluett ER, Burns E, Cuthbert A (May 2018). «Immersion in water during labour and birth». The Cochrane Database of Systematic Reviews. 5 (6): CD000111. doi:10.1002/14651858.cd000111.pub4. PMC 6494420. PMID 29768662.
  14. «Immersion in Water During Labor and Delivery - ACOG». www.acog.org. Վերցված է 2019-01-25-ին.
  15. «ACOG Practice Bulletin No. 177: Obstetric Analgesia and Anesthesia». Obstetrics & Gynecology. 100 (1): 177–191. April 2017. doi:10.1097/00006250-200207000-00032. ISSN 0029-7844.
  16. «ACOG Practice Bulletin No. 177: Obstetric Analgesia and Anesthesia». Obstetrics & Gynecology. 100 (1): 177–191. April 2017. doi:10.1097/00006250-200207000-00032. ISSN 0029-7844.
  17. «Pregnancy Labor and Birth». Office on Women's Health, U.S. Department of Health and Human Services. 1 February 2017. Վերցված է 15 July 2017-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain. Կաղապար:Verify source
  18. Likis FE, Andrews JC, Collins MR, Lewis RM, Seroogy JJ, Starr SA, և այլք: (January 2014). «Nitrous oxide for the management of labor pain: a systematic review». Anesthesia and Analgesia. 118 (1): 153–167. doi:10.1213/ANE.0b013e3182a7f73c. PMID 24356165. S2CID 6307442.
  19. Likis FE, Andrews JC, Collins MR, Lewis RM, Seroogy JJ, Starr SA, և այլք: (January 2014). «Nitrous oxide for the management of labor pain: a systematic review». Anesthesia and Analgesia. 118 (1): 153–167. doi:10.1213/ANE.0b013e3182a7f73c. PMID 24356165. S2CID 6307442.
  20. Shepherd E, Grivell RM (July 2020). «Aspirin (single dose) for perineal pain in the early postpartum period». The Cochrane Database of Systematic Reviews. 2020 (7): CD012129. doi:10.1002/14651858.CD012129.pub3. PMC 7388929. PMID 32702783.